Մազմանյանի նոր աշխատաոճը

Մազմանյանի նոր աշխատաոճը
Մի քանի ամիս առաջ Թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրված Արմեն Մազմանյանն արդեն նոր աշխատաոճ է որդեգրել. որոշել է լրագրողների հետ շփվել միայն գրավոր տարբերակով, բացառելով ուղիղ շփման որեւէ հնարավորություն: Նա իր այդ որոշումը պատճառաբանեց որպես մի նոր գործելակերպ, որն ուզում է ներդնել Թատերականում: Մազմանյանը կարծում է, որ իր այդ նոր «կարգուկանոնին» կենթարկվեն բոլոր լրատվամիջոցները:



Այդ մասին մեզ տեղեկացրեց հենց ինքը` հարցազրույցից հրաժարվելու փաստը պատճառաբանելով վերը նշված գործելակերպով: Սակայն սա թերեւս միայն տպագիր ԶԼՄ-ներին է վերաբերում՝ Մազմանյանին կարելի է պարբերաբար տեսնել այս կամ այն հեռուստաընկերության եթերում, որտեղ նրա հասցեին հարց-ձոներգեր են հնչեցնում: Կնշանակի՝ սա միջոց է տհաճ հարցերից պաշտպանվելու համար:



Պարզվում է՝ Մազմանյանն այս գործելակերպն է կիրառում նաեւ Թատերականի ուսանողների հետ շփումներում` օգտվելով մանկավարժական հնարքներից ու անգամ դիմելով խաղ-մրցույթների օգնությանը:



Մասնավորապես դասերից ուշանալն արմատախիլ անելու եւ ժամանակին եկողներին խրախուսելու համար նա ամսվա մեջ մեկ օր ամենաառաջինը ինստիտուտ ոտք դնողին նվիրում է «փլեեր»՝ ձայնարկիչ, իսկ ամենաուշացած ուսանողին՝ ժամացույց, որ այլեւս չուշանա:



Ինչպես նշեցին ուսանողները, «ակցիան» մեկ անգամ արդեն կայացել է, հիմա սպասում են հաջորդին, փորձելով կռահել մյուս ամսվա մրցանակային ֆոնդը: