Դժգոհում են ուսանողները

Դժգոհում են ուսանողները
«Հայաստանում երկու բան կոնկրետ անիմաստ է անցկացվում՝ ընտրություններն ու քննությունները,  դրանցից բան չի փոխվում ըստ էության, իզուր միայն փող ու ժամանակ ես ծախսում, մեկ էլ՝ ներվ»,- գրել է ուսանող Լեւոնը: Բուհերում քննություններ են, եւ այս օրերին «Facebook» սոցիալական ցանցում դրանց վերաբերյալ գրառումներն անպակաս են: Ուսանողներից շատերը պարզապես դժգոհում են, որ Նոր տարվա կերուխումից հետո դժվար է 5-6 քննություն հանձնել 20 օրվա ընթացքում: «Ամբողջ տարին չես կարդում ու վերջում ուզում ես 20 ստանալ, պարզ է, որ պիտի օրուգիշեր գիրք կամ ինտերնետ կրծես, որ բարձր ստանաս»,- ուսանողների առօրյան է նկարագրել Իվետան:



«Մեկ-մեկ այնպիսի տպավորություն եմ ստանում, ասես դասախոսները սադիստ են, ամբողջ տարին երեւի չարություն են կուտակում, որ գան՝ վերջին մեկ-երկու օրում երեխեքի քթերից բերեն: Ես չեմ հասկանում` ձեր միսիան մեզ կրթե՞լն է, թե՞ պատժելը»,- դասախոսներին հարց է ուղղել Մարիամը: Ուսանողներից մեկն էլ նշել է, որ ծույլերը չեն սիրում օբյեկտիվ ու արդար դասախոսներին, իսկ գերազանցիկները` չափից ավելի զիջողներին: «Ես հասկանում եմ, որ մարդ կա՝ երազում է «3» ստանալու մասին. թող դնեն էդ «3»-ը, բայց «4» կամ «5» պիտի ստանան միայն առարկան տիրապետող ուսանողները:



Դասախոսներից շատերը չեն հասկանում, որ մեր միջեւ մրցակցություն է, չի կարելի եւ իսկապես սովորած ուսանողին «5» դնել, եւ չսովորած»,- իր դժգոհությունն է հայտնել Արմանը: «Մեր կրթական համակարգը շատ կեղծ է ու իրականում քիչ բան է տալիս, դրա համար էլ հետո բողոքում ենք, թե լավ ուսուցիչներ չունենք, ինժեներներ չունենք, տնտեսագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, գրականագետներ, որովհետեւ խորքային ուսումնական համակարգ չունենք: Հայ ուսանողն այնքան պարապ է, որ ողջ օրը «Facebook»-ում է»,- գրել է Ստեփանը: Անուշն էլ նրան հակադարձել է, թե, անկախ համակարգից, սովորելու ցանկություն ունեցողը կսովորի:



«Համալսարանը քեզ չպետք է ստիպի, որ սովորես, այլ դրդի ինքնակրթության, ուղղություն ցույց տա, թե ինչ աղբյուրներից օգտվես: Ես համոզված եմ, որ չկա մի ուսանող, որ շատ է ուզել սովորել ու չի կարողացել»: Ստեփանը մեկ այլ խնդիր էլ է առաջ քաշել. «Բայց միջավայրն էլ պիտի նպաստող, տրամադրող լինի: Մեր պայմաններում ամեն կուրսում կարող է մեկ-երկու փայլուն երեխեք լինեն, բայց նրանք անհատական որակներ են, որոնք քանակ չեն դառնում»: