Ի՞նչ է ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ի՞նչ է ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանը
Այսօր ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիր դաշտում տիրող կարծեցյալ շփոթ իրավիճակին: Կարծեցյալ եմ ասում, որովհետեւ, իմ կարծիքով, տեղի է ունեցել հակառակ պրոցեսը՝  շփոթը հաղթահարվել ու դաշտը պարզեցվել եւ զտվել է:



 



 



Եվ սա տեղի է ունեցել պարզ ժողովրդավարական պրոցեսի արդյունքում: Պարզապես հասկանալի չէ այս դաշտում խաղացող «ուժեղ տղաներ» ՀԱԿ-ի, Դաշնակցության եւ «Բարգավաճի» մեսիջը՝ «եթե ես չեմ ուզում կամ չեմ կարողանում խաղալ, ուրեմն խաղալն ընդհանրապես անիմաստ է» տրամաբանությամբ: Բայց չէ՞ որ սա նման է մեր իսկ իշխանության վարքագծին, որ ասում էր՝ դուք ձեր համար ձեր բակում խաղացեք, բայց հենց փողոց դուրս գաք, մեզ պատասխանատու մի նկատեք, եթե մենք ձեր գլուխը ջարդենք: Այս կարծրատիպի դեմ չէ՞ր արդյոք ընդդիմությունը պայքարում 1995 թվականից ի վեր:



 



2013-ի նախագահական ընտրություններն ինչ-որ բանով տարբերվո՞ւմ են 2003-ի, 2008-ի ընտրություններից: Նույն իշխանական համակարգն է, նույն՝ «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ ու վերարտադրվելու մարմաջով: 2003-ին եւ 2008-ին արժեր պայքարել, հիմա ո՞չ: Այն ժամանակ ընդդիմության համար պայմաններն ավելի լա՞վ էին, քան այսօր: Պարզապես իշխանությունը փոխանակ արդար հասարակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատի, այս տարիներին ճգնել է  կատարելագործել օլիգարխիկ համակարգն ու ընտրակեղծիքների մեխանիզմը: Մեր իշխանությունները նման են այն ճարպիկ աշակերտին, ով քննության ժամանակ փորձում է արտագրել կողքի գերազանցիկից: Երբ ուսուցիչը նկատում ու բարկանում է, աշակերտը, փոխանակ լավ պարապելու, կատարելագործում է արտագրելու կարողությունը եւ հաջորդ քննությանն այնպես է արտագրում, որ ուսուցիչը չնկատի:



 



Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ կարծում, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ժողովուրդն ընդդիմադիր դաշտում զտում է իրագործել:  2008-ի մարտի 1-ից հետո իշխանափոխություն կատարելու ՀԱԿ-ի կոչերը մի ստվար ընտրազանգված հեռացրին արմատական ընդդիմությունից: Նախագահական ընտրություններն ավարտվել էին, ընդ որում ավարտվել էին ողբերգությամբ: Հասարակությունը խոցված էր ու վիրավոր, սակայն, այնուամենայնիվ, հասկանում էր, որ կյանքը պետք է շարունակվեր: Լեգիտիմ թե ոչ լեգիտիմ երկիրը նոր նախագահ ուներ: Պայքարի նոր փուլին պետք էր նախապատրաստվել, որը, վստահաբար, հեղաշրջումը չէր: Որքան էլ իշխանությունից դժգոհ էր ժողովուրդը, այն իր պրագմատիկ ինստինկտով բնավ չէր ձգտում նոր ցնցումների, որը նոր զոհերի առիթ կարող էր հանդիսանալ: Այս հանգամանքը սփյուռքին նույնպես խրտնեցնում էր: Իսկապես, եթե որեւէ պայքարի ստրատեգիա հանգեցնելու է թեկուզ մի հայի քթից արյուն գալուն, ապա պետք է հրաժարվել այդ մարտավարությունից: Ժողովուրդը հենց դա էլ արեց 2012-ի պառլամենտական ընտրություններին: Նրանք, ընտրելով ընտրակաշառք բաժանողներին, հիմնականում մերժում էին «ավազակապետությունը» բռնի ուժով կազմաքանդելու ՀԱԿ-ի որոշ գործիչների ռազմաշունչ հռետորաբանությունը:



 



Ախր պետք է հասկանալ՝ ովքե՞ր են այս օլիգարխները: Ովքե՞ր են այսօրվա արդար հասարակարգ չստեղծող ու մենաշնորհների տիրացած իշխանավորները. այլմոլորակայիննե՞ր, թե՞ հայ մարդիկ, որոնք ծնունդն են իրենց միջավայրի: Պե՞տք է արդյոք պայքարել նրանց դեմ: Անպայման, որովհետեւ նրանք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը: Պայքարել ինչպե՞ս. միտինգներո՞վ, հեղափոխությա՞մբ: Ժողովրդի պատասխանն առավել քան հստակ էր մայիս 6, 2012-ին:



 



Ժողովրդի բազկերակն զգալու ու շրջադարձ կատարելու փոխարեն, ՀԱԿ-ի «հեղափոխականացված» թեւը դեպրեսիայի մեջ էր մայիսից դեկտեմբեր ամիսներին: Դաշնակցության հետ միասին մի տեսակ ժողովրդից սրտնեղել էին: Եվ իզուր: Ժողովուրդը նոր խոսքի էր սպասում: Եվ սպասում էր վաղուց: Բնականաբար, սպասում էր ՀԱԿ-ի անառարկելի լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանից: Առաջին նախագահը մինչեւ վերջին րոպեն փորձում էր տրամաբանական ավարտին հասցնել խորհրդավոր շղարշով պատված իր եւ իր նոսրացած մերձավորների կուլիսային բանակցությունների քաղաքականությունը: Ձախողվելով նաեւ այստեղ ու չգտնելով տրամաբանություն պայքարը շարունակելու մեջ, ՀԱԿ-ի տերպետրոսյանական թեւը լքեց նախագահական ընտրապայքարը:



 



Տարբեր քաղաքական պրոցեսների արդյունքում, բայցեւ նույն՝ ոչ տրամաբանական իրավիճակում հայտնված «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն այս էտապում նույնպես հրաժարվեցին ընտրապայքարից: Բնական ընթացքով, ժողովուրդը նախընտրական իր զտումն էր կատարել՝ այնպես, ինչպես դեմոկրատական զարգացած երկրներում: Ժողովուրդը, ընդդիմադիր դաշտում գործող ուժերից, իր անուղղակի քվեն տվել էր ՀԱԿ-ի այն թեւին (ներառելով ՀԱԿ-ից բաժանված անհատներին), որը պատրաստ կլիներ շարունակել պայքարը նոր ստրատեգիայով: Ահա այս կոտորակված խմբավորումը գլխավորելու հայտ ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Շատերի համար սա կարող է անիմաստ կամ ռոմանտիկ գործելաոճ համարվել: Սակայն իմ համոզմունքն է, որ Բագրատյանի հայտը իսկական մտահոգ ղեկավարի ու հայրենասերի համարձակ քայլ էր: Ի վերջո, ընդդիմադիր դաշտից մեկը պիտի լինե՞ր, որ հանրությանը ներկայացներ օլիգարխիկ համակարգի այլընտրանքը: Ընդ որում, այլընտրանք՝ ոչ հեղափոխությամբ, ոչ քինախնդրությամբ, ոչ վրեժխնդրությամբ, ոչ ավազակապետական բուրգի կործանման խոստումով, ոչ իշխանական աթոռներից իշխանավորներին քերթելու սպառնալիքով, ոչ համահայկական նախագահի (Ջավախքի, Սփյուռքի, Արցախի, Արեւմտյան Հայաստանի, գուցեեւ Պարսկահայաստանի՞) հավակնություններով: Բագրատյանի ջատագոված այլընտրանքն ընտրություններում հաղթելն է ու Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրագործելը, որոնց արդյունքում կարելի կլինի լուծել եւ գյուղի հարցերը, եւ կաշառակերությունը, եւ տնտեսական մենաշնորհներն ու հովանավորչությունը:



 



Ես միշտ հաճույքով եմ ըմբոշխնել առաջին նախագահի ճառերը: Հատկապես հավանում եմ համաշխարհային կամ հայոց պատմությունից մեջբերված օրինակները: Թույլ տվեք մեջբերեմ մի երկու օրինակ. առաջինը՝ հայոց պատմությունից, երկրորդը՝ ամերիկյան:



 



Սասունի 1904 թ. ապստամբությունից հետո ֆիդայիները Աղթամար կղզում Անդրանիկի գլխավորությամբ հավաքվել էին ու որոշել անցնել արտասահման: Սակայն ժողովրդին բոլորովին չբարոյալքելու նպատակով նրանցից մեկը պետք է վերադառնար Սասուն: Այդ պարտականությունն իր վրա վերցրեց Գեւորգ Չաուշը: Այն ժամանակվա Դաշնակցության ղեկավարները ոչ միայն չքննադատեցին Չաուշին՝ ասելով, թե այդ էտապում պայքարն անիմաստ էր շարունակել, այլեւ, նրան օգնելու համար, նրա մոտ ուղարկեցին երիտասարդ հեղափոխական Ռուբեն Տեր-Մինասյանին, կուսակցական ղեկավարի լիազորություններով: Այդպիսով ցույց տալով ժողովրդին, որ Դաշնակցությունը մնում է նրանց կողքին նույնիսկ ամենադժվար պայմաններում: 2008թ. ԱՄՆ-ի նախագահության Դեմոկրատական կուսակցության նախընտրական պայքարում սուր մրցակցություն էր ծավալվել Հիլարի Քլինթոնի ու Բարաք Օբամայի միջեւ: Մի կողմից բոլորին ծանոթ, սիրված ու փորձառու նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինն էր, մյուս կողմից Չիկագոյից անծանոթ մի երիտասարդ սենատոր: Նախընտրական դաժան պայքարից հետո, երբ Քլինթոնը նկատեց, որ Օբաման չնչին առավելությամբ գերազանցում է իրեն, հռչակավոր իր ճառում ասաց. «Ինձ հարցնում են՝ 100 հազարավոր քվեներ ստացած Հիլարին ի վերջո ի՞նչ է ուզում»: Նրա պատասխանը եղավ հրաժարականը պայքարից՝ հօգուտ Օբամայի եւ Դեմոկրատական կուսակցության միասնության պահպանման: Ավելին, Հիլարին եւ նրա ամուսինը պաշտպանեցին Օբամային, հաղթանակը պարգեւելով Դեմոկրատական կուսակցությանը: Այժմ նույն հարցը կարելի է այսպես հնչեցնել. ի վերջո, ի՞նչ է ուզում  Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ են ուզում վերջին 5 տարվա նրա նախկին ու ներկա զինակիցները, ինչպես նաեւ լիբերալ դաշտի ներկայացուցիչները: Հուսով եմ՝ այս հարցի պատասխանը նրանք կտան, ակտիվորեն սատարելով Հրանտ Բագրատյանին:



 



Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ



Միչիգան, ԱՄՆ