Խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը (տեսանյութ)

Խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը (տեսանյութ)
Այսօր թիվ 7 ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը Մալաթիա Սեբաստիա համայնքում, նախընտրական քարոզչության շրջանակներում, հանդիպել է խոչընդոտների: Մասնավորապես՝ Բաբաջանյան 97 և 99 շենքերի բնակիչներին նամակներ բաժանելիս Փաշինյանի շտաբի անդամներին են մոտեցել մի քանի կանայք և պահանջել են՝ դադարեցնել նամակներ բաժանելը, սպառնալով, որ շարունակելու դեպքում լավ չի լինի, կանայք հայհոյել են երիտասարդ շտաբի ակտիվիստներին և անվայել բառեր են ուղղել Նիկոլ փաշինյանի հասցեին:  Երիտասարդների մեկ այլ խումբ, Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ, Սվաճյան 36 հասցեում նամակներ բաժանելիս կրկին հանդիպել է նմանատիպ խոչընդոտի, նրանց են մոտեցել մի քանի բնակիչներ և պահանջել են դադարեցնել բաժանելը պատճառաբանելով, թե նամակի մեջ Սամվել Ալեքսանյանին արատավորող բառեր կան, նկատի ունենալով այն, որ նամակի մեջ գրված է Լֆիկ Սամո այլ ոչ թե Սամվել Ալեքսանյան, այստեղ էլ շտաբի անդամները անտեսելով Ալեքսանյանի կողմնակիցների կողմից առաջադրված պահանջը շարունակել են քարոզարշավը:



Քիչ անց Սուրբ Երրորդություն եկեղեցու ետնամասում Փաշինայանին և նրա շտաբի անդամներին են մոտեցել մի խումբ կանայք և «Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է» վանկարկումներով փորձել են խանգարել Փաշինյանի շտաբի գործունեությանը: Կանայք հավաստիացրել են, որ իրենք տեղանքի բնակիչներ են, սակայն նրանք եղել են պայուսակներով և բացարձակ տեղի բնակիչների տպավորություն չեն գործել և  Նիկոլ Փաշինյան հարցին, թե ինչու են նրանք պայուսակներով, ի պատասխան կանայք միանգամից հարձակվել են Փաինյանի վրա՝ քաշքշելով նրա շորերը: Դեպքի վայրում են եղել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ սակայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները  խոչընդոտել են նաև նրանց գործունեությունը, թույլ չտալով տեսագրել միջադեպը: Այս առիթով Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղեկատվություն է հանձնել ոստիկանությանը: Ինչպես հաղորդում են Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները, այս պահին, չնայած ստեղծված խոչընդոտների, քարոզարշավի մասնակիցների մի մասը շարունակում է բաժանել նամակները :