Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է

Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է
Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքին ներկա էին նաեւ ՀԱԿ նախկին թիմից մի շարք գործիչներ, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը,  «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք: Նախընտրական գործընթացում չեզոք դիրք գրաված Արամ Սարգսյանն իր ներկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մեկնաբանեց նրանով, որ ինքը պարզապես քաղաքացի է եւ միշտ այնտեղ է, որտեղ ժողովուրդն է:



 



- Այսօր ղարաբաղյան շարժման 25-ամյակն է, 25 տարի է՝ այս հրապարակում հանրահավաքներ են տեղի ունենում, 25 տարի է՝ ժողովուրդը հրապարակ է գալիս պայքարելու: Ժողովուրդը պայքարի ջանք ունի եւ ապագա ունի: Ինքն իր ֆիզիկական անվտանգության համար պայքարել է ղարաբաղյան ազատամարտում, հետո իր անկախության համար, հիմա պայքարում է իր իրավունքների համար: Այդ պայքարի ընթացքում ես միշտ այս հրապարակում եմ: Սա իմ հրապարակն է (ծիծաղում է): Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է: Ես վայր դրեցի իմ մանդատը եւ հայտարարեցի, որ ես լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ: Այնպես որ, ես իմ ասածի համար եկել եմ այստեղ եւ մասնակցում եմ: Թե ինչ կլինի սրա արդյունքում, ինչ քայլեր կարվեն, կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ ես դրան պատասխանեմ: Եթե ես լինեի այդ քվեները հավաքածը, քայլերն էլ կասեի, գործողություններ էլ կանեի: Բայց հիմա իրենք պետք է ասեն, եւ ես, որպես քաղաքացի, կմասնակցեմ այդ գործընթացին:



 



- Հարթակ չե՞ք բարձրանալու, պարոն Սարգսյան:



 



- Չէ, ես գտնում եմ, որ իմ մասնակցությունը ճիշտ այստեղից է: Ես կլսեմ, թե հարթակից ինչ են ասում, եւ իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ մեր ժողովրդին արդարության հասնելու, այս խայտառակ ընտրությունների տենդենցին վերջ տալու, այս երկրում վերջնական արդարություն հաստատելու հարցում:



 



- Պարոն Սարգսյան, Րաֆֆին կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ գալ հրապարակ եւ միանալ իրենց: Հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի միավորումը Հովհաննիսյանի շուրջ:



 



- Չեմ ուզում որեւէ կանխատեսում անել, որովհետեւ եթե ես նման բաներ ասեմ, նշանակում է մնացածին ասում եմ՝ դուք էլ եկեք հրապարակ, տեսեք, ես լավն եմ, որ եկել եմ հրապարակ, իսկ դուք վատն եք, քանի որ չեք եկել… նման բան չկա: Ես իրավունք չունեմ նման բան ասել: Ես եկել եմ, իմ ներկայությամբ իմ բողոքն արտահայտում եմ, իսկ մնացածը ինչպես կդասավորվի, կտեսնենք առաջիկայում:



 



 - Ոմանք կարծում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մինչեւ վերջ առաջնորդել ժողովրդին եւ համաժողովրդական շարժում ձեւավորել, ժողովուրդը կարծես ավելի վճռական է տրամադրված, քան քաղաքական գործիչները:



 



- Գիտեք, համաժողովրդական շարժումներ ձեւավորելու խնդրի մեջ չէ արդարության պահանջը: Արդարության պահանջը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, որը տանը նստած՝ քարոզարշավին, երկրի վիճակին նայելով, իր հարեւանների փակ դռներին նայելով, գնաց ու քվե տվեց: Ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան ընտրելով որպես առաջնորդ: Թող լսի, թե իր առաջնորդն ինչ է ասում ու ըստ նրա ասածի էլ առաջ գնա: Կհավատա, իր սրտով կլինի իր առաջնորդի ասածները, միանշանակ հաջողություն կունենա: Ժողովրդի սրտով չի լինի նրա ասածները, ապա ժողովուրդը պետք է ինքն իրեն մեղադրի, որ այս անգամ էլ առաջնորդի առումով չունեցավ այն հաջողությունը, ինչ որ նախկինում:



 



- Իսկ ժողովրդի տրամադրվածությունը վճռակա՞ն կգնահատեք:



 



- Գիտեք, ես հիանում եմ էս ժողովրդով: Ժողովուրդն  ապացուցեց, որ ցանկացած հուսահատության, ցանկացած՝ իրեն թողնելու, իրեն անհուսության մատնելու պարագայում ինքը, միեւնույն է՝ նախագահական ընտրություններում իր վճռական այո-ն ասում է ընդդիմությանը: Սա լավագույն ցուցանիշն է, սա պայքարող ժողովրդի հիմնական առավելությունն է, եւ, սրանից ելնելով, անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական որ կենտրոններն ինչ են մտածում Հայաստանի ապագայի մասին, թե քաղաքական ամենատարբեր կուսակցություններ ինչ ծրագրեր ու մեխանիզմներ են մտածում, միեւնույն է, մեր ժողովուրդն ապագա ունի: Ես հավատում եմ այս պետության կայացմանը: