Կոչ ավագ սերնդին

Կոչ ավագ սերնդին

Մեր ժողովուրդը երկու տասնամյակ առաջ դժվարին պայքարի և մեծ զոհողությունների գնով է հասել Հայաստանի պետական անկախության վերականգնմանն ու Արցախի ազատության վերանվաճմանը: Այդ ձեռքբերումները եղել են ժամանակի երիտասարդ` ներկայիս ավագ սերնդի նվիրումի արգասիքը:Այդ սերնդի ներկայացուցիչներից շատերը, լինելով ազնիվ հայեր ու քաղաքացիներ, պետականաշինության որոշակի փուլում իրենց առաքելությունն ավարտված համարելով, հետ քաշվեցին հանրային ասպարեզից և այն թողեցին պատեհապաշտ պաշտոնավարներին որոնք   հետագայում վերածվեցին երկիրը պատուհասող քրեաօլիգարխիկ վարչախմբի` կորստյան վտանգի մատնելով ոչ միայն նշված երկու մեծագույն ձեռքբերումները, այլև Հայաստանում մարդու կեցության և կենսագործունեության համար անհրաժեշտ սոցիալական ու բնական միջավայրերը՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ազգի ապագա գոյության համար:



Ավագ սերունդը պարտք ունի խոստովանելու, որ առկա Ճգնաժամերի հիմնական պատճառներից մեկը նաև իր այն սխալներն ու բացթողումներն են, որոնց հետևանքով չձևավորվեցին ընդհանրականի գերակայության բավարար ընկալում և պետական կառավարման օպտիմալ ու արդյունավետ համակարգ, ինչից օգտվելով քրեաօլիգարխիկ վարչախումբը կարողացավ ձևավորել անտարբերության և հարմարվողականության մթնոլորտ և դրա հաշվին նպաստավոր պայմաններ ապահովել իր անպատժելիության ու երկրի հանցավոր թալանի համար:



Այս ճգնաժամերի և դրանց հետևանքների (Քաջարան, Թեղուտ, Մաշտոցի այգի և այլն) հաղթահարման բեռը էական մասով իր վրա է վերցրել երիտասարդ սերունդը` գիշեր ու զօր եղանակային անբարենպաստ պայմաններում դիմակայելով քրեաօլիգարխիկ վարչախմբի վարչական, քարոզչական և ոստիկանական ահռելի մեքենային: Անշուշտ, երիտասարդությունն ուժեղ է և կորովի, ձեռնհաս է ու դինամիկ, սակայն ավագների փորձը, գիտելիքներն ու հմտությունները հույժ կարևոր են համախումբ ջանքերով պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար: Ցավոք, երիտասարդների կողքին այսօր միայն հատուկենտ ավագներ կան:



Ուստի ավագ սերնդին արթնացումի և պայքարի կոչ ենք անում: Կոչ ենք անում  սատարելու ազատատենչ ու լուսավոր երիտասարդությանը, ավագի պարտքի գիտակցմամբ կիսելու պայքարի բեռի ծանրությունը և, երիտասարդների հետ համատեղ շտկելով իր նախկին սխալներն ու բացթողումները, բարեհաջող կերպով ավարտին հասցնելու պետականության կերտման և անհատի ու ազգի ստեղծագործ զարգացման սոցիալական և բնական բարենպաստ միջավայրերի ձևավորման գործընթացը:



Ներկայումս պայքարի կիզակետը Մաշտոցի պուրակում է, որտեղ վարչախումբը փորձում է հանրային սեփականությունը ծառայեցնել քրեաօլիգարխիկ շահերին` կանաչ տարածքների հաշվին խրախուսելով առևտրի տաղավարների կառուցումը: Հանրային սեփականության իրավունքի վերականգնման այս պայքարում ավագ սերնդի պարտքն է ամբողջությամբ ստանձնել տաղավարները քաղաքացիական դատարանի վճռին համապատասխան ապամոնտաժելու պատասխանատվությունը` խաղաղ անհնազանդությամբ տոգորված երիտասարդներին զերծ պահելով ոստիկանական ուժերի հետ հնարավոր բախման բացասական հետևանքներից:



 



Մանվել Սարգսյան



 



Տիգրան Խզմալյան



 



Ժիրայր Սեֆիլյան



 



Երևան



02.04.2012 թ.