Տեր-Պետրոսյանը մատնացույց արեց մեղավորին` հասարակությանը

Տեր-Պետրոսյանը մատնացույց արեց մեղավորին` հասարակությանը
ՀԱԿ-ը երեկ անցկացրեց իր հերթական հանրահավաքը, դրանով սկսելով իր նախընտրական քարոզարշավը: Հանրահավաքը բավականին սակավամարդ էր, Ազատության հրապարակը կիսադատարկ էր: Սա, կարելի է ասել, հետեւանքն է այն բանի, որ ՀԱԿ-ը հասարակությանն ըստ էության ասելիք կամ, ավելի ճիշտ՝ նոր ասելիք չունի: Որովհետեւ այն, ինչ հնչում է հարթակից, ինչ ասում են ելույթ ունեցողները, հասարակությունը լսել է բազմակի անգամներ եւ արդեն անգիր է արել: Իշխանության կոռումպացվածության, անհաղթահարելի աղքատության, արտագաղթի եւ նման բազմաթիվ արատների մասին ելույթները ձանձրացրել են մարդկանց, եւ դա ինչ-որ իմաստով հասկանալի է: Որքա՞ն կարելի է մարդուն ասել, որ երկրում ամեն ինչ շատ վատ է, երբ մարդն ինքը դրա մասին գիտի, լսել է բազմաթիվ անգամներ եւ զգում է իր մաշկի վրա: Հնարավոր է, որ հանրահավաքի կազմակերպիչներն այդ վատի մասին ավելի ընդգրկուն տվյալներ ունեն, ավելի ազդեցիկ բառերով են նկարագրում, բայց հաստատ ներկաներն այդ վատի մասին գիտեն ավելի խորը եւ անձնավորված, քան հարթակից ելույթ ունեցողները:



Հանրահավաք եկողներին հետաքրքրում է այլ հարց. ի վերջո ընդդիմությունը տալո՞ւ է այն հարցի պատասխանը, թե ինչպես փոխել այդ վատը, կամ ինչպես անել, որ լավ լինի: Երեկվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանրամասն նկարագրելով իշխանության էությունը եւ նրա գործունեության հետեւանքները, ասում է. «Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել: Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը եւ, գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանմանը ու դրա համար, իրենից բացի, որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմաբան է եւ գուցե, կշռելով հայ ժողովրդի վզովն անցած բոլոր լծերը, եկել է այն եզրակացության, որ ներկա լուծն ամենածանրն է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Բայց տեղին է երեւի մտածել մեկ այլ բանի մասին: Ցանկացած լծի պարագայում հայ ժողովրդի միջից ի հայտ են եկել առաջնորդներ, ովքեր հանձն են առել ղեկավարել այդ լծի թոթափմանն ուղղված համաժողովրդական ընդվզումը: Արդյոք պատմության մեջ եղե՞լ է էլի մի այնպիսի ուժ, որը, հանձն առնելով այդ առաքելությունը, եղել է այսչափ անհետեւողական, հարմարվողական եւ ձախողման համար մեղադրել է բացառապես հասարակությանը: Այսինքն՝ հասարակությունը Տեր-Պետրոսյանից փորձում է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է փոխել իրավիճակը, իսկ Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե իրավիճակը վաղը չփոխվեց, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունեցավ, ապա ես այս գլխից եմ ասել, որ մեղավորը կաշառված հասարակությունն է, որն ընտրակաշառքով քվեարկել է լուծը պահպանելու օգտին: Ու թող ոչ մեկի մտքով չանցնի դրա համար մեղադրել ընդդիմությանը կամ առավել եւս՝ նրա առաջնորդին:



Մի նկատառում եւս. Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարեց, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ այս անգամ ընտրացուցակներում 185 հազար ավելի մարդ կա, իսկ ընդհանուր առմամբ ընտրացուցակներում ընդգրկված են 700 հազար, այսպես կոչված, «մեռած հոգիներ»: Ընտրացուցակներն ընտրակեղծիքների հիմնական ռեսուրսն են՝ հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Նա հայտնեց, որ այդ հարցով ինքն այսօր հանդիպելու է Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցչի հետ, այդ հարցը բարձրաձայնելու է այլ ատյաններում եւս: Հրապարակված այդ թվերից պարզ է դառնում, որ ընտրության արդյունքը գրեթե կանխորոշված է, որ իշխանությունն արդեն ունի 700 հազար կողմ քվե, եւ, ինչպես ինքը՝ Տեր-Պետրոսյանն ասաց, այս մեխանիզմի դեմ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Դրա դեմ Տեր-Պետրոսյանը կփորձի պայքարել, բարձրաձայնել, բայց եթե միջազգային կառույցները չկարողացան այդ հարցը լուծել, ուրեմն իշխանության հաղթանակը կարելի է կանխորոշված համարել:



Եթե Տեր-Պետրոսյանն ի սկզբանե գիտի, որ իշխանության հիմնական ուժը կամ ռեսուրսը ընտրացուցակներն են, ինչո՞ւ է ասում, որ եթե վաղը հասարակությունը կաշառվեց, թող մեղադրի միայն իրեն: Որովհետեւ գիտի, որ ցանկացած ընտրության պարագայում լինելու են կաշառողներ եւ կաշառվողներ, եւ նման պարագայում միշտ կարելի է ասել, որ մեղադրեք ձեզ եւ ոչ թե ինձ:



«Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Սակայն պարզ է, որ եթե նույնիսկ հանրահավաքի 5-6 հազար մասնակիցները չքվեարկեն իշխանության օգտին, ապա միեւնույն է՝ իշխանությունը դրանից 100 եւ ավելի անգամ ձայն ունի:



Հանրահավաքի մյուս ելույթ ունեցողները եւս որեւէ նոր բան չասացին, բացի այն, որ իշխանությունները սարսափելի վատն են, եւ իրենք նրանց փոխելու են: Այդ հավաստիացումները որեւէ արժեք չունեն, քանի որ մեկ անգամ չէ, որ տրվել են եւ չեն կատարվել: Հարթակում կան մարդիկ, որ դրա մասին խոսում են 10 եւ ավելի երկար տարի: Ուրիշ որտե՞ղ կա ավելի համբերատար հանդիսատես, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:



Ավետիս Բաբաջանյան