Օսկանյանի ձիու քայլը կամ՝ Ծառուկյանը մտածում է

Օսկանյանի ձիու քայլը կամ՝ Ծառուկյանը մտածում է
Եվ այսպես` Օսկանյանը փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ ԲՀԿ ղեկավարին շտապեցնել հաջորդ դասի հարցում: ԲՀԿ-ի համար Օսկանյանը մեկ ճանապարհ է տեսնում` նախագահական ընտրությունների գնալ սեփական թեկնածուով: Օսկանյանը բավականին նրբանկատ է: Ըստ նրա` այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ ղեկավարը, իսկ եթե ԲՀԿ-ն որոշի (կարդա` եթե Գագիկ Ծառուկյանը չհամարձակվի), ապա ինքը պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Իսկ Օսկանյանը հիմա դա կարող է անել: Նա այլեւս «հեղինակություն» է, ԱԱԾ-ի կողմից ինչպես պետք է` հետապնդված, հալածված, անձեռնմխելիությունից զրկված: Մի խոսքով, պատրաստի ընդդիմադիր գործիչ, որ ոչինչ չունի կորցնելու, բացի շղթաներից:



 



Գագիկ Ծառուկյանը, վստահաբար, նախորդ անգամների պես կպնդի, որ Օսկանյանի այս հայտարարությունը նույնպես իր գիտությամբ եւ իր համաձայնությամբ է արված: Եթե հիշում եք, նա իր կուսակցության դեռ նախավերջին համագումարում հայտարարեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանը» կայացած քաղաքական ուժ է, եւ նրանում, ինչպես մյուսներում, նույնպես հնարավոր է ղեկավարի փոփոխություն: Մենք չենք լինի` ուրիշ մարդիկ կղեկավարեն կուսակցությունը. այն ժամանակ ասաց Ծառուկյանը: Արդյոք այդ պա՞հն է վրա հասել, թե՞ Օսկանյանը հուշում է Ծառուկյանին, որ ժամանակն է տեղից շարժվելու: Ի դեպ, Օսկանյանի հայտարարությունը կարելի է մեկնաբանել թե որպես պարզ առաջարկ Ծառուկյանին` գնալ առաջ եւ կուսակցությունը տանել իր հետեւից, եւ թե կշտամբանք. շարժվում ես` շարժվիր, չես շարժվում` թող ես շարժվեմ: Ինչ էլ լինի` զգացվում է, որ «Բարգավաճում» միանգամայն նոր երեւույթի հետ գործ ունենք` անհատի, մի բան, որ երբեք ընդգծված չի եղել այդ կուսակցության գոյության ընթացքում: Օսկանյանն անհատ խաղացող է, կարծես, որն ահա, պայմաններ է դնում անգամ ամենակարող Ծառուկյանի առաջ:



 



Նկատենք նաեւ` Օսկանյանն իր այս հայտարարությունն արեց անձեռնմխելիությունից զրկվելուց եւ ԱԱԾ-ից մեղադրանքն ստանալուց հետո: Օսկանյանը, փաստորեն, սպասեց, որպեսզի չեզոքացվեն քաղաքական խաղերի մասին կասկածները, ու հնարավոր լինի հասարակությանը ներկայանալ համոզիչ ընդդիմադիրի կերպարով: Գագիկ Ծառուկյանի շուրջ, սակայն, շարունակվում են Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվելու մասին խոսակցությունները (ծնունդներին, հարսանիքներին, բանակի քեֆերին նույն սեղանին են նստում եւ այլն): Ստեղծվել է մի վիճակ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմքն այսօր ավելի շուտ կարող է իշխանություններից քշված Օսկանյանը փրկել, քան իշխանությունների հետ տվող-առնող Ծառուկյանը, ում համար, սա մենք հասկանում ենք մարդկայնորեն, իրոք դժվար է ասել`  նախագա ջան, հեռացիր: Նախ, Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Օսկանյանի, շատ ավելի բան ունի կորցնելու, քան իր ձեռքերի շղթաներն են, եւ ապա` Ծառուկյանն իր քաղաքական անցյալով այն կապիտալը չունի կուտակած, ինչ Օսկանյանը, որին իր կենսագրությունը դեռ երկար կարող է օգնել, ինչպես այսօր է օգնում` այս խառը օրերին: Գագիկ Ծառուկյանի անցյալի մասին ամեն մի չնչին մանրամասն անգամ հեշտությամբ ուղղվում է նրա անձի դեմ, իսկ նման բաների հետ հաշվի չնստելը հղի է լուրջ հետեւանքներով, եթե մանավանդ նա գնա սառույցի վրա սահելու:



 



Ընդդիմությունը դեռ դատախազի միջնորդության քննարկումների ժամանակ որեւէ խոսք չասաց այն մասին, որ տեղի ունեցողը հետապնդում է ԲՀԿ-ի նկատմամբ: Այո, խաղը քաղաքական է, բայց քաղաքական` Վարդան Օսկանյանի անձի հետ կապված եւ ոչ թե ԲՀԿ-ի: Շրջափակել էր պետք Վարդան Օսկանյանին եւ ոչ թե ողջ ԲՀԿ-ին: Սա էր խնդիրը, որ իր առջեւ դրել էր իշխանությունը` քաջ գիտակցելով, որ ապագա նախագահական ընտրություններում ընդդիմությանը կարող էր միավորել հենց Օսկանյանը եւ ոչ թե Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի նման երկրում Գագիկ Ծառուկյանը կարող է հրաշալի գործարար լինել, բարեգործ լինել, քաղաքապետ լինել, մեծամասնական պատգամավոր լինել, բայց նախագա՞հ… Ներողություն, բայց նույնիսկ Հայաստանի նման երկրում նախագահից բոլորովին այլ որակներ են պահանջվում, որոնք Ծառուկյանը միանշանակ չունի:



 



Մի անգամ լոռեցի Շմավոնին հարցնում են` կարո՞ղ ես կոլխոզի նախագահ աշխատել: Պատասխանել է` ընչի՞ չեմ կարա, վախըմ եք վիլիսիցը վեր ընգնե՛եեմ …



 



Օսկանյանը վստահ է, որ ինքը կարող է ստանձնել նախագահական ընտրություններում իշխանություններին հակակշիռ թեկնածուի ծանր բեռը: Այլապես նա նման հայտարարություն չէր անի: Բայց Օսկանյանին բավական չէ միայնակ գեներալի կարգավիճակը: Նրան զորք է պետք, ինչն ակնկալում է ստանալ առաջին հերթին «Բարգավաճ Հայաստանից»: Որպես նախկին զինվորական՝ Սերժ Սարգսյանը դա լավ է հասկանում եւ ամեն ինչ անում է, որ Վարդան Օսկանյանը զգա զորքի, իմա` քաղաքական հենարանի բացակայությունը: Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում ԲՀԿ-ից եւ անձամբ Վարդան Օսկանյանից ստեպ-ստեպ լսվող «ԲՀԿ-ն եւ Օսկանյանը միասնական են» կոչերն առայժմ կոչի մակարդակից այն կողմ չեն անցնում: Այլապես ԲՀԿ-ն չէր լքի խորհրդարանի դահլիճը` Օսկանյանի հայացքին ավելորդ անգամ չարժանանալու համար: Ո՞ւմ աշխատանքի արդյունքն էր սա, եթե ոչ ՀՀԿ առաջնորդի:



 



Իսկ հիմա` ամենագլխավորի մասին: Ինչպե՞ս պատահեց, որ Օսկանյանը հայտնվեց ԲՀԿ շարքերում եւ շատ արագ հասավ գեներալական ուսադիրների: Այստեղ ստիպված ենք հիշել մեր ամենաիմաստուն առաջին նախագահի վստահեցումը` Օսկանյանը լուրջ քաղաքական գործիչ է, եւ հենց ինքն է որոշում կայացրել: Ճի՞շտ: Մենք նույնպես Օսկանյանի լրջության հարցում դույզն-ինչ կասկածներ չունենք, բայց եւ կտրված չենք այս իրականությունից այն աստիճան, որ մտածենք, թե Օսկանյանն անձամբ կարող էր այսպիսի ճաշ եփել, եթե  չունենար աներեւույթ մեկի փայփայող աջակցությունը:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ