Ֆինանսների խնայո՞ւմ, թե՞ անարդյունավետ կառավարում

Ֆինանսների խնայո՞ւմ, թե՞ անարդյունավետ կառավարում
Նախօրեին մենք տպագրել էինք Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցների 2010 թվականին աշխատանքից ազատված 115 աշխատակիցների՝ քաղաքապետին ուղղված բաց նամակը, որտեղ նրանք իրենց մտահոգություններն էին հայտնում «Երեւանի սպորտկոմիտե» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության հետ կապված եւ քաղաքապետից խնդրում անհապաղ լուծարել ՀՈԱԿ-ը:



Հիշեցնենք, որ սպորտդպրոցների վերը նշված 115 աշխատակիցներն աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կողմից դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Խնդրի հետ կապված՝ զրուցեցինք քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի հետ:



- Ինչո՞վ է հիմնավորված բաց նամակում հիշատակված 25 մարզադպրոցների կարգավիճակի փոփոխությունը եւ «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի մեջ նրանց միավորումը, ինչո՞վ է այն նպաստելու հայկական սպորտի զարգացմանը:



- Ամբողջ 2010 թվականին վերահսկողական վարչության կողմից իրականացվեցին ուսումնասիրություններ համայնքի ենթակայությամբ սպորտդպրոցներում: Արդյունքների ամփոփման հետեւանքով որոշում կայացվեց իրականացնել ինստիտուցիոնալ այդ փոփոխությունը, ստեղծել ՀՈԱԿ եւ սպորտդպրոցները ներառել այդ ՀՈԱԿ-ում:



- Ի՞նչ արդյունքների մասին է խոսքը:



- Բավականին լուրջ խախտումներ եւ թերություններ կային եւ երեւի թե նպատակահարմարություն առաջացավ ֆինանսական հոսքերը կենտրոնացնել եւ կառավարել մի կետից: Այսինքն՝ կենտրոնացված կառավարում իրականացնել: Բավականին լուրջ խնդիրներ կային սաների թվի հետ կապված: Որոշ տեղերում սաներ կային, որ գրանցված էին, բայց չէին հաճախում եւ ներկա էին ստանում: Սան ենք հայտնաբերել, որ ծառայում էր հայոց բանակում, բայց դպրոցում ներկա էր ստանում, եւ նման շատ այլ խախտումներ: Ուսումնասիրությունների հետեւանքով տեղի ունեցավ կադրերի օպտիմալացում: Կային բավականին հաստիքներ, որոնք սպորտին ոչ մի օգուտ չէին բերում:



Որպես օրինակ՝ Շենգավիթի չմշկասահքի դպրոցում հայտնաբերեցինք մի քանի տարի աշխատող ռադիստի հաստիք, նկարչի հաստիք: Ընդ որում՝ այդ մարզադպրոցում բացարձակապես սառույց չկա, եւ դրա փոխարեն կա մի ավազաբլուր, որն ուներ իր «սպասարկողները»՝ սառույց հարթեցնողներ, մեքենայական բաժնի ղեկավար, այն դեպքում, որ այդտեղ սառույց արտադրող մեքենա բացարձակապես չկա: Ռադիստ կար, որ իբր պետք է հայտարարեր, թե ով է մտնում դաշտ, եւ նման մի շարք այլ հաստիքներ: Արդյո՞ք մենք այդքան հարուստ ենք:



- Ավելի նպատակահարմար չէ՞ր հաստիքներն օպտիմալացնելու փոխարեն պարզապես վերանորոգել այդ դպրոցները եւ հնարավորություն տալ նրանց շարունակել աշխատանքը:



- Կոնկրետ սառցադաշտի մասով կարող եմ ասել, որ դրանք մեկ օրվա լուծելի խնդիրներ չէին: Այդտեղ լուրջ կապիտալ ներդրումներ են պահանջվում, եւ այդ կապիտալ ներդրման աղբյուրներ մենք ոնց որ թե այդ ժամանակ չունեինք: Եվ եթե նույնիսկ հարկադիր պարապուրդ էլ ձեւակերպեինք, ապա դա պարզապես ֆինանսական կորուստ կստացվեր: Մենք փորձում ենք ֆինանսները շատ օբյեկտիվ եւ արդյունավետ կառավարել: Եվ ինչ էլ որ անում ենք, անում ենք սպորտի զարգացման համար:



- Այսինքն կարելի է ենթադրել, որ պետությունն այդ ձեւով խնայո՞ւմ է իր ֆինանսները:



- Դա ոչ թե ֆինանսների խնայման մասին է խոսում, այլ անարդյունավետ կառավարման: Ի՞նչ իմաստ ունի պահել 4 հանդերձապահ, երբ դպրոցում ընդամենը մի քանի սան կա, կամ ունենալ սառույց հարթեցնողի հաստիք, երբ դպրոցում սառույց չկա: Այդ ֆինանսները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել՝ ի օգուտ սպորտդպրոցների:



- Իսկ ի՞նչ է լինելու այդքան մարդու հետ: Ստացվում է, որ եւս 115 հոգի համալրեցին գործազուրկների շարքերը:



- Ասեմ, որ կրճատվածներից 28 հոգին թոշակառու էր, 40 հոգին՝ համատեղողներ, ովքեր ունեցել են հիմնական աշխատանքի վայր: Մնացյալը եղել են հանդերձապահներ, պահակներ, որքան էլ տարօրինակ է՝ մառանապետի եւ այգեպանի հաստիքներ էլ կային: Ինչպես նաեւ որոշակի քանակությամբ բժիշկներ եւ հաշվապահներ: Բժիշկների եւ հաշվապահների մասը երեւի թե մենք վերանայենք: Հնարավոր է որոշակի քանակությամբ հաստիքներ հետ հավաքագրվեն, սակայն պրոցեսը շարունակական է, եւ թե ինչ կստացվի վերջում, ես դժվարանում եմ ասել: Բժիշկների թիվը կրճատվեց, որովհետեւ պետք է ստեղծվեր առանձին կառուցվածքային միավորում՝ դիսպանսեր, եւ բժիշկների հաստիքները պետք է նախատեսվեին այդ կառուցվածքի շրջանակներում: Սակայն այդտեղ հիմնականում բարձր որակ ունեցող բժիշկներ պետք է հավաքագրվեին: Սպորտային բժշկությունը մի քիչ առանձին ճյուղ է:



- Պարոն Սիմոնյան, նամակում նշված է նաեւ, որ վախի մթնոլորտ է ձեւավորվել քաղաքապետարանում: Ինչո՞ւ է այդպիսի պատկերացում ստեղծվել մարդկանց մոտ:



- Ես չեմ կարծում, որ վախի մթնոլորտ է ստեղծվել, բայց չեմ էլ բացառում, որ առանձին մարդիկ պատճառ ունեն վախենալու՝ կապված իրենց կողմից արված խախտումների հետ: