Արթուր Աբրահամը Շվայգերի ֆիլմում հանցագործի կերպար է մարմնավորել (լուսանկարներ)

Արթուր Աբրահամը Շվայգերի ֆիլմում հանցագործի կերպար է մարմնավորել (լուսանկարներ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն  Արթուր Աբրահամը նկարահանվում է գերմանացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թիլ Շվայգերի ֆիլմում: Այս մասին երեկ տեղեկություն էր տարածել գերմանական «Bild.de» կայքը, որտեղ Շվայգերը նշել էր, որ հիացած է Աբրահամի դերասանական տաղանդով. «Այս դերը նա հաճույքով է խաղացել: Արթուրը հիանալի հայացք ունի»:



 



Հետաքրքրական է, որ Աբրահամը ֆիլմում մարմնավորում է «սուտենյորի» դեր: Մենք երեկ կապվեցինք գերմանաբնակ բռնցքամարտիկի հետ եւ այս առիթով բացառիկ հարցազրույց ունեցանք:



 



- Արթուր, մամուլում գրվեց, որ նկարահանվում եք գերմանացի ռեժիսոր Թիլ Շվայգերի ֆիլմում: Ռեժիսորը նշել էր, որ հիացած է Ձեր դերասանական տաղանդով, սա Ձեր առաջի՞ն փորձառությունն է կինոյում, թե՞ էլի եք նկարահանվել ֆիլմերում:



 



- Ոչ, առաջին անգամ չէ, որ նկարահանվել եմ ֆիլմում: Մեկ անգամ դոկումենտալ կինոյում եմ նկարահանվել, որը նաեւ թարգմանվել է հայերեն` «Նժարի վրա ամեն ինչ է»: Մյուսը գեղարվեստական էր,  եւ վերջինը սա` Թիլ Շվայգերի ֆիլմը, որը կոչվում է «Դեպքի վայր»:



 



- Ինչո՞ւ Թիլ Շվայգերի ընտրությունը կանգ առավ հենց Ձեր վրա, գուցե մարտի տեսարաննե՞ր կան ֆիլմում, ու դրա համար ռեժիսորը հենց Ձեզ ընտրեց:



 



- Մենք վաղուց ճանաչում ենք իրար, ընկերների պես ենք: Նա ասաց, որ իմ դեմքը հարմար է այդ հերոսին կերտելու համար: Ես էլ խորհրդակցեցի իմ խորհրդատուների հետ եւ համաձայնությունս տվեցի: Թիլն ինձ վատ բան չէր առաջարկի:



 



- Կպատմե՞ք Ձեր մարմնավորած հերոսի մասին, գրվեց, որ ֆիլմում սուտենյորի դեր եք մարմնավորում, մտավախություն չկա՞, որ գուցե դա ազդի Ձեր իմիջի վրա, ու կորցնեք հատկապես երկրպագուհիների սերը:



 



- Ոչ, դա կինո է, հո իրականությո՞ւն չէ, հո չի՞ նշանակում, որ կյանքում այդպիսին եմ: Ես հանցագործի դեր եմ տանում, ողջ ֆիլմը չեմ պատմի, այլ մի դրվագ` մաֆիայի պարագլուխը հավաքել է աղջիկների, ես էլ այդ մաֆիայի պարագլխի աշխատակիցն եմ, տիրություն եմ անում այդ աղջիկներին:



 



- Ֆիլմում նկարահանվելու համար անցե՞լ եք դերասանական կուրսեր, թե՞ առաջնորդվում եք ռեժիսորի ցուցումներով:



 



- Հատուկ կուրսեր չեմ անցել, ռեժիսորի ցուցումներով եմ առաջնորդվում:



 



- Նկարահանումները ե՞րբ կավարտվեն:



 



- Իմ մասնակցությամբ նկարահանումներն ավարտվել են, արդեն 2 ամիս է՝ նկարահանվում եմ, 5 անգամ գնացել եմ նկարահանվելու: Վերջին նկարահանումը տեղի է ունեցել անցած կիրակի:



 



- Հնարավո՞ր է, որ ֆիլմն ունենա նաեւ հայաստանյան պրեմիերա:



 



- Հաշվի կառնեմ Ձեր առաջարկը, ինքս կառաջարկեմ, եթե Թիլ Շվայգերը ցանկություն ունենա՝ խնդրեմ:



 



- Ֆիլմի նկարահանումները չե՞ն խանգարում Ձեր սպորտային մարզումներին, հատկապես, որ առաջիկայում՝ դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում պետք է մենամարտեք ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ:



 



- Հենց մարզումներին չխանգարելու համար էլ իմ նկարահանումները կիրակի օրերին էին լինում: Կիրակին իմ ազատ օրն է:



 



- Ինչպե՞ս եք տրամադրված այդ մենամարտին եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր հակառակորդի շանսերն ու Ձեր հաղթելու հնարավորությունը:



 



- Իմ հաղթելու հավանականությունը գնահատում եմ շատ բարձր, հակառակորդիս հաղթելու հավանականությունը` շատ ցածր: