Նոր հաճախորդ ՀՀԿ-ում

Նոր հաճախորդ ՀՀԿ-ում
Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանն այն հազարաբլբուլ գործիչներից է, ովքեր գիտեն, թե երբ ում ինչ են ասում։ Լրագրողներին, օրինակ, հաճոյանում է՝ պատմելով, թե ինքն ինչ խղճով ու լավ հագնվող երեխա է եղել, եղեւնի չի կտրել եւ հավատացել է Ձմեռ պապիկին։ Իր հետ հանդիպման եկած ՀՀ բնակիչներին բացատրում է, որ նրանց աշխատավարձն ու թոշակը չնչին են, որովհետեւ Սերժ Սարգսյանն իրենց փողերով Մոնտե Կառլոյում ղումար է խաղում։ Հետագայում, տեսնելով իր այս ելույթը համացանցում, բացատրում է, թե դա վաղուց է եղել։ Նա սիրում է կրկնել, որ հայրենիքը պատկանում է աղքատներին, իսկ պետությունը՝ հարուստներին, որից հետո անդամագրվում է հարուստների կուսակցությանը։



Միաժամանակ, նա չի սիրում իր հարստության չափերից խոսել։ Եթե լրագրողները հարցնում են, թե որտեղ է գնալու հանգստանալու եւ ինչքան է նախատեսում ծախսել՝ հասկանալու համար, թե որքան է նա հարուստ, Դալլաքյանը կնոջ վրա հղում է կատարում՝ ասելով, որ նա է իր ֆինանսների նախարարը։ Իսկ կինն ի դեպ աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում: Դալլաքյանը մեկ լքում է ՀՀԿ-ն, մեկ կրկին դարձ է գալիս։ Իհարկե, այն նույն ժողովուրդը, որի համար պատգամավորը չորրորդ դասարանցիներին տնային հանձնարարություն թելադրող ուսուցչուհու պես դանդաղ խոսում է  ծայրահեղ աղքատությունից, կոռուպցիայից, կլանային տնտեսության բերած վտանգներից, չի հասկանա օլիգարխների կուսակցությանը նրա անդամագրվելը։ Նրան չեն հասկանա հատկապես լոռեցիները, որոնք անգիր են արել նրա ելույթները։ Այդ ելույթները Դալլաքյանը հատուկ «զապիս» է անում եւ «Աննա» սերիալից էլ հաճախ պտտեցնում է «Լոռի» ԹիՎի-ով։ Լոռեցիներն ուրախ լսում են, թե ոնց է իրենց պատգամավորը քլնգում օլիգարխներին, ժողովրդի թալանչիներին։ «Պետության համար չափազանց վտանգավոր եմ համարում գերկենտրոնացված մի քանի ընտանիքներին պատկանող տնտեսություն ունենալը, որոնք նաեւ ստեղծում են եղանակ` քաղաքական համակարգում»,- ասում է Դալլաքյանը, ու մեկ էլ լոռեցիներն իմանում են, որ իրենց քաջարի պատգամավորը նույն քաղաքական հայացքներն ունի, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Գալուստ Սահակյանի, քաղաքականության մեջ ներգրավված այլ բիզնեսմենների հետ, որոնց մասին թափանցիկ ակնարկներ էր անում։ Ինչեւէ, ՀՀԿ-Դալլաքյան ամուսնությունը փոխշահավետ է, քանի որ ՀՀԿ-ում կենաց ասողները շատ են, իսկ օրենք գրողներ համարյա չկան։ Դալլաքյանին էլ ՀՀԿ-ն պետք է որպես տրոյական ձի՝ ԱԺ սողոսկելու համար։ Գուցե «սողոսկել» բառը պրոֆեսիոնալ խորհրդարանական, ավելի քան 80 օրենքների հեղինակի անվան կողքին կոպիտ է հնչում, բայց փաստը մնում է փաստ, որ առանց ՀՀԿ-ի աջակցության Դալլաքյանը մանդատի երես չէր տեսնելու։ Ուսուցչի առոգանությունը,  Ձմեռ պապիկն ու «Լոռի» ԹիՎի-ն նրան հաստատ չէին օգնի։ «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ միամիտ մարդ, ով կարծում է, որ առանց իշխանությունների «դաբրոյի» կարող է զբաղվել խոշոր բիզնեսով կամ բիզնեսով ընդհանրապես»: Եթե ԱԺ ընտրությունները խոշոր բիզնեսի շահավետ տեսակ համարենք, կարճաժամկետ ներդրումներ պահանջող, ապա ավելի լավ բացատրություն ՀՀԿ-Դալլաքյան սիրավեպին դժվար է գտնել։