Ինչ անեմ, գնամ դոշս դեմ տամ

Ինչ անեմ, գնամ դոշս դեմ տամ
Երեկ մենք անդրադարձել էինք Մասիսի շրջանի մի շարք համայնքների տրանսպորտային խնդրին եւ տեղեկացրել, որ այժմ խնդրին մասնակի լուծում է տրվել, այդ գյուղերից միայն մեկն է նոր երթուղային գծով ապահովվել: Հիշեցնենք, որ խոսքը Մասիսի տարածաշրջանի՝ Երեւանից ոչ հեռու գտնվող մոտ 5-6 գյուղերի մասին է, որտեղ տարիներ շարունակ երթեւեկում են  հնամաշ եւ մեծ ավտոբուսներով, ընդ որում, երեկոյան 6-ից հետո նրանք չեն երթեւեկում: Մենք գրել էինք, որ տվյալ շրջանը սպասարկող տրանսպորտային գծերը կենտրոնացված են Մանվել Գրիգորյանի ձեռքում, եւ համայնքի ղեկավարները տարիներ շարունակ չեն կարողանում, ավելի ճիշտ՝ ռիսկ չեն անում հարցին լուծում տալ: Ոչ հին ավտոբուսներն են փոխարինվում նորերով, ոչ երթեւեկի ժամերն են ավելացնում եւ ոչ էլ առավել եւս թողնում են, որ այլ գծատերերի հետ պայմանագրեր կնքվեն: Ի դեպ, մեր հարցումների արդյունքում պարզեցինք, որ ներկայում գիծը տնօրինում է ոչ թե գեներալ Մանվելը, այլ  Հրանտ Գրիգորյանը: Բանն այն է, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ Գրիգորյանների ընտանիքում եղբայրների հարաբերությունները նորմալ էին, համասեփականատեր էին երկուսով, սակայն նրանց բախումից հետո գիծը տնօրինում է Հրանտ Գրիգորյանը: «Էջմիածին Բուատ» ՓԲԸ-ն է իրականացնում խնդրո առարկա գյուղերի տրանսպորտային սպասարկումը: Եվ ահա, մոտ մեկ ամիս առաջ գյուղերից մեկում՝ Նորաբացում, հարցը լուծում է ստացել, եւ այս գյուղ են արդեն մտնում 54 համարի երթուղայինը եւ 36 համարի ավտոբուսը: Նշենք, որ այս գյուղն ամենամոտն է մայրաքաղաքին, որը մայրաքաղաքային երթուղայինների վերջնականգառից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա է: Իսկ սկսած Դարակերտ գյուղից, Դաշտավան, Անդրանիկավան եւ այլ գյուղեր մինչ օրս զրկված են նոր տրանսպորտային միջոցներից: Երեկ մենք կարճատեւ զրույց ունեցանք Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանի հետ:



- Պարոն Սիմոնյան, ի՞նչն է խնդիրը, որ ձեր վերեւի գյուղում նոր ավտոբուսներն արդեն սպասարկում են, ձեր գյուղում՝ ոչ:



- Կարող ա՞ ես կապի-տրանսպորտի նախարարն եմ, որ ես հրաման տամ, որ ավտոբուսներն իջնեն գյուղ:



- Բայց մեկ ամիս առաջ մեզ վստահեցնում էիք, թե մի շաբաթից կլինեն:



- Հա, հիմա էլ, ես երեկ էլ եմ նախարարություն գնացել, ասել են՝ երկու օրից կլինի: Տրանսպորտը գյուղ բերելը գյուղապետի իրավասությունների մեջ չի մտնում: Ես ամեն օր էլ նախարարության հետ խոսում եմ, փոխնախարարի հետ եմ խոսել: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի հետ էլ եմ խոսել: Խնդրել եմ գոնե կամ 54 կամ 15 համարը, 36-ը, դրանցից մեկնումեկն իջնի գյուղ: Որն ուզում է լինի:



- Ի՞նչն է պատճառը, որ հարցը չի լուծվում, ի՞նչ են պատճառաբանում նախարարությունից:



- Իրենց զանգեք՝ կասեն:



- Մեզ չի հաջողվում կապ հաստատել, Դուք հանդիպել եք, ի՞նչ են Ձեզ ասել:



- Չէ, իրանցից հարցրեք: …Դե հիմա ինձ ասել են, որ երկու օրից կլինի, հիմա որ չեղավ, պիտի զանգեք էլի, ինձ ասեք՝ խի՞ չեղավ:



- Պարոն Սիմոնյան, հնարավո՞ր է գծատերերն են խոչընդոտում:



- Հա, դե հիմա, եթե իրենք խոչընդոտում են, ես ի՞նչ կարամ անեմ: Գնամ-դոշս դեմ տամ իրանց, ասա, ի՞նչ անեմ: Ես ամենաշատն եմ շահագրգռված, ես դաժե… մի խոսքով, բաներ կան, որ չեմ ուզում ասել:



…Հոկտեմբերին էլ, որ գրել էիք, մենք հանդիպեցինք հիմիկվա գծի պատասխանատուների հետ… դե, հիմա ես չգիտեմ կոնկրետ ումն ա գիծը, ասում են՝ Գրիգորյաններինն ա: Ես իրանց ներկայացուցիչների հետ խոսեցի, ասեցին՝ կավելացնեն ավտոբուսները, արդեն 15 րոպեն մեկ կաշխատի, ոչ թե ժամը մեկ, բայց ըտենց էլ չարեցին: Հիմա ես ի՞նչ կապ ունեմ:

Անի Առաքելյան