Հովանոցի հարցը հասավ Եվրոպա

Հովանոցի հարցը հասավ Եվրոպա
Կիրակի օրը ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա, ովքեր փորձել են հովանոց տեղադրել Ազատության հրապարակում, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանն անձրեւից չթրջվի:



Սակայն մեր քաջարի ոստիկանները հերոսաբար դիմադրել են այդ «անօրինական» քայլին: Մի հովանոցի պատմությունը հասել է մինչեւ Եվրոպա եւ անգամ նորաթուխ օմբուդսմենի կողմից դատապարտվել: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Ստեփան Սաֆարյանը, այդ միջադեպի մասին արդեն տեղեկացվել են Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գործող հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները: Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է. «Անձի կողմից մեկ վրանի տեղադրումը, որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանն ուղեկցող գործողություն, ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»: «Ժառանգությունը» հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել ՀՀ ոստիկանություն, գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն:



Ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչն էլ հաղորդումից ժամեր անց պատվիրակություն է ուղարկել պատգամավորի մոտ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընդունել «Ժառանգության» ներկայացուցիչներին: Մինչ այդ «Ժառանգության» առաջնորդի «ծոմ ազատությանը» զորակցելու են գնացել, ըստ կուսակիցների, մոտ 200 հայտնի դեմքեր, որոնց թվում՝ նաեւ իշխանության ներկայացուցիչներ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքան է տեւելու ծոմը. «Աստված գիտի, ես շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի իմ առողջությունը ներում է, եւ որքան Աստված ինձ կամք տա: Եկել են բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, ովքեր մտահոգություն են արտահայտել իմ առողջության նկատմամբ, առաջարկում են ելքեր, ես այդ ելքի հնարավորությունները շատ սրտամոտ եմ ընդունում, բայց ինձ համար դրանք այժմեական չեն, եւ ես պիտի շարունակեմ՝ որքան հնարավոր է»:



Խոսակցություններ կան, թե նա պատրաստվում է մինչեւ ՀԱԿ ապրիլի 8-ի հանրահավաքը շարունակել հացադուլը: Այս մասին ասաց. «Ոչ, ոչ, նման բան չկա, ես որ մտա որպես քաղաքացի ինձ եւ քեզ պատկանող այս հրապարակը, ես ժամկետ չեմ հայտարարել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքին, որ հրապարակում չմոտեցավ Հովհաննիսյանին, ասաց. «Մոտենալու-չմոտենալու խնդիրը շատ է արծարծված, ինձ համար էական հարց չէ, ցավ է, որ այդ օրը իմ համար շատ կարեւոր սկիզբ, որը՝ կտեսնենք շարունակություն կունենա, թե չէ, հուսով եմ՝ այո, կարող էր շատ ավելի մեծ առանցք լինել ապագա զարգացումների համար»: Մարտի 17-ին հրապարակում «Ժառանգությունը» «միացում» էր բացականչում, ի՞նչ էին նշանակում այդ կոչերը, արդյո՞ք ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միավորմանն էին ուղղված. «Դա «Ժառանգության» հարցը չէր, միացումը դա ժողովրդին էր վերաբերում, ժողովուրդը պիտի իր բանաձեւերն առաջարկի ու պարտադրի քաղաքական ուժերին, որ առանձին-առանձին, մի հրապարակում հատված-հատված շարունակել չի կարելի, նույնիսկ հիմա, որ բաց է հրապարակը, մեկը Սարյանում է հավաքվում, մնացածը՝ այստեղ, խիստ արհեստական ու հատվածական է: Եվ եթե ամեն մեկն ուզում է խոսքն իրականության վերածել, մենք ձեւ պետք է գտնենք առաջիկա ամիսների ընթացքում, որ քաղաքական պայքարը նպատակասլաց դարձնենք»:



ՀԳ - Նշենք, որ այսօր բավականին թեժ է լինելու Ազատության հրապարակի քաղաքական մթնոլորտը: «Ժառանգությունը» լռության ակցիա է հայտարարել, իսկ պատգամավորները հենց հրապարակում՝ ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարություններով են հանդես գալու: