Օրենքն ու միապետը

Օրենքն ու միապետը
Երկու տարի առաջ ծագած սկանդալից հետո, երբ պարզվեց, որ տարիներ շարունակ կեղծ կենսաթոշակառուներ են գրանցված եղել, եւ արդյունքում պետական բյուջեից մեծ գումարներ են յուրացվել, բոլորը սպասում էին, որ ինչ-որ մարդիկ կպատժվեն: Օր չկար, որ մամուլը չգրեր՝ իսկ ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու, ո՞վ է փոխհատուցելու պետությանը պատճառված վնասները: Սակայն մի քանի մանր-մունր պաշտոնյաների աշխատանքից ազատելուց, մի քանի հոգու էլ մեղադրանք առաջադրելուց զատ ոչինչ տեղի չունեցավ: Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ ՀՀԿ էլիտայի ներկայացուցիչներից էր, փրկվեց աշխատանքից ազատվելու դիմումով: Հասարակությունը դա դիտարկեց սեփական թիմակցին խնայելու տեսանկյունից եւ հաշտվեց իրողության հետ: Անցավ 2 տարի: Կառավարության հետ հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հիշեց Խաչիկյանին:



Թե ինչն էր հիշելու պատճառը, պարզ չեղավ՝ ոչ խախտումներն էին նոր հայտնաբերվել, ոչ յուրացումների հետ կապված զայրույթն էր թարմ, ոչ էլ Խաչիկյանն էր նոր հանցանք գործել: Նիստից մոտ 2 շաբաթ անց Խաչիկյանը ձերբակալվեց: Երեկ ոմանք ուրախ էին, որ վերջապես արդարությունը հաղթանակեց: Սակայն ես ուրախանալու առիթ չեմ տեսնում:



Սա խոսում է այն մասին, որ մեզանում ոչ թե օրենքն է գործում, այլ միապետի կամքը: Կամ՝ օրենքը գործում է այնքանով, որքանով չի հակասում միապետի կամքին: Այսինքն՝ եթե ուզում ենք, որ մեր երկիրը դառնա օրենքի երկիր, որ կարգուկանոն հաստատվի, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, պետք է աղոթենք, որ մեր միապետը լինի արդար, օրենքի ու օրինականության բարձր գիտակցումով: Լավատեղյակ՝ թե երկրում ինչ է կատարվում: Աշխատի 24 ժամ եւ բոլորի փոխարեն: Չունենա ֆավորիտներ: