Գնալու եմ ու լավ եմ անելու

Գնալու եմ ու լավ եմ անելու
Հարգելի խմբագրություն, գրեթե ամեն օր ձեր եւ մյուս թերթերում կարդում եմ, որ արտագաղթն ուժեղացել է, ու դուք չեք թաքցնում ձեր բացասական վերաբերմունքը գաղթողների նկատմամբ: Ուզում եմ ձեզ ասել, որ ես էլ եմ գնացող ու թույլ չեմ տա իմ հասցեին բացասական բան ասեք, քննադատեք-բան: Հա, որոշել եմ գնալ, որովհետեւ այս երկրում ապագա չեմ տեսնում: Ոչ միայն իմ համար, այլեւ երեխաներիս: Ու սրանք դատարկ խոսքեր չեն: Ի՞նչ է սպասվում իմ երեխաներին՝ հիմիկվա իշխանությունների լակոտների ճորտի կարգավիճա՞կը: Հիմա իրանց հայրերն են ինձ ու իմ սերնդակիցներին շահագործում, հետո էլ իրանց երեխեքն են դա անելու: Բարձրագույն կրթությամբ ինժեներ եմ, տարիներ առաջ հայտնվեցի գործազուրկի կարգավիճակում: Ինչ ասես՝ փորձել եմ անել էս տարիներին:



Անգամ բիզնեսով եմ զբաղվել: Դրսից դելիկատեսներ էի ներկրում: Ահագին կապեր էի ստեղծել դրսում՝ հատկապես Ռուսաստանում: Արդեն մշակած երթուղի ու մեխանիզմներ ունեի: Ամեն ինչի տեղը գիտեի: Մի քանի տարի յոլա գնացինք, հետո հենց որոշեցի մի քիչ ընդլայնել բիզնեսս, գլխիս տվեցին-ձեռքիցս առան: Հիմա կասեք՝ պայքարեիր  իրավունքներիդ համար: Ես նկատել եմ, որ դուք էդ հեքիաթին շատ եք հավատում՝ իր իրավունքների համար պայքարող մարդը հասնում է արդարության: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում դրան: Գիտեմ, որ ոչ միայն հաջողության չէի հասնի, այլեւ ուղղակի բանտում կհայտնվեի: Կամ մի տեղ գլուխս կուտեին:



Էսքան մարդ են վերացնում մեջտեղից, ես ինչո՞վ եմ իրենցից լավը: Ու սա վախկոտություն չէ: Սա իրատեսություն է, որ տարիների փորձից, տեսածից ու լսածից է գալիս: Համոզված եմ, որ հարյուրավոր նման դեպքերի մասին գիտեք, բայց ձեւ եք անում, թե դրանք պատահականություններ են: Որ կողմ նայում ես՝ անարդարություն է, անօրինականություն: Հարեւանս դատարանում գործ ուներ, երեկ եկավ-ասեց՝ հարցը լուծել եմ: Դատավորին մի կլորիկ գումար է տվել: Ընկերներիցս մեկը պատմեց, որ բիզնեսն ընդլայնելու որոշում է կայացրել, ամեն ինչ համաձայնեցրել է «վերեւների» հետ, բայց չեն թողնում ծրագիրն իրականացնի:



Ասում են՝ կթողնենք, եթե ընտրություններում մի 10 հազար ձայն բերես ՀՀԿ-ին: Մյուս ընկերոջս աղջիկը փայլուն սովորում է բուհում, հույս ունեին, որ այս սեմեստրում անվճար ուսման է անցնելու, դեկանը կանչել-ասել է՝ այսինչ նախարարի, այնինչ տնօրենի, պատգամավորի երեխաներին եմ տեղափոխելու, մի նեղացիր: Նույնիսկ էս փոքրիկ հարցերում ու երեխաներին վերաբերող հարցերում չենք կարողանում արդար ու ազնիվ լինել: Հիմա ես ինչի՞ պետք է հանդուրժեմ էս բոլորը ու չգնամ Բելգիայում կամ Չեխիայում ապրելու, երբ դրա հնարավորությունն ունեմ: Եվ ո՞վ կարող է մեղադրել ինձ, որ ես Դոն Կիխոտի նման հողմաղացների դեմ չեմ պայքարում, կյանքս չեմ մաշում անիմաստ սպասումի ու հույսերի վրա եւ գնում եմ արդար ու ազատ երկրում ապրելու: Ով կմեղադրի ինձ, թող ասի, որ ես իրավացի չեմ: Որ կյանքն այնքան երկար է, որ մի մասը կարելի է ծախսել լկտի ու ապաշնորհ իշխանավորների դեմ պայքարի վրա, իսկ մյուս մասն ապրել մարդավայել: Ի սեր Աստծո, ուզում եք պայքարեք, ուզում եք՝ ոչ, ուզում եք հաշտվեք ճորտի կյանքի հետ, ուզում եք՝ շուրջօրյա միտինգներ ու երթեր արեք, ես դրանց մեջ չկամ: Ես իմ բաժինը պայքարել եմ, հիմա ուզում եմ հանգիստ ապրել: Գնալ աշխատանքի, իրիկունը խիղճս հանգիստ տուն գնալ, հեռուստացույց նայել, մեքենայով շրջել երկրից երկիր, երեխաներիս նորմալ կրթության տալ: Ու ամեն օր չմտածել, որ մի ուռոգլուխ կարող է փողոցում բռնել-ծեծել ինձ ու իմ հարազատներին: Մյուսը կարող է նվաստացնել ու խեղճացնել: Երրորդը՝ իր ունեցած փողով ճնշել:



Չորրորդը՝ իր պաշտոնով ու թանկ ավտոյով: Ուզում եմ մարդիկ մենակ իրենց խելքով ու գիտելիքով առաջ գնան: Որ լավ պապաների երեխեքն իմ երեխեքի առաջը չփակեն: Ու տենց բաներ: Ու չեմ ուզում ինձ կերակրեն կեղծ խոստումներով ու դատարկ հեռանկարով: Ոչ էլ բարեպաշտ ձեւացեք՝ բոլորդ էլ կգնայիք, եթե հնարավորություն ունենայիք ու ձեր ուժերի վրա վստահ լինեիք: Մնում են նրանք, ովքեր վախենում են ինչ-որ բան փոխելուց եւ օտար միջավայրում հայտնվելուց: Այնպես որ՝ մնաք բարով:



Աղասի Մկրտչյան