Բոլոր որոշումները միայն Մկրտումյանի «դաբրոյով»

Բոլոր որոշումները միայն Մկրտումյանի «դաբրոյով»
«Մեր կարծիքով՝ դատավորը պատժվում է նրա համար, որ վճռաբեկ դատարանից թույլտվություն չի ստացել անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ գրավը թույլատրելի ճանաչելու համար»,- երեկ վճռաբեկ դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: Մի քանի տասնյակ փաստաբաններ իրենց բողոքն էին արտահայտում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ  Արդարադատության խորհրդի կայացրած որոշման դեմ:



Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը որոշել է միջնորդությամբ դիմել Սերժ Սարգսյանին՝ դադարեցնելու Մնացականյանի լիազորությունները, քանի որ նա մի քրեական գործի շրջանակներում Ալբերտ Խաչատրյանի կալանքը փոխարինել է գրավով եւ չի պատճառաբանել այդ ակտը:



Սերժ Սարգսյանը միջնորդությանը դեռ չի արձագանքել: Լուսինե Սահակյանն ասում է, որ դատական ակտը չպատճառաբանելը նորություն չէ մեր դատական պրակտիկայում: «Մինչ օրս ոչ ոք դատական ակտը չպատճառաբանելու համար պատասխանատվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում անձի իրավունքներն ըստ էության պաշտպանվել են, նա ազատությունից չի զրկվել: Սամվել Մնացականյանը ղեկավարվել է օրենքով եւ չի ենթարկվել վճռաբեկ դատարանի կամքին, ուստիեւ դրա համար պատժվում է: Սա մեզ համար անթույլատրելի է, եւ գտնում ենք, որ պետք է դադարեցվի նման գործելաոճը»,-նկատեց Լ. Սահակյանը:



Փաստաբանի խոսքով՝ այսօր դատարանները, այլընտրանքային պատիժներ կիրառելու փոխարեն, համատարած կալանքի որոշումներ են կայացնում, ինչի արդյունքում մեկուսարանները գերբնակեցված են: Լուսինե Սահակյանի կարծիքով՝ ԱԽ այս որոշումը կբերի նրան, որ այսուհետ դատավորները կաշկանդված կլինեն կալանքի այլընտրանքային միջոցներ կիրառելու մեջ, ինչը հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային:



Ակցիայի նախաձեռնող Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը եւս նկատեց, որ ամեն օր տասնյակներով չպատճառաբանված որոշումներ են կայացվում դատավորների կողմից, եւ փաստաբաններին խորհուրդ տվեց այդ որոշումները տանել պալատ, որպեսզի դրանք ներկայացնեն ԱԽ-ին եւ հորդորեն Սամվել Մնացականյանի օրինակով կարգապահական պատժամիջոցներ կիրառել նաեւ մյուս դատավորների նկատմամբ՝ «սկսած Մկրտումյան Արմանից, վերջացրած պալատի անդամներով»,- ասաց նա՝ ներկայացնելով գրություն, որով պահանջում են կարգապահական վարույթ հարուցել վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի մի քանի անդամների նկատմամբ:



Ինչ վերաբերում է Սամվել Մնացականյանի գործին, ապա Փաստաբանների պալատի նախագահը նկատեց. «Տեսեք, որոշումը չպատճառաբանելու համար նա չի պատժվում, իսկ խափանման միջոց գրավ կիրառելը դատապարտվում է վճռաբեկ դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի եւ մյուս անդամների կողմից»: Այս հանգամանքը կրկին խոսում է այն մասին, որ դատավորը պատժվել է ընդամենը Մկրտումյանի քմահաճույքներին դեմ գնալու համար:



«Ինչ սխալ կա համակարգում՝ վճռաբեկ դատարանի նախագահի տակ է: Նա է մեղավոր: Եթե նա չի կանխում խախտումները, եւ դրանք ձնագնդիի պես մեծանում են, ապա մեղավորն ինքն է»,- հայտարարեց Սահակյանը՝ ավելացնելով, որ դատավորները եւ դատարանի նախագահներն իրավունք չունեն յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ մտնել վճռաբեկ դատարանի շենք: Փաստաբանների պալատի նախագահի խոսքը դեռ բերանում էր, երբ վճռաբեկի շենք մտավ դատարաններից մեկի նախագահը: «Այսօր դատավորներն ինչո՞ւ են մտնում վճռաբեկ դատարանի շենք: Դատարանի նախագահն ինչո՞ւ մտավ այս շենք, ի՞նչն է նրան բերել այստեղ»,- զարմացած հարցրեց Ռուբեն Սահակյանը: Հավանաբար եկել էր հերթական «դաբրոն» ստանալու:



ՀԳ - Քրեական գործը, որով դատավոր Մնացականյանը կալանքի սանկցիա էր կիրառել, արդեն կարճվել է, եւ պարզվել է, որ Ալբերտ Խաչատրյանն անմեղ է ու զուր տեղն է մեկ ամիս կալանավորված եղել: