Առաջին նախագահն իր ձագերը թողած ո՞ւմ թառին է թուխս նստել

Առաջին նախագահն իր ձագերը թողած ո՞ւմ թառին է թուխս նստել
Նախագահի թեկնածուները շարվեշարան սպասում են քաղաքական ինչ որ հանգուցալուծման, որպեսզի կողմնորոշվեն՝ ինչ են ուզում: Հանգուցալուծումը հավանաբար ձգձգվում է, այդ իսկ առումով լռության պաս է: Լավագույն դեպքում կուսակցություններից մամլո ձայն է լսում, թե առայժմ հստակ որոշում չկա: Արդարացվու՞մ  է պասիվ լռությունը: Կարծում եմ՝ ոչ:



 



Հայաստանյան նախկին ընդդիմադիր կուսակցությունները  ոչ թե նախագահի թեկնածու ունենալու խնդիր ունեն, այլ հավատի խնդիր: Ժամանակի լեշը, որ այս օրերին անտերուդուրս գցված է, պետք է օգտագործվեր դրա վրա: Ընդդիմադիր դաշտն իր հանրահավաքներով հանրության մեջ պետք է կարողանար ձեւավորել ընդդիմադիր լինելու պարզ խնդիրը: Ինչի՞ է սպասում նա. մի՞թե ՀԱԿ-ն ինչ որ բան կկորցներ, եթե նախկին փութաջանությամբ հանրահավաքներ աներ: Հանրությանն անկախ այն բանից՝ Լեւոն Տեր Պետրոսյանը նախագահի թեկնածու է լինելու, թե ոչ, ավելի շատ հուզում է այլ հարց՝ Առաջին նախագահը /ներողություն եմ խնդրում մարդկանց խոսքը բառացի մեջբերելու համար/ ծախվա՞ծ է, թե՞ չէ եւ եթե ծախված է՝ ինչքանո՞վ է ծախված:



 



Առաջին նախագահը չի՞ տիրապետում այս ինֆորմացիային, իհարկե, լիովին տիրապետում է, այդ դեպքում ինչու՞ շարժ չի անում: Անկախ նրա մասնակցությանը նախագահական ընտրություններին, Լեւոն Տեր Պետրոսյանը պարտավոր է պատասխան տալ հանրությանը, թե ինչու՞ էր  թեւահանել ժողովրդին, եթե չէր թռցնելու: Իր ձագերը թողած, ու՞մ թառին է թուխս նստել: Նույնը՝ մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Խնդիր ունեն հանրության առաջ՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկարատեւ տանգո են պարում. ինչու՞ է ՀԱԿ-ը բաց բերանով կանգնել ու սպասում նրանց պարի ավարտին: Խլե՞լ է ուզում ՀՀԿ-ի հարուստ զուգընկերոջը, թե՞ հայացքով ճանապարհում է մինչեւ համապատասխան գայթակղիչ վայրը…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ