Ժամանակակից տնտեսագիտական արմատական բառարան

Ժամանակակից տնտեսագիտական արմատական բառարան
«Նաղդ» - Բան, որը գոյություն ունի կամ կունենա շատ իրատեսական վիճակով եւ դրանով իսկ բավական շահեկան է այն կողմի համար, ում մոտ այն գտնվում է կամ կգտնվի:



Դեռ ուրարտական ժամանակներից  է հայտնի «նաղդը թողած՝ նիսիայի  հետեւից ես ընկել» խորիմաստ արտահայտությունը, ինչը վկայում է մեր ազգի` նաղդի հանդեպ ունեցած դարավոր վերաբերմունքի մասին («նիսիա» բառի բացատրությունը տես ստորեւ): «Նաղդ»-ի առավել ցայտուն բացատրություն կարող է լինել Իլֆի եւ Պետրովի անմահ ստեղծագործությունից բերված երկխոսությունը.



-              Вечером деньги - утром стулья, утром деньги - вечером стулья.



-              А можно наоборот - вечером стулья, а деньги утром?



-              Можно, но деньги вперед!!........



 



«Նաղդ»-ից է գալիս նաեւ «նաղդելը», ասել է թե` մի որեւէ բան թեկուզ մի քիչ զոռով սաղացնելը, վաճառելը, համոզելը, մի խոսքով` իրացնելը եւ իրական արդյունք ստանալը:



«Նիսիա» - Վերը նշված «նաղդ»-ի հականիշն է, այսինքն մի բան, երեւույթ, որն իրական չէ, կամ հույս էլ չկա, որ տեսանելի ապագայում իրական կլինի, ինչպես, օրինակ, ոմանց համար աշխատավարձը, եկամուտները, բիզնեսը, բարեկամների` վիզա ուղարկել-արտասահման կանչելը եւ այլ ժամանակակից նյութական ու հոգեւոր կատեգորիաներ: «Նիսիայի» ամենավառ նյութական օրինակ կարող է լինել որոշ խանութներում թուրքական ծագում ունեցող աշակերտական տետրերում մարդկանց այն ցուցակը, որոնք տվյալ խանութից առեւտուր անում են առանց կանխիկ վճարման, այսինքն` «նիսիայով»: Նման արտոնյալ առեւտրի պատճառաբանումներն են, օրինակ` «մարդս էս ամառ Ռուսաստանից գալու ա, հենց եկավ` կտամ» եւ այլն: «Նիսիա» առեւտուրն իր դրսեւորումներով առկա է նաեւ միջպետական հարաբերություններում` իր բոլոր տրամաբանական հետեւանքներով: Օրինակ, երբ Հայաստանը Ռուսաստանից «նիսիայով» գազ է ստանում, արդյունքում մեր հյուսիսային ու հզոր բարեկամը դրա դիմաց ինչ-որ բաներ է ձեռնարկում, եւ ստացվում է «Գույք պարտքի դիմաց» մշուշոտ գործարքը: