Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում
Հարգելի գործընկերներ,



Նախորդ քառօրյաի վերջին նիստի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք “ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին” արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ: Ես կցանկանայի վերստին շեշտել, որ մեր խմբակցությունը որեւէ խնդիր չունի Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ, ավելին՝ մենք գտնում ենք, որ դա օրվա թելադրանք է:



Մեր առարկությունները վերաբերում էին խնդրո առարկա արձանագրության տեքստին, որով, ըստ մեզ, սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունը: Ըստ արձանագրության՝ Հայաստանը իրավունք չի ունենա իր իսկ տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ որեւէ պետության ռազմական ենթակառուցվածքի որեւէ օբյեկտ, առանց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, եւ Ուզբեկստանի իշխանությունների գրավոր համաձայնության: Ընդսմին, միանգամայն անորոշ է մնում, թե ի՞նչ ասել է “ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ” հասկացությունը:

Ես այժմ չեմ կրկնի մեր կողմից բերվող բոլոր փաստարկները, դրանք աշկարա են: Մենք վերահաստատում ենք, որ դեմ ենք քվեարկելու սույն արձանագրության վավերացմանը:

Մտահոգիչն այն էր, որ շատ կոնկրետ մի արձանագրության տեքստի շահագրգիռ, փաստարկված քննարկման փոխարեն, ձեւախեղվեց հարցի էությունը եւ այս ամբիոնից ելույթներ հնչեցին առ այն, որ ճակատագրական հարց ենք քննարկում և պետք է գիտակցենք Հայաստանի՝ ՀԱՊԿ մաս կազմելու անհրաժեշտությունը եւ որեւէ այլ ռազմական դաշինքի մեջ մտնելու անթույլատրելիությունը: Ստիպված եմ կրկին փաստել, որ ռազմաքաղաքական դաշինք ընտրելու հարց այսօրվա հայաստանյան քաղաքական դիսկուրսում գոյություն չունի, մենք ընդամենը քննարկում ենք ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված գեթ մեկ արձանագրության՝ այս պահին վավերացնելու նպատակահարմարությունը: Վերջակետ, այլ հարց մենք չենք քննարկում:

Ելույթներից մի քանիսում ասվեց ամեն ինչ, բացի խնդրո առարկա արձանագրությունից…



Ասվեց, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, որ Թուրքիան իրականացնում է իսլամականության իր քաղաքականությունը, եւ վերականգնում իր ամբիցիաները ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում, որ Թուրքիան հանդիսանում է ԼՂՀ կոնֆլիկտի չորրորդ կողմը, և մեզ թշնամի մասնակիցը, որ Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի կեսը, ունի լարված հարաբերություններ Հունաստանի հետ` սահմանային կղզիների հետ կապված, որ Թուրքիան հրահրել է քաղաքացիական պատերազմներ Լիբիայում և Եգիպտոսում, իսկ այսօր ներգրավված է սիրիական կոնֆլիկտում, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ են հարձակվել Հայաստանի վրա: Այդ երկրների մենթալիտետը ցեղասպանաստեղծ է, այսինքն նրանք խնդիր ունեն ոչնչացնելու հայ էթնոսը եւ, որ այս պարագայում մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ:



Խոսվեց նաեւ 1992թ. Ադրբեջանի վարչապետ Հասանովի՝ Թուրքիայի պրեզիդենտ Տուրգուտ Օզալին և վարչապետ Սուլեյման Դեմիրելին ուղղված նամակի մասին, 1992թ. Թուրքիայի դաշտային երրորդ բանակի Իգդիր-Ղարս-Սարիղամիշ տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին, 1992թ. մարտի 20-ին Ռուսաստանի պետական դումայում հատուկ լսումների մասին, ոմն Մուխայեդդին Ֆիսուր-Օղլու հայտարարարության մասին, ավիացիայի մարշալ Շապոշնիկովի հատուկ ասուլիսի մասին եւ այլն:



Եւ էլի մի շարք զուլում բաների մասին իմացանք, բայց այդպես էլ չասվեց, թե ինչն է մեզ ստիպում ճորտի նվիրվածությամբ պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած առաջարկ:



Միակ փաստարկը, թերեւս, այն էր, որ վավերացնելով այս արձանագրությունը մենք հավաստում ենք մեր հավատարմությունն ու նվիրվածությունը ՀԱՊԿ-ի հիմնական դրույթներին, վստահություն ենք ձեռք բերում մեր գործընկերների աչքերում: Միակ բանը, որ կարելի է ասել ի պատասխան այս փաստարկի այն է, որ ցանկացած գործընկերության կայացման համար անհրժեշտ է, որ վստահությունը, հավատարմությունը եւ նվիրվածությունը լինեն փոխադարձ, հակառակ դեպքում մենք գործ ունենք ստրկամտության անթաքույց դրսեւորումների հետ, որոնք ի վերջո հանգեցնում են պետությունների միջեւ վասսալային հարաբերությունների ձեւավորմանը:



Վերջում բերեմ մի շատ խոսուն վիճակագրություն.

Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ ձեւաչափով ստորագրվել է 39 միջազգային պայմանագիր, այդ թվում՝ 21 համաձայնագիր եւ 16 արձանագրություն: Ընդհանուր թվից 36 փաստաթուղթ արդեն ուժի մեջ է մտել, ընդ որում Հայաստանը եւ Բելառուսը վավերացրել են 38 պայմանագիր, Ղազախստանն ու Տաջիկիստանը՝ 37, Ղրղզստանը՝ 35, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդամենը 32:



Այսինքն, 39 բազմակողմ պայմանագրերից ինքը Ռուսաստանը վավերացրել է 32-ը, իսկ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 100 տոկոսանոց ցուցանիշ, վավերացնելով 38 պայմանագիր:

Այստեղ են ասում, պարոնա՛յք, չի կարելի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալ: