Հաշվեհարդար Զարուհի Փոստանջյանի նկատմա՞մբ

Հաշվեհարդար Զարուհի Փոստանջյանի նկատմա՞մբ
«Նման պատվեր կարող էին շատ մարդիկ տալ, սակայն ես հակված եմ կարծել, որ եղբորս հանդեպ քրեական գործ հարուցելուն նպաստել են Վանաձորում եւ Գյումրիում իմ մասնակցությամբ վրացական համարանիշներով մեքենաների վարորդների բողոքի գործողությունները եւ մի շարք այլ հանգամանքներ: ...Ովքեր որ նախաձեռնել են այս ամենը, թող չկարծեն, որ հետ ենք նահանջելու, կաշկանդվելու ենք կամ վախենալու ենք»,-երեկ ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Երեւանի Արաբկիրի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն»: Ավելի ուշ Տիգրան Փոստանջյանը հայտարարություն տարածեց, որտեղ նշել էր, որ այս հետապնդումը քաղաքական է եւ մասնավորապես պայմանավորված է քրոջ՝ Զարուհի Փոստանջյանի ակտիվ գործունեությամբ:



Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ ուրբաթ օրը Տիգրան Փոստանջյանին անծանոթ համարից զանգահարել է մեկը եւ հայտնել, որ իրեն ստիպում են ցուցմունք տալ Տիգրանի դեմ, քանի որ ոմանք այդկերպ ցանկանում են Զարուհի Փոստանջյանի հետ հաշվեհարդար տեսնել: Տ. Փոստանջյանը հանդիպում է նշանակում զանգահարողի հետ, սակայն նշանակված ժամին այդ մարդը չի ներկայանում, եւ հենց նույն օրը դատախազության կայք-էջում, խախտելով անձի անմեղության կանխավարկածը, տեղադրվում է հանցագործության մասին  հաղորդագրությունը:



«Մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է նման դեպք պատահել: Այսինքն, ցանկացած մեկը, ով հաղորդում կտա որեւէ մեկի կողմից հանցագործություն կատարելու մասին, գլխավոր դատախազությունն արդեն իսկ, միայն այդ հաղորդման հիման վրա, իրեն իրավունք է վերապահելու հայտարարել, որ այդ անձը հանցագործ է: Մեր երկրում շատ մտահոգիչ է մարդու իրավունքների հարցը»,- նշեց փաստաբանը:



«Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ սա հաշվեհարդար է նախ Զարուհի Փոստանջյանի, ապա նաեւ «Ժառանգության» հանդեպ. «Տեղի ունեցածը մենք գնահատում ենք «Ժառանգություն» կուսակցության՝ ընդդիմության նկատմամբ իրականացվող հաշվեհարդար: Հարվածն ուղղված է Զարուհի Փոստանջյանի, իսկ ես կասեի՝ «Ժառանգություն» կուսակցության դեմ, որն այս տարիների ընթացքում, իսկ վերջին ամիսների ընթացքում առավել եւս, կանգնած է եւ զորակցում է այն քաղաքացիական խմբերին, որոնք մեր երկրում կայացնում են քաղաքացիական հասարակություն՝ իբրեւ հակակշիռ»,- հավելեց պատգամավորը:



Զարուհի Փոստանջյանը փորձել է դատախազությունից պարզել, թե երբ է հարուցվել քրգործը, սակայն նրան պատասխանել են, թե դա նախաքննական գաղտնիք է: Երեկ արդեն Հայկ Ալումյանը հայցով դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել հերքել գլխավոր դատախազության տարածած տեղեկատվությունը եւ որպես վնասի հատուցում՝ բռնագանձել գումար: Փաստաբանը նշեց, որ եթե այստեղ դատական մարմինները շարունակեն ոչ օրինական ձեւով շարժվել, ապա իրենք կգնան ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: