Գյումրեցու հետ փողով չես խոսի

Գյումրեցու հետ փողով չես խոսի
2 ամիս առաջ նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, «Պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով» դատի էր տվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, պահանջելով 2 մլն 200 հազար դրամ, պատճառը  2011թ. հունիսին «Ասպարեզի» կայքում հրապարակված մի քանի հոդվածներ էին:



«Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի» դատական գործը շարունակվում է: Ինչպես տեղեկացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, դեռեւս 2 նախնական նիստ է եղել ու դեռ մեկն էլ է լինելու, որի ժամանակ էլ ճշտվելու է նյութերի վերջնական ցանկը, որից հետո նոր միայն հիմնական նիստ է նշանակվելու. «2-րդ նիստի ընթացքում մեր ներկայացրած հայցի պատասխանի դրվագների հետ կապված՝ պարզում էինք, թե հայցվոր կողմը որ հատվածներն է համարում ապացուցման արժանի եւ որ հատվածներն է գտնում, որ ապացուցելու կարիք չկա»:



Դատարանը որոշ հանգամանքների ապացուցման բեռը դրել է պատասխանող կողմի վրա, ինչը պիտի վերջիններս ապացուցեն հիմնական նիստի ժամանակ: «Վկաների միջնորդություն էինք արել, հրավիրել դատարան 5 վկաների՝ որոշ հանգամանքներ  ապացուցելու համար: Դատարանը, տեսնելով, որ հայցվոր կողմը մի շարք դեպքերում ընդունում է մեր փաստարկները, որոշեց, որ, զորօրինակ, մշակույթի նախարարին հրավիրելու կարիք չկա»,- նշեց Բարսեղյանն ու պատմեց, որ 2-րդ դատական նիստին ներկա է եղել նաեւ Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը, որի պահվածքի մեջ Լեւոն Բարսեղյանն առանձնակի թշնամանք չի նկատել:



Ինչ վերաբերում է այն փաստին, որ Արման Ավետիսյանն իր ուղարկած տեքստը, որը տեղադրվել էր «Ասպարեզի» կայքում, հերքման տեքստ չէր ընդունել, ապա Լեւոն Բարսեղյանն այս առիթով նշեց, որ նիստի ժամանակ այդ թեմայով զրուցել են Արման Ավետիսյանի հետ, ինչի արդյունքում ինքն էլ է նույն տպավորությունն ստացել, սակայն.



«Ես հիմա ապացուցման պարտավորություն ունեմ, որ ինքը դա ինձ ասել է՝ տպագրեք որպես հերքում կամ պատասխան, ես մեր պատասխանի մեջ ներկայացրել էի մեր խոսակցության սղագրությունը: Մենք բուն քննության ժամանակ պիտի ապացուցենք, որ նա համաձայնել է, որ դա որպես պատասխան կամ հերքում տեղադրել մեր վեբ կայքում, կապացուցենք՝ կապացուցենք, չենք ապացուցի՝ չէ»: Մեր այն դիտարկմանը՝ եթե ապացուցվի այդ հանգամանքը, ապա, ըստ էության, հետագա դատական նիստի շարունակությունն այլեւս անիմաստ չի՞ լինի, Բարսեղյանը համաձայնեց, հավելելով, որ դա շատ կարեւոր պահ է, եւ հայցվոր կողմը պետք է կշռադատի ու որոշի՝ դրանից հետո արժե՞ դատը շարունակել, թե՞ ոչ:



«Ես գտնում եմ, որ հայցն անհիմն է, եւ այստեղ խնդիրը փողը չէ, փողով մեզ հետ խոսել չի կարելի, գյումրեցիք դա ապացուցել են վաղուց»,-  խոսքը եզրափակեց Լեւոն Բարսեղյանը: