Ալավերդին ձեր մոտ

Ալավերդին ձեր մոտ
Ալավերդուց եկած զրուցակիցս երկար ու ցավով պատմում է իր հայրենի քաղաքի մասին: Մեր քաղաքից ոչինչ չի մնացել, ասում է նա, առաջվա խաղաղ ու ապահով Ալավերդին դարձել է անտեր ու անապահով բնակավայր: Մարդիկ խեղճ են, սոված: Աշխատատեղ չկա, եղածն էլ «Մանես-Վալեքսն» է՝ լեռնամետալուրգիական կոմբինատը, որտեղ լավ զգում են միայն տնօրինության բարեկամներն ու մոտիկները, որոնց աշխատավարձն էլ է տարբերվում մյուսների ստացածից: Իսկ բանվորների մեծ մասը գրոշներ է ստանում եւ ճորտի պես բանում: Արհմիություն էլ չկա՝ ժամանակին կար, պայքարեցին, կոմբինատից ազատեցին ակտիվիստներին, ու հարցը փակվեց: Քաղաքում էկոլոգիական վիճակն այնքան վատ է, որ հիվանդությունների, հատկապես քաղցկեղի քանակը խիստ ավելացել է: Անոմալիկ ծնունդները, արտագաղթը, կրոնական հոսանքները սովորական բան են դարձել: Մարդիկ կորցրել են հավատը՝ կամ թմրամոլության են դիմում, կամ սեկտաներ են մտնում: Տղամարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, բայց անգամ փող չեն ուղարկում, եւ արդյունքում ոչ միայն կիսատ մնացած ընտանիքներ են, այլեւ անհայր երեխաներ: Ավելի սոսկալի բաներ էլ են պատմում. առանց ամուսին մնացած կանայք պարբերաբար գնում են սահմանամերձ տարածքներում գործող օբյեկտներ՝ «փող աշխատելու»: Մի մասսա էլ գնում է Մառնեուլի շրջան՝ արյուն հանձնում, որ ընտանիք պահի: Պարզվում է՝ այնտեղ արյան դիմաց բավական բարձր են վճարում: Գողականները, ոստիկաններն են քաղաքում եղանակ ստեղծում: Սրան եթե գումարենք Թեղուտի նախագիծը, կոմբինատի «պոչերն» ու մանկապղծության հայտնի պատմությունները, տխուր պատկեր կառաջանա: Հավանաբար մեր քաղաքների մեծ մասի բնակիչները կմիանան այս պատմությանը եւ նման կամ գուցե ավելի սեւ գույներով կներկայացնեն իրենց կյանքը: