Թուրքիան գրաքննության է ենթարկելու համացանցը

Թուրքիան գրաքննության է ենթարկելու համացանցը
Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների վարչությունն այս տարի հայտարարել էր, որ համացանցային ֆիլտրեր է ներմուծում, եւ օգոստոսի 22-ից սկսած՝ համացանցից օգտվողները Թուրքիայում պետք է բաժանորդագրվեն չորս ֆիլտրերից որեւէ մեկին` նախատեսված երեխաների կամ ընտանիքի համար, կենցաղային եւ ստանդարտ: Երկրի ղեկավարությունը պնդում է, որ ֆիլտրումը կատարվելու է բնակիչներին համացանցի վնասակար ազդեցություններից պահպանելու համար:



Օրինակ են բերվել պոռնոկայքերը, որոնք, սակայն, մինչեւ ֆիլտրերի մասին հայտարարությունն արդեն արգելված են եղել: Այս հայտարարության կապակցությամբ հաքերների մի խումբ՝ «Անոնիմ» անվանումով, «Յութուբում» հոլովակ է տեղադրել, որում սպառնացել է Թուրքիայի կառավարությանը, որ շարքից կհանի նրա կայքերը:



«Անոնիմը» մինչ այս պատասխանատվություն է ստանձնել «MasterCard», «Visa», «PayPal» համակարգերի կայքերի աշխատանքը խափանելու համար, երբ վերջիններս ամերիկյան կառավարության ճնշման ներքո դադարել են սպասարկել «Wikileaks» տեղեկատվական կայքին: «Անոնիմի» հաղորդագրության մեջ ասվում է. «Ֆիլտրերի տեղադրումը հնարավորություն կտա կառավարությանը պահպանել եւ ունենալ այն ամենը, ինչ մարդիկ փոխանցում են միմյանց համացանցի միջոցով: Թեեւ դեռ անորոշ է, թե ինչու եւ ինչպես են ֆիլտրերը տեղադրվելու, ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությունը գրաքննությունը տեղափոխում է հաջորդ մակարդակ»:



Խմբակցությունը մեղադրում է Թուրքիայի կառավարությանը ֆիլտրերի տեղադրման դեմ Թուրքիայի փողոցներում անցկացվող  զանգվածային բողոքի ակցիաներն արհամարհելու մեջ եւ սպառնում է նրան «Օպերացիա ընդդեմ Թուրքիայի» գործողությամբ: Համացանցից օգտվող երիտասարդ թուրքերը «Թվիթերում» գրել են, որ ուրախ են, որ «Անոնիմն» օգնում է իրենց, եւ որ իրենք մենակ չեն:



Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ենթադրվում է, որ պիտի հաղթի հաջորդ կիրակի կայանալիք ազգային ընտրություններում, բայց ֆիլտրերի հետ կապված բարձրացած աղմուկը մեծապես վնասել է նրա հեղինակությանը: Այնուամենայնիվ, ՏՀՏՎ ներկայացուցիչն «Անոնիմի» վերաբերյալ ասել է, որ չի լսել նման խմբավորման մասին, որ պոռնոկայքերը փակվել են թուրքական օրենքի թելադրանքով, եւ որ չորրորդ` ստանդարտ տեսակը ֆիլտր չէ եւ ունի այսօրվա համացանցի բոլոր հնարավորությունները:



Աստղիկ Սարգսյան