Ընդամենը 10 տեղամասում վերահաշվարկի դիմում է ներկայացվել

Ընդամենը 10 տեղամասում վերահաշվարկի դիմում է ներկայացվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո երեկվա դրությամբ ստացել էր 51 դիմում, որոնցից 47-ը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու, իսկ 4-ը՝ վերահաշվարկի պահանջով:



 



ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, վերահաշվարկի դիմումներից միայն 2-ն է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը, որը ներառել է թվով 10 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու պահանջ: Վերահաշվարկի մեկ դիմում ներկայացրել է Սերժ Սարգսյանի վստահված անձը, եւ եւս մեկ տեղամասում վերահաշվարկ իրականացվելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Երեկ դեռեւս օրվա սկզբին, երբ մի քանի տեղամասերում սկսվել էր վերահաշվարկը, «Ժառանգության» գրասենյակից ահազանգեցին, որ վերահաշվարկն իրականացվում է առանց իրենց ներկայացուցիչների, եւ դիմել էին ԿԸՀ՝ գործընթացը դադարեցնելու պահանջով: Սակայն ավելի ուշ ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ վերահաշվարկ կատարվել է երկու  ԸԸՀ-ում՝ թիվ 2 եւ թիվ 3, եւ այդ երկու տեղամասում էլ «Ժառանգությունից» ներկայացուցիչ եղել է:



 



Թիվ 2 ընտրատարածքում մասնակցել է Ստյոպա Սաֆարյանը, իսկ թիվ 3 ԸԸՀ-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Վարդանյանը, ինչպես նաեւ Դանիել Իոաննիսյանը: «Ժառանգությունից» հետո պարզեցին, որ թյուրիմացություն է եղել: Այնուամենայնիվ, թիվ 2 ընտրատարածքում իրականացված թիվ 2/3 եւ 2/5 տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում թիվ 2/5-ում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները հավասարվել են, Սերժ Սարգսյանի օգտին գրանցված 348 քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել, իսկ անվավերներից 3-ը վավեր է ճանաչվել եւ ավելացվել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներին: Վերահաշվարկին ներկա Ստյոպա Սաֆարյանը, սակայն, դժգոհել է թիվ 2 ընտրատարածքում իրականացված վերահաշվարկից՝ նշելով, որ հանձնաժողովը տեղամասերն իր հայեցողությամբ է ընտրել եւ ոչ թե բողոքող կողմի  ցանկությամբ: Սաֆարյանի խոսքով, իրենց առաջարկած տեղամասերում հանձնաժողովը հրաժարվել է վերահաշվարկ անել:



 



Վերահաշվարկի դիմում ներկայացվել էր նաեւ թիվ 5 տեղամասի համար, սակայն տեղամասի հանձնաժողովի նախագահը մեզ ասաց, որ հանձնաժողովը նիստով որոշել է մերժել դիմումը: Իսկ թիվ 3 ընտրատարածքում իրականացված հաշվարկի արդյունքում ոչ մի փոփոխություն չի գրանցվել:



 



Նշենք, որ դիմում-բողոքներ ԿԸՀ կարելի էր ներկայացնել քվեարկության օրվա հաջորդ օրը, մինչեւ ժամը 18-ը: Այսինքն՝ եւ վերահաշվարկի, եւ ընտրությունների հետ կապված ցանկացած դիմում ներկայացնելու համար արդեն ուշ է: Ներկայացված դիմումներն էլ կքննարկեն մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` փետրվարի 25-ը: