Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան



 



Սույն նամակը ուղղում եմ Ձեզ մեզ հույսերով եւ ակնկալիքով, որ կլսեք ինձ` Վերգինե Վարդանյանիս (ծնված` 04.03.1925թ.), տարեց մարդուս, եւ կօգնեք ինձ ու իմ ընտանիքին:



 



Երկու տարի է, ինչ իմ ու իմ որդու ընտանիքի անդորրը խախտվել է, երբեք չէի կարող մտածել,որ այս տարիքում ինձ կարող է խաբել իմ հարազատ թոռը` Մկրտիչ Մարտիրոսյանը, ում ընդունել եմ աչքիս լույսի պես:



 



Բանն այն է, որ Վահե Խաչատրյանը, որը նույնպես իմ թոռն է եւ Մ.Մարտիրոսյանի հորեղբոր որդին, ցանկացել է ինձ ու իմ որդուն սեփականության իրավունքով պատկանող Երեւան քաղաքի Լեփսիուսի 7-րդ շենքի 15-րդ բնակարանը գրավադնել եւ բանկից գումար ստանալ: Վ.Խաչատրյանը իր այս մտադրության մասին հայտնել է Մկրտիչ Մարտիրոսյանին, որն էլ նրան վստահեցրել է, որ բանկի աշխատակիցների շրջանում ունի լայն կապեր եւ կարող է արագ ձեւակերպել բնակարանի գրավադրումը: Մ.Մկրտչյանը կարողացել է թոռանս համոզել, որպեսզի Վ.խաչատրյանը նրան տա օտարման լիազորագիր: Քանի որ բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է ինձ ու որդուս, ուստի այդ լիազորագիրը մեր  անվամբ տվել ենք Մկրտիչ Մարտիրոսյանին: Վերջինս Վ.Խաչատրյանին հայտնել է նաեւ, որ Աբովյան քաղաքում գործող գրավատներից մեկում երկու ավտմեքենա է գրավադրել, որոնք  գրավից հանելու, վաճառելու, գրավի գումարը վճարելու եւ բնակարանը իմ անվամբ ձեւակերպելու պատրվակով առաջարկել է ինձ մինչեւ բանկից գումար վերցնելու հարցի լուծումը որպես երաշխիք բնակարանը 10 օրով ձեւակերպել գրավատան սեփականատիրոջ անվամբ: Այս առաջարկին համաձայնվել է Վ.Խաչատրյանը, եւ 30.04.2010թ. նա Մ.Մարտիրոսյանի եւ վերջինիս ծանոթ Գագիկ Գրիգորյանի հետ գնացել են Էրեբունու նոտարական գրասենյակ, կնքել են շինծու առուվաճառքի պայմանագիր առ այն, որ իբրեւ թե բնակարանը վաճառվել է Գ.Գրիգորյանին, որին թոռս` Վ.Խաչատրյանը գիտեր որպես գրավատան սեփականատեր: Գործարքը կնքելուց հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ՀՀ-ից, իսկ բնակարանը մնացել է Գ.Գրիգորյանի տիրապետության տակ:



 



2011թ. փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդ-ի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն:



 



Պարզվել է, որ Մկրտիչ Մարտիրոսյանը ունեցել է հանցավոր մտարդրություն հենց ի սկզբանե եւ այս ամենը կազմակերպել է, որպեսզի ազատվի իր պարտքերից: Նշված հանցագործության կատարմանը մասնակից է նաեւ Գագիկ Գրիգորյանը, որն ի սկզբանե տեղեկացված է եղել, թե ինչ գործարք է կատարվել, սակայն առ այսօր ձեւացնում է, իբրեւ թե ինքը իրականում գնել է այդ բնակարանը 7.000.000 ՀՀ դրամով, այնինչ բնակարանի իրական արժեքը 13.000.000 ՀՀ դրամ է գնահատվել: Գ.Գրիգորյանը օգտվելով առիթից, որ Մ.Մարտիրոսյանը փախուստի մեջ է եւ նախաքննությանը չի կարող հայտնել ճշմարտությունը, շտապել է դատարանի միջոցով մեզ վտարել մեր տնից, որտեղ բնակվում եմ ես, իմ փոքր ծոռները…: Նախաքննական մարմինը բավարար ապացույցներ չի կարողանում հավաքել Գ.Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու համար, այնինչ հավաստիացնում եմ, որ Գ.Գրիգորյանը ի սկզբանե տեղեկացված է եղել, որ բնակարանը Մ.Մարտիրոսյանի միջոցով եւ նրա պարտքի դիմաց վերցնում է մեզնից: Գ.Գրիգորյանի համար էական չէր թե ինչ ճանապարհով, կարեւոր էր, որ Մ.Մարտիրոսյանի հետ միասին նրան հաջողվել է խարդախությամբ տիրանալ նշված գույքին:



 



06.11.2012թ. ԴԱՀԿ ծառայության միջոցով մեզ վտարել են մեր բնակարանից: Դրան չկարողացանք խոչընդոտել նույնիսկ քաղ. հայցով դատարան դիմելու եղանակով: Մեր հայրենի դատավորները ամեն կերպ աչք են փակում այն հանգամանքի վրա, որ բնակարանը ձեռք է բերվել խարդախության միջոցով, որի հիմք է հանդիսանում Մ.Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու որոշումը: Դատարանները ամեն կերպ մերժել են մեր հայցադիմումները` պատճառաբանելով, որ քանի դեռ Գ.Գրիգորյանին մեղադրանք չի առաջադրվել, նա համարվում է բարեխիղճ ձեռք բերող, բայց այն, որ քննիչի որոշմամբ հիմնավորվել է բնակարանը խարդախությամբ ձեռք բերելու փաստը` որեւէ մեկին չի մտահոգում:



 



Չէի ցանկանա այս տարիքում կանգնել նման խայտառակ պատմության եւ նույնքան ամոթալի իրավիճակում: Մեզ վտարել են մեր բնակարանից, իսկ թե ուր պետք է գնանք փոքր ծոռներիս, հարսներիս հետ եւ որտեղ պետք է ապրենք` ոչ մեկին չի մտահոգում:



 



Հարգելի պարոն Սարգսյան



 



Օրեր առաջ լսեցի Ձեր ելույթը եւ իրապես հույսով լցվեցի, որ կփոխվի ամեն ինչ, իսպառ կվերացվեն անարդարությունները, որոնք մեզ շրջապատում են: Որոշեցի գրել Ձեզ այս նամակը, որովհետեւ այլեւս հուսալքվել եմ, որ վերը նշված հարցին լուծում կտրվի մեր իրավապահ մարմիններում: Օգնեք ինձ ու իմ ընտանիքին չհայտնվել փողոցում եւ չդառնալ հանցագործությունների հերթական զոհ…



 



Հարգանքով` Վերգինե Վարդանյան



(ք.Երեւան, Յ.Լեփսիուսի 7շ., բն. 15, հեռ. 098 95 77 00)