Բրիտանական հարցաթերթերում կփոխեն ծնողների տողը

Բրիտանական հարցաթերթերում կփոխեն ծնողների տողը
Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հանել «հայր» եւ «մայր» բառերը անձնագրի ստացման համար լրացվող հարցաթերթերից: Պատճառն այն է, որ այդ տողը խնդիրներ է առաջացնում միասեռ զույգերի համար: Համասեռականների իրավունքների պաշտպանների ճնշման տակ «հայր» եւ «մայր» բառերը կփոխարինեն «ծնող 1» եւ «ծնող 2» բառերով, գրում է Daily Mail-ը:



Այսպիսի որոշումը բրիտանական հասարակության մեջ ոչ միանշանակ արձագանք է ունեցել: Ավանդական հարաբերությունների կողմնակիցները կարծում են, որ «հայր» եւ «մայր» բառերի փոխարինումը այլ եզրերով խաթարում է ընտանեկան արժեքները: Անձնագրային ծառայության ներկայացուցիչներն, իրենց հերթին, վստահ են, որ հարցաթերթում պետք է լինի ծնողների կարգավիճակ ունեցող հոմոսեքսուալիստ ամուսիններին նշելու հնարավություն, քանի որ առանց դրա տեղեկատվությունը հավաստի չի լինի:



Մեծ Բրիտանիայում երեխա որդեգրած միասեռ միության կողմերը պաշտոնապես նրա ծնողներն են համարվում: Սոցիոլոգների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հոմոսեքսուալները կազմում են բնակչության 10%-ը: Բրիտանական Ազգային վիճակագրության վարչության տվյալներով, սակայն, այս տվյալները խիստ չափազանցված են, եւ հոմոսեքսուալների եւ բիսեքսուալների թիվը չի գերազանցում 1,5%: Ցանկացած դեպքում, փոփոխությունը հարցաթերթերում կսկսի գործել արդեն մինչեւ այս տարվա դեկտեմբեր: