Ինչու ԲՀԿ-ն չի առաջադրում իր թեկնածուներին

Ինչու ԲՀԿ-ն չի առաջադրում իր թեկնածուներին
Ավանի թիվ 1 եւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀԿ-ն արագությամբ առաջադրեց իր թեկնածուներին, իսկ ԲՀԿ-ում դեռ հապաղում են, ինչը վկայում է այն մասին, որ կրկին քաղաքական առեւտուր է գնում: Մանավանդ Գյումրիի պարագայում՝ Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ն կարգեց քաղաքապետ, ԲՀԿ-ն էլ պետք է փոխարենը տեղը զիջի մի քանի ամիս առաջ Մարտուն Գրիգորյանին պարտված Արման Սահակյանին, ով գյումրեցի չէ, բայց համառորեն ուզում է Գյումրիից պատգամավոր դառնալ: 



ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն թեկնածուներ առաջադրում՝ այն էլ այս փուլում, երբ հանրությանը ներկայանում են որպես «արմատական» ընդդիմություն: «Մենք, առհասարակ, առաջադրումներ իրականացնում ենք՝ միմիայն հիմնվելով ժողովրդի հետ պայմանավորվածության վրա, ասել է թե՝ եթե որեւէ տեղ ունենք այնպիսի թեկնածու, որը որ կարող է հավակնել եւ արժանանալ ընտրողների զգալի մասի վստահությանը եւ հաջողությանը, առաջադրում ենք»: Ինչ վերաբերում է քաղաքական առեւտրին, ապա. ««Առեւտուր» բառը հաստատ տեղին չէ, որովհետեւ ԲՀԿ-ն մի մտահոգություն ունի՝ բավարարել սեփական ընտրողների վստահությունն ու ակնկալիքները, դրա համար քաղաքական ուժն առեւտրով չպիտի զբաղվի, այլ սեփական համոզմունքների, քայլերի բխմամբ»: Նշենք, որ Ավան համայնքում էլ ՀՀԿ-ն պատրաստվում է պատգամավոր դարձնել Տարոն Մարգարյանի աներորդուն: