Հացի օր

Հացի օր
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ամբողջ աշխարհը նշում է Պարենի համաշխարհային օրը: Կան երկրներ, որտեղ վաղուց մոռացել են սովի ու սովյալների մասին եւ, ընդհակառակը՝ ակտիվորեն պայքարում են ճարպակալման դեմ, խոսում են առողջ, էկոլոգիական մաքուր մթերքներից, գենետիկորեն չմոդիֆիկացված սննդից, ընդհանրապես սննդի՝ մեր առողջության վրա ունեցած ազդեցությունից: Մինչդեռ Հայաստանը համարվում է աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ դեռ ծայրահեղ աղքատության մեջ ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ,  կան անգամ թերսնվողներ՝ մարդիկ, որոնք չեն կարողանում լուծել հանապազօրյա հացի խնդիրը: Եվ այս խնդիրները լուծելու համար միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ հումանիտար ծրագրեր, որոնց շրջանակներում սնունդ է բաժանվում, հատկապես դպրոցներում կրտսեր դասարանների աշակերտներին, քանի որ, ըստ կուշտ եվրոպացիների կատարած գիտական ուսումնասիրությունների, սովը խանգարում է ուսմանը, սոված դպրոցականը չի կարողանում կենտրոնանալ կրթության վրա: Եվ այդ ծրագրերի գոյությունը մեզանում համարվում է մեծագույն հաջողություն: Իսկ դրանք իրականացնողները՝ բարերարներ: Բայց Պարենի համաշխարհային օրը գուցե մեր իշխանությունները եւ այն մարդիկ, որոնք իրենց համարում են Հայաստան երկրի տերերը եւ ամեն օր խոսում են հայրենասիրությունից, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, անկախությունից, պետությունից, համաշխարհային ազգից, նրա առաքելությունից եւ էլի նման բարդ-բարդ բաներից, մտածեն նաեւ նրանց մասին, որոնց համար գիշերը կուշտ փորով անկողին մտնելն արդեն իսկ մեծագույն երջանկություն է: Իսկ այդ նպատակին հասնելը՝ անլուծելի խնդիր: Թեեւ անշուշտ միամտություն է կարծել, որ կուշտը սովածին երբեւէ կհասկանա եւ կկարեկցի: