Հրանտ Բագրատյան.«Մենք ունենք մի վարչապետ, ով ամբողջ երկիրը դարձրել է բանկ»

Հրանտ Բագրատյան.«Մենք ունենք մի վարչապետ, ով  ամբողջ երկիրը դարձրել է բանկ»
Հունվարի 29-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր հրավիրել նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ով խոսեց իր նախընտրական ծրագրի դրույթներից:



 



«Ինչ մնում է 100 քայլին, եթե ես այն համեմատում եմ Սերժ Սարգսյանի ծրագրի հետ, ես այն համարում եմ անհամեմատելի: Սերժ Սարգսյանի ծրագիրը ոչ մի խոստում չի պարունակում, ոչինչ չի ասում, բայց բալանսավորված ինչ-որ ծրագիր է,  որը խոստովանում է, որ ոչ մի լավ բան մի սպասեք հաջորդ 5 տարիների ընթացքում: Մեր ծրագրում  անդրադառնում ենք 2008-2012 թվականների ձախողումներին: Աղքատությունը 23%-ից դառել է 35%: 220.000 մարդ լքել է Հայաստանն այս ընթացքում, նախատեսված եկամուտների կրկնապատկման փոխարեն մենք ունենք եկամուտների 11%-ի աճ»:  Ըստ Հ.Բագրատյանի, այս 5 տարում երկիրը դրսից ստացել է 11 մլրդ դոլար փող, սակայն ՀՆԱ-ան մնացել է նույնը. Այսինքն, որքան մեր ՀՆԱ-ան է, այդքան էլ փող ենք ստացել դրսից: Մեր գնահատմամբ գործերը ոչ միայն վատ են, այլեւ` վատթարագույն»:



 



Ըստ Հ.Բագրատյանի, իրենց ծրագիրը փորձ է անում երկրում լուծել 4 հիմնախնդիր. Առաջինը սոցիալական բեւեռացումն է: «Դուք գիտեք, որ մեր երկրի 10 հարուստ ընտանիքների ունեցվածքը կազմում է համախառն ներքին ադրյունքի 54%-ը: Նման կոնցենտրացիա գոյություն չունի: Օրինակ Ռուսաստանում դա 3.9 տասնորդական % է կազմում, Ուկրաինայում` 29%, Չինաստանում կամ Հունգարիայի նման պետությունում` 1 %: Սոցիալական այս ահռելի բեւեռացումը թույլ չի տալիս, որ երկիրը զարգանա: Ասենք բացվում է որեւէ հանրախանութ` «Սաս», «Սթար», ինչ ուզում եք անվանեք, ոչ ոք չի ուզում մտածել, որ դրա բացմանը զուգահեռ 50 հատ խանութ անմիջապես քայքայվում է, ինչի արդյուքում երբ մյուս խանութները վերանում են, գները սկսում են աճել: 100-ավոր միլիարդ դոլար ունեցողները վճարում են նույն հարկը, ինչ աղքատ մարդը: Պետք է աստիճանաբար հրաժարվել ավելացված արժեքի հարկի ծառայություններից, որը խրախուսում է սոցիալական բեւեռացումը եւ պետք է անցնել դիֆերենցված հարկատեսակի»:



 



Հ.Բագրատյանի պարզաբանմամբ, հաջորդ պրոբլեմն օլիգարխների խնդիրն  է: «էս հարկային համակարգը ավելի շատ կդառնա պատ, որը կնպաստի մենաշնորհների հետագա ծավալմանը: Հարկային այս ճնշումը բերելու է նրան, որ այլեւս շահավետ չի դառնա օլիգարխիկ կառույցների առկայությունը: Մենք պետք է կտրենք կապը իշխանության եւ օլիգարխների միջեւ: Սկսած հանրապետության թիվ 1 ղեկավարից խոշոր մենաշնորհներ ունեցող մարդիկ կան, հատկապես դա ցայտուն դրսեւորվում էր հանրապետության երկրորդ նախագահի օրոք, նա պարզապես միլիարդատեր է, աղքատ մարդ չէ նաեւ հանրապետության երրորդ նախագահը: Մարդիկ այս կամ այն ձեւով անմիջապես մասնակցում են բիզնեսների կառավարմանը, անմիջական հրահանգներ տալիս, քանի որ ունեն այս կամ այն շահը:  Սա մեզ համար անընդունելի է»: Հ.Բագրատյանի պնդմամբ կա  թեզ, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրման: Նա ներկայացրեց  օլիգարխիայի եւ իշխանության միաձուլմանը վերջ տալու  իր բանաձեւը. «Եւս մի թեզ կա, որ եթե անցնում ես քաղաքական գործունեության, դառնում ես նախարար,  նախագահ, վարչապետ, ունեցվածքդ պետք է հանձնես պետական կառավարմանը: Ընդհանրապես, սեփականության եւ իշխանության միաձուլումն այն քաղցկեղն է, որը բնորոշ է շատ հետխորհրդային երկրների եւ այդ քաղցկեղը պետք է բուժվի»:



 



Մյուս պրոբլեմն ըստ բանախոսի, բանկային, ֆինանսական ոլորտի լկտիությունն է: «Մենք ունենք մի վարչապետ, որը մի քանի բան է սովորել բանկերից,  ամբողջ երկիրը դարձրել է բանկ:  Երբ 2009 թվականին ժողովուրդը մասսայական աղքատացավ, տնտեսությունը 15%-ի անկում ապրեց, բանկերը 53%-ով  ավելացրեցին շահույթը, սա անընդունելի է: Բանկ բացելը շատ դժվար է, ուստի կարող են գործել միայն խոշոր բանկերը, եւ եթե նայում ենք բանկերին, մի քանի բանկեր տվել են արտասահմանցիները, մյուս բանկերը կառավարության մեջ գտնվող օլիգարխներին են պատկանում»:



 



Մյուս խնդիրը փոքր եւ միջին բիզնեսի խրախուսումն է: Պետք է, որ բնակչության 40-50%-ը զբաղվի մանր եւ միջին բիզնեսով: Այսօր պետական բյուջե հարկային մուծումներ են կատարում 12000 ձեռնարկություն, պետք է,  որ գործի ոչ պակաս, քան 80-ից-100.000 ձեռնարկություն:



 



Ասուլիսի ընթացքում Հ.Բագրատյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու ընդդիմությունը միասնականություն այս ընտրություններում չցուցաբերեց, Հ.Բագրատյանը պատասխանեց.«Ես չեմ կարող ասել, ընդդիմություն երեւի կա, ես գիտեմ, որ հաստատ ընդդիմություն եմ: Լավ երկրներում նախագահական ընտրություններից առաջ անում են ընդդիմության ընտրություն: Բայց ընդդիմությունն անտարբեր է. Ոչ մի նմանություն չկա Բագրատյանի ասած գաղափարախոսության մեջ եւ ասենք ազգայնական թեզերի: Ինձ համար տարբերություն կա հայրենասիրության եւ ազգայնականության միջեւ: Մի այդպիսի փորձ եղավ, միավորված ընդդիմություն ձեւավորելու, հանձինս ՀԱԿ-ի. Այնտեղ կային սոցիալիստներ, ազատականներ»:



 



Հ.Բագրատյանը չցանկացավ խոսել նախագահի մյուս թեկնածուներից, ասելով, որ միայն Սերժ Սարգսյանից կարող է խոսել, քանի որ եթե մյուս թեկնածուներից խոսի, ինքը կդառնա Սերժ Սարգսյանի մարդը: «Ինչպես գիտեք, մյուս 6-ը տարբեր առիթներով իմ հասցեին արտահայտվել են, կոշտ պատասխան ստացան, եւ ես ասել եմ, որ եթե մի անգամ էլ էսպիսի բան անեք, ուրիշ պատասխան կլինի, ուրեմն չենք գնահատում նրանց ոչ լավ, ոչ վատ»:



 



Անդրադառնալով հանրապետության բնական ռեսուրսների շահագործմանը, Հ.Բագրատյանը նշեց, որ կան բնօգտագործման նորմեր: «Օրինակ Քաջարանը. Գործարանը  լրիվ վերցված է, վերցրել է հանրապետության երկրորդ նախագահը»:



 



Մեր այն հարցին, թե ինչպես անել, որ ոստիկանությունը չդառնա իշխանությունների կամակատարը, Հ.Բագրատյանը պատասխանեց.«Մեր ծրագրում այդպիսի կետ էլ կա, որ ոստիկանությունը դարձնել հասարակական կարգի պահպանման մարմին, հիմնական ֆունկցիաներով հանձնել մարզերին:  Եվ, ի դեպ նախագահն է նշանակում ոստիկանապետին, նա կապ չունի երկրի ազգային անվտանգության հետ: Որոշ բարեփոխումներ ոստիկանությունում` ավտոմատ արագաչափերի տեղադրումն օրինակ ողջունելի է: Եթե մի բան լավ է, ավելի լավ է դա, քան թե գային կաշառք վերցնի: Երեւանում արդեն ամրագոտիներ են կապում, ես ամրագոտի չեմ կապում, տուգանում են, կանգնեցնում, բայց ես ելնելով անվտանգությունից, չեմ կապում ամրագոտի,  քանի որ արագ չեմ քշում»:



 



Հ.Բագրատյանին հարցրեցինք, թե ինչու մասնավոր սեփականություն հանդիսացող որեւէ օբյեկտ չունի: Նա պարզաբանեց.«Ես օբյեկտ չունեմ, էդ վատ է, որ չունեմ, քանի որ միշտ փողը հերիքել է, որ աշխատել եմ: Ես զեկուցեցի հրապարակավ, որ աշխատել եմ 2 մլն 700 հազար դոլար փող, հիմա որ դժբախտաբար դարձա պատգամավոր, պակասեց փողս, դրսում մեծ պաշտոն ունեի, շատ ժամեր էի վերցնում, բայց տարեկան 50-ից 100, 120 հազար դոլար կարողանում եմ աշխատել դասախոսությունների միջոցով: Կարող էի բիզնես ունենալ, կոնյակում էին ասում, ես փայատեր չեմ եղել այնտեղ: Կոնյակի գործարանը գնել են  Ռոբերտ Քոչարյանից, մի տարի հետո վիճակը վատացել էր, հրավիրեցին ինձ, ես էնտեղ չէի գնա, Վաշինգտոնում` «Արժույթի միջազգային հիմնադրամում» աշխատում էի: Պարզապես նրանք ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցին: Բացի այդ վարչապետ լինելուց հետո ես շատ ծանր վիրահատություններ տարա եւ էն ժամանակ շատ դեպրեսիվ վիճակ էր ինձ մոտ, բոլորը քննադատում էին` մազութ եւ այլն, բայց էն ժամանակ ես որոշեցի գալ Երեւան եւ գոհ եմ, որ կոնյակի գործարանում աշխատել եմ եւ արտադրության ծավալները 800 հազար լիտրից 5 մլն լիտրի հասցրեցի եւ շահեց ամբողջ հայկական կոնյակագործությունը».պատասխանեց Հ.Բագրատյանը:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ