Վանաձորում գողանում են կայանված մեքենաներն ու թալանում

Վանաձորում գողանում են կայանված մեքենաներն ու թալանում
Արդեն մեկ շաբաթ է՝ Վանաձորում խոսում են, թե բակերից մեքենաներ են գողանում, որոնց մի մասը հետո հայտնաբերվում է թալանված վիճակում: Դրանց մասին բնակչությանը զգուշացնում են անգամ տեղական հեռուստաընկերություններով:  Թալանված մեքենաների թիվը, ասում են, անցնում է 5-ից:  Սակայն Լոռու մարզի քննչական վարչությունից տեղեկացանք միայն երկու դեպքի մասին՝ հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ինքնությունը չպարզված անձը հափշտակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Արզումանյանին պատկանող 1 մլն դրամ  արժողությամբ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:



Լոռու մարզի քննչական վարչության ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը նշեց, որ դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 137 հոդվածի հատկանիշներով: Իսկ դեպքից շուրջ 5 օր անց` հունիսի 19-ին, վերոհիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Սպիտակ-Երեւան ավտոմայրուղու 8-րդ կմ-ում գտնվող նախկին «Ծաղկունք» ճաշարանի կիսաքանդ շինության ետեւում:



Մեքենայի զննությունից պարզվել է, որ բացակայում են գազի բալոնը, մարտկոցը եւ գազի կարգավորիչը: Նախաքննություն է գնում, նշանակվել են դատամատնադրոշմային եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նշված գողությունից մեկ օր անց՝ հունիսի 15-ին, ժամը 12:00-ի սահմաններում կրկին անհայտ անձը գողացել է Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 49 շենքի բակում կայանված «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊ ընկերությանը պատկանող 2 մլն 262 հազար դրամ արժողությամբ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել են հիշյալ ընկերությանը պատկանող՝ մոտ 300 հազար դրամ արժողությամբ կոսմետիկ պարագաներ:



Քննիչ Արթուր Դավթյանը նշեց, որ  դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 137 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գողություն): Դեպքից մեկ օր անց հիշյալ  ավտոմեքենան հայտնաբերվել է Վանաձորի Լանջյան 62 հասցեում գտնվող տան դիմաց: Ի տարբերություն նախորդ դեպքի, այս անգամ գողերը ձեռք չեն տվել ինչպես մեքենային, այնպես էլ կոսմետիկ պարագաներին: