Նկատողություն են տվել

Նկատողություն են տվել
ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ուրբաթ օրը որոշում է կայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբան Արթուր Գրիգորյանին: Բագրատյանի ներկայացուցիչը մի քանի կետով հիմնավորել էր Արթուր Գրիգորյանի մեղավորությունը Բագրատյանի շահերը ներկայացնելու ընթացքում, սակայն խորհուրդն ընդամենը մեկ կետով է հիմնավորված համարել փաստաբանի մեղքը, այն, որ վերջինս գործի քննության ընթացքում վստահորդին գործի ընթացքի մասին տեղյակ չի պահել: «Մենք դիմումը ներկայացրել էինք մի քանի կետերով, մի քանի խախտումների մասով, սակայն խորհուրդը վարույթ էր ընդունել միայն մի մասով եւ մնացածը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, կարճել էր: Մեր դիմումը բավարարվեց միայն վստահորդին չտեղեկացնելու հիմքով»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահե Հովսեփյանը: Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը Բագրատյանի շահերը ներկայացրել էր երկու՝ «ՎՏԲ բանկն ընդդեմ Բագրատյանի» եւ «Կենտրոնական բանկն ու Տիգրան Սարգսյանն ընդդեմ Հրանտ Բագրատյանի» գործով: Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ՝  հունվարի 9-ին, Փաստաբանների պալատի խորհուրդը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի նախագահությամբ, կարճեց Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված մեկ այլ կարգապահական վարույթ՝ նույն պատճառաբանությամբ, որ գործերի (որոնց հիման վրա վարույթ էր հարուցվել) վաղեմության ժամկետներն անցած էին:  Այդ վարույթը հարուցվել էր մամուլի հրապարակումների հիման վրա: Կարգապահական վարույթ հարուցել էր Փաստաբանների վարքագծի կանոնագրքի 22-րդ, 27-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման հիմքով: Փաստորեն, պալատի խորհուրդն այս անգամ գտավ, որ փաստաբանի կողմից թույլ տրված խախտումները շատ ակնհայտ են, եւ դրանք կոծկելն անհնար է: Բացի այս վարույթը, ՓՊ-ում, մեր տեղեկություններով, Արթուր Գրիգորյանի ծառայություններից տուժած քաղաքացիներից երկու դիմում եւս կա: Դրանցից մեկը մեր թերթում հանդես եկած քաղաքացի Ալեքսանդր Վարդանյանի դիմումն է, մյուսը հայտնի չէ: Եվ հիմա պալատի խորհուրդը քննում է այդ դիմումները: Որքան մեզ է հայտնի, այդ դիմումներում ժամկետի խնդիր չկա, եւ չի բացառվում, որ դրանց հիման վրա փաստաբանը կրկին նկատողություն ստանա: Ի դեպ, ինչպես ՓՊ-ի կարգապահական հանձնաժողովի, այնպես էլ խորհրդի նիստերից եւ ոչ մեկին Արթուր Գրիգորյանը չի մասնակցել: Նա ներկա չի եղել նաեւ ուրբաթ օրվա՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստին: Այս վարույթից զատ, հիշեցնենք, Արթուր Գրիգորյանը հայց է ներկայացրել Բագրատյանի դեմ՝ իրեն վիրավորելու եւ զրպարտելու հիմքով: Դատական գործընթացը դեռեւս շարունակվում է: