Amara Terra Mia

Amara Terra Mia
Վերնագիրն ընտրելիս ակամայից մտաբերեցի այս հուզական երգի անունը (իտալերենից թարգմանաբար նշանակում է «Իմ թշվառ հայրենիք»): Ստեղծագործության լավագույն կատարողը, ըստ իս, հենց երգի հեղինակն է` իտալացի երգիչ Դոմենիկո Մոդունիոն, ով 1987-1994թթ. Իտալիայի պառլամենտի պատգամավոր էր: Նա մահացել է 1994թ., սրտի կաթվածից` աղքատներին մշտապես օգնելիս թշվառության տեսարաններին շարունակ առնչվելու հետեւանքով...



Գուցե նաեւ պարարտ առողջությունը չխաթարելու նպատակո՞վ են հայավեր հանրապետականները պինդ փակել իրենց անհայացք աչքերն ու շեֆահլու ականջները, կուրացած սրտերն ու խլացած հոգիները, իսկ ջիփերից, ռեստորաններից, էլիտարներից, կազինոներից եւ սաունաներից ժողովրդի աղքատ ու չարքաշ առօրյան, այսպես թե այնպես` «լավ չի երեւում», անեծքներն էլ «լավ չենք լսում»: Հղփացած փոքրուկների ճակատագիրը բոլոր ժամանակներում անհիշատակ անէացումն է եղել, իսկ ընտրյալի անուն չեն վաստակում` յուրացրած բանկաքսակների անհամար կափույրները նախընտրական շրջանում բացելով եւ ընտրակաշառքներ «բարեգործելով»: Ցավալի է, որ սկզբնապես անկախական համարվող կուսակցությունն այսօր մանրացել-դարձել է մի առանձնյակ` անօրեն, ազատախեղդ, հակամարդ: Անգամ հնարավոր է հայտնի անեկդոտի խոսքերը վերափոխել` «Մի օր Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա, եւ ՀՀԿ-ն կանգնեցնում է»...



 



Amara Terra Mia



Բայց թողնենք դժոխացուներին, որոնց չեն օգնի նույնիսկ ՀՀԿ-ացած հնամենի մարդիկ, նախարարներ, պատգամավորներ, մյուսներ (գորշությունը խավարում է, խավարը` սեւանում - լուսասփյուռը հայ ժողովուրդն է, որը ՀԱՎԱՏՈՒՄ Է լույսին, արդարությանը, արժեքներին, իր հայրենիքին, դրա համար էլ երբեք ՉԻ ՓՈԽՎԻ): Անդրադառնանք ընդդիմադիր ուժերին, որոնք իշխանության վերարտադրման գլխավոր գործիք փաստացի հռչակելով մեծամասնական ընտրակարգը` ժողովներ անցկացրեցին, կլոր թե քառակուսի սեղաններ, ասուլիսներ, հայտարարություններ առ այն, թե բալասանը 100 տոկոս համամասնականն է: Եվ երբ իշխանազավթիչ ուժը, բնականաբար, դեմ արտահայտվեց, ու մեծամասնականը մնաց, այստեղ արդեն  ընդդիմադիրներն անշփոթ մոռացան իրենց վերոնշյալ տիեզերածին մտքերը եւ փոխանակ միմյանց միջեւ պայմանավորվեին 41 ընտրատարածքներում մեկական թեկնածուներով ժողովրդին ներկայանալու հարցում, յուրաքանչյուրն սկսեց իր ներկայացուցիչներին առաջադրել` ի՞նչ է պատահել որ:



Հավանաբար, ընդդիմադիր ուժերն (որպես այդպիսին՝ նաեւ հանդես է գալիս խորհրդարանական ընդդիմությանը կցված նորածին անդրօվկիանոսամոլը, որը, եթե առանձին մասնակցեր ընտրություններին` գումարած նույնիսկ նեղ հանրային սեկտորականների, ապա լիովին անհայտ է, թե որ վաստակի համար կկարողանար ստանալ, դիցուք, 1.2 տոկոս) այնքան էին զբաղված իրենց աշխարհացունց անհատներով սեփական ցուցակները եւ ապագա խորհրդարանը զարդարելու աստվածառաք  խնդրով, որ մեծամասնականների հարցով մի քանի հանդիպմամբ  պայմանավորվելու ժամանակ չգտան: Եվ այսօր միմյանց հասցեին հնչող այդ փոխադարձ «կրակոցները» կարծես նախօրոք միտված են հնարավոր պարտության դեպքում հետագայում իրար մեղադրելու հող նախապատրաստելուն...



 



Amara Terra Mia



Այնուամենայնիվ, դեռ հուսանք, որ ընդդիմությունն այս օրերին կկարողանա գեթ երկու տասնյակ ընտրատարածքների մասով համաձայնության գալ, ինչից հետո ընտրողներին կոչ կանի ընտրել միասնական թեկնածուներին: Իսկ այդ դեպքում նույնիսկ երդվյալ մաուզերիստն իր ձայնը կտա հակաավազակապետության ներկայացուցչին, եւ հակառակը: Բայց եթե չկարողանան կամ չցանկանան, ապա նաեւ թող չզարմանան, երբ ժողովուրդը, որը խելացի եւ մնացողաց է յուրաքանչյուր կուսակցությունից ու բոլորից միասին վերցրած, սկսի նրանց գնահատել որպես կերամանի ձգտող (հատկապես որ երկուսը երկար ժամանակով օգտվել են դրանից): Այնինչ նման գնահատականը չափազանց վտանգավոր կդառնա` ժողովրդինն է եւ կարող է տարածվել մոտալուտ 2013 թվականի ոչ իշխանական նախագահացուների վրա: Այդ երեք-երեքուկես ընդդիմադիր ուժին` խիղճ, խելք, պատասխանատվություն: Ապա թե ոչ` ուրեմն դարձյալ Amara Terra Mia, մինչեւ որ...



Մինչեւ որ, ի սարսափ հակաքրիստոնյա իշխանակիրների եւ ի հեճուկս ընդդիմությանց, վերջնականապես զորեղանա եւ ամենուր իր հայրենատեր արդար կամքը պարտադրի նորանոր ըմբոստախմբերով օրեցօր ինքնակազմակերպվող քաղաքացիական հասարակությունը, որի բազմաթիվ արդյունավետ պոռթկումների առաջամարտիկը, անտարակույս, բնապահպանական շարժումն է: Իսկ վերկուսակցական քաղաքացիական հանրության կայացումից անդին` պատմության քառուղիներով ընթացող Հայոց վիրավոր նավը այլեւս ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ կնորոգեն եւ կուղղորդեն:



Եվ, այդուհանդերձ, չնայած իրենց բազմաթիվ սխալներին, մոլորություններին, 95 տոկոսանոց ամբիցիայից բխող հավերժ բոյկոտին եւ ՀՀԿ-ի շվաքի տակ նորեն կոալիցիացվելն այդպես էլ չբացառող ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ խուսանավումներին,  հաջողություն մաղթենք ընդդիմադիրներին` հանուն ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության հասնելու հայ մարդու հավատի, հանուն հուսաբեր փոփոխության, հանուն արժեքաստեղծ Հայրենիքի վերակերտման - չէ՞ որ «Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս»:



ՀԳ - Ընթերցողների ներողամտությունն եմ հայցում գրչիս հնարավորությունը մի փոքր չարաշահելու համար` բարձրաձայնելով իմ նախապատվությունը  մեծամասնական թեկնածուներից մեկի օգտին: Անշուշտ, հարգանքի են արժանի Երեւանի 4-րդ ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանն ու Սաթիկ Սեյրանյանը, սակայն քաղաքացիական եւ քաղաքական հավատամքս Զարուհի Փոստանջյանի կողմն է (ում խիզախ, սկզբունքային, ազնիվ եւ մարդասեր ողջ գործունեությունը բոլորի աչքի առջեւ է): Եվ Արաբկիրի բնակիչները վստահաբար ճիշտ կվարվեն` մայիսի 6-ին Զարուհուն ընտրելով ԱԺ-ում որպես իրենց ներկայացուցիչ: Այդ տարածքում ապրելու դեպքում ինքս էլ անվարան կընտրեի իմ կողմից չափազանց հարգված Զարուհի Փոստանջյանին:



Արամ Ենոքյան