Բրիտանացիները Արցախում

Բրիտանացիները Արցախում
Ապրիլի 20-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նույն օրը կարճատեւ այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը եւ պատվիրակության քարտուղարներ Էնթնի Աբաջյանն ու Օդեթ Բազիլը։



Հանդիպման ժամանակ բարոնուհի Քոքսը հայտնել է, որ կարեւորում է իր խորհրդարանական գործընկերների առաջին այցը, «որոնց համար բավական հետաքրքիր է մոտիկից ճանաչել Լեռնային Ղարաբաղը, անմիջապես տեղում ծանոթանալ Ղարաբաղի անցած ուղուն եւ տեղեկանալ հակամարտության կարգավորման ներկա զարգացումների մասին»։



Իսկ բարոնուհի Շրիլա Ֆլավերը նշել է, որ շատ է լսել Լեռնային Ղարաբաղի անունը, մանավանդ լեդի Քոքսից, եւ անչափ ուրախ է, որ վերջապես Ղարաբաղում է ու կարող է ծանոթանալ Ղարաբաղի ժողովրդի կյանքին։ Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Ջոն Վայթինգդեյլի խոսքով՝ ինքը մշտապես հետաքրքրվում է հետխորհրդային տարածքի հանրապետությունների կյանքով, մասնավորապես վերջերս այդ նպատակով այցելել է Վրաստան, ապա՝ Հայաստան։



Այժմ գոհ է, որ հասցրել է լինել նաեւ Լեռնային Ղարաբաղում, հնարավորություն ունենալով տեղում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է Արցախի անցած 20-ամյա ուղին։ Բրիտանացի խորհրդարանականներին ընդունել է նաեւ Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, կարեւորել երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը եւ երախտագիտություն հայտնել «Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար»:



Արեգ Վարդանյան



Ստեփանակերտ