Հավերն ու խոզերը սատկում են

Հավերն ու խոզերը սատկում են
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքներում նկատված հավերի ժանտախտից հետո Մուցքում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Երկու օր առաջ գյուղում մորթված 5 խոզի միս ուղարկվել է փորձաքննության, ու հաստատվել է ժանտախտը: Գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի խոսքով, գյուղի 7 տնտեսության 22 խոզ է մորթվել: «Նկատելով, որ խոզերի մոտ թուլություն է, մորթեցինք- կերանք»,-ասում է գյուղապետը: Համայնքում ոչ մի խոզ չի սատկել:



Պարզապես հարկադիր մորթվել են: Գյուղում սպասում են անասնաբույժների խմբին: Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ  Մուցքում սատկեց 2 հազար 800 հավ: Հավերի կեղծ ժանտախտ էր: Շաղատ գյուղում բոլոր ընտանիքները համարյա տուժել են` 3 հազար հավ արդեն ոչնչացվել է: 801 բնակիչ ունեցող Վաղատինում միայն դեկտեմբերին 618 հավ ոչնչացվեց: Ըստ գյուղացիների` հիվանդությունը մի պահ կանգ էր առել, բայց հունվարին նորից գլուխ է բարձրացրել:



Միայն 800 թռչուն հունվարին սատկեց: Վերադառնալով խոզերի աֆրիկյան ժանտախտին՝ նշենք, որ օրեր առաջ Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղի բնակիչ Համլետ Հարությունյանին պատկանող  մեկ մայր խոզի անկումն օրեր առաջ անակնկալ էր: Սրան հաջորդեց 8 խոճկորների ինքնազգացողության վատացումը: Վախենալով համաճարակից` սատկած խոզին գյուղացիները թաղեցին, իսկ խոճկորներին` մորթեցին:



Այս փաստը, մեր ունեցած տեղեկություններով, անհանգստացրել է վերին խոտանանցիներին, ովքեր հարկադիր սպանդի են ենթարկում իրենց խոզերին: Սակայն անասնաբույժները հերքեցին սա` ասելով, որ մարդիկ իրենց խոզերը մորթել եւ կերել են: Ի դեպ, գյուղապետ Կարեն Հակոբյանն էլ լրագրողներին տեղեկացրել էր, որ անասնաբույժները եղել են գյուղում, փորձանմուշներ ուղարկել լաբորատոր ստուգման:



Նախօրեին, սակայն, Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Վ. Խոտանանում ոչինչ չկար, ոչ մեկն էլ լաբորատոր փորձաքննության չի ուղարկել: Խոզերի անկումն անցած տարվա դեկտեմբերին մեծ թիվ է կազմել նաեւ Արծվանիկ գյուղում։ Միայն մեկ բնակչի 35 խոզ էր սատկել: