ՀԱԿ-ն այլեւս չի լինի, եթե...

ՀԱԿ-ն այլեւս չի լինի, եթե...
Երեկ մամուլի ներկայացուցիչները եւ սոցիալական ցանցի ակտիվիստները մեծ լարվածությամբ սպասում էին Հայ ազգային կոնգրեսի երեկվա քաղխորհրդի նիստի ավարտին, որը, նույն շրջանակներից տարածված լուրերի համաձայն, պետք է լիներ վճռորոշ, եւ իբր պետք է հստակեցվեին ՀԱԿ անդամ կուսակցությունների լիդերների պահանջները ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ մարտավարության փոփոխության վերաբերյալ:



 



Ինչպես հայտնի է, ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը երեք օր առաջ հանդես է եկել ՀԱԿ-ն առողջացնելու նախաձեռնությամբ: ԺՀԿ քաղխորհուրդը, ըստ մամուլի, ընդունել է մի փաստաթուղթ, որով պահանջում է պաշտոնանկ անել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Պարզվեց, սակայն, որ նիստը ոչ հուժկու եղավ, ոչ էլ վճռորոշ՝ այն պարզ պատճառով, որ Մակեյանը չէր ներկայացել քաղխորհրդի նիստին: Նիստին չէր մասնակցել նաեւ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, որին, ինչպես ինքն ասաց, չէին տեղեկացրել: Ինչեւէ, Մակեյանի նախաձեռնած գործընթացը դեռ ընթացքի մեջ է, եւ այն ՀԱԿ քաղխորհրդի օրակարգ կմտցվի միայն ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների հետ առանձին-առանձին քննարկելուց հետո: Այս մասին  տեղեկացրեց ինքը՝ Մակեյանը:



 



Չի բացառվում, որ այդ քննարկումներից հետո առաջարկված փաթեթը, որոշակի փոփոխություններից հետո, համատեղ փաթեթի տեսքով քննարկման դրվի: «Այդ գործընթացը մոտ 1-2 շաբաթ կտեւի, այսօր մենք մի կուսակցության հետ ենք քննարկել եւ դրական արձագանք ստացել»,- ասաց Մակեյանը՝ վստահեցնելով, որ այդ կուսակցությունը Սոս Գիմիշյանինը չէ: «Մենք փորձում ենք կորցրածը փրկել, անձերն այդքան կարեւոր չեն: Հասկանում ենք, որ ճգնաժամ կա ՀԱԿ-ում, որքան էլ որոշ մարդիկ դա չնկատեն: Մենք բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք մեր հիմնադրածը, տարիների այդ պայքարը փրկելու»,- ասաց Մակեյանը՝ նեղսրտելով, որ իրենց առաջարկած առողջացման գործընթացն անձնավորվել է եւ ներկայացվել ՀԱԿ համակարգողի հեռացման տեսքով, արդյունքում ինքն արժանացել է որոշ ՀԱԿ-ականների եւ համակիրների անխնա քննադատություններին:



 



Թե կոնկրետ ինչ դեղատոմս է առաջարկում Մակեյանը, առայժմ չի ցանկանում մանրամասնել, դա կանի միայն գործընկեր կուսակցությունների հետ քննարկման ավարտից հետո: Կասկած չկա, որ ՀԱԿ-ի բազմաթիվ ղեկավար եւ շարքային անդամներ իրականում կիսում են Պետրոս Մակեյանի դիրքորոշումը թե քաղաքագիտական վերլուծության, թե Լեւոն Զուրաբյանի գործունեության վերաբերյալ: Սակայն քչերն են Մակեյանի պես բացահայտ արտահայտվում՝ խուսափելով «դավաճանի» պիտակից: Նույնիսկ ՀԱԿ լեւոնզուրաբյանական թեւից չեն բացառում, որ, հանուն ՀԱԿ-ի առժամանակ պահպանման, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է զիջման գնալ Զուրաբյանի հարցում եւ ընդառաջել Մակեյանի նախաձեռնությանը: Այլ հարց է, թե դա իրականում որքան արդյունավետ քայլ կլինի ՀԱԿ-ի պահպանման տեսանկյունից: Ակնհայտ է նաեւ, որ այս հաշվարկներով է առաջնորդվել Մակեյանը՝ հանդես գալով նման առաջարկով, այլապես նա լավ գիտի, որ ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ նման առաջարկին «գծի մեջ» գտնվող կուսակցության ներկայացուցիչները դեմ էին արտահայտվելու: 



 



Չի բացառվում նաեւ, որ Մակեյանի նախաձեռնողականությունն այլ նպատակով է ասպարեզ նետվել, եւ այն մերժվելուց հետո համախմբում տեղի կունենա ՀԱԿ ղեկավարության ներկայիս մարտավարությունից դժգոհ անհատների եւ կուսակցությունների միջեւ: Հնարավո՞ր է ՀԱԿ-ից դժգոհները նոր ուժ ստեղծեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ով վերջերս նույնպես հրապարակավ դժգոհություն է հայտնել: «Գիտեք, Պողոսը կլինի, Պետրոսը՝ կարեւոր չէ… Եթե ՀԱԿ-ն առողջացման քայլեր չանի, ՀԱԿ-ն այլեւ չի լինի: Լքել-չլքելու խնդիր չկա, բայց ձեր ասած հեռանկարն անկեղծորեն չի քննարկվել»,- վստահեցրեց Մակեյանը: 



 



ՀԳ - Մակեյանը հայտնեց, որ իր կուսակցությունից առաջիկա երկու-երեք շաբաթներին ոչ ոք չի մասնակցի ՀԱԿ քաղխորհրդի նիստերին, որպեսզի «բանսարկությունների» չենթարկվեն: Թե ինչ նկատի ուներ, ավելին չմանրամասնեց: