Ես պատրաստ եմ պայքարել մինչեւ վերջ

Ես պատրաստ եմ պայքարել մինչեւ վերջ
Ազատության հրապարակը, ինչպես եւ սպասվում էր, դարձյալ լցվեց հետընտրական պայքարի ոգով: Ընտրությունների կեղծված արդյունքների դեմ պայքարի ելած հազարավոր քաղաքացիներ երեկ եկել էին խորհրդանշական հրապարակ՝ իրենց բողոքի ձայնը հայտնելու: Սերժ Սարգսյանը, ում հետ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն էր հայտնել հանդիպել եւ իշխանությունը հանձնել ժողովրդին, իր խոսնակի միջոցով պատասխանել էր, թե ամեն պահի պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին՝  «հատկապես երբ խոսքն ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում»:



 



Երեկ «Ազատության» հարթակում էին արմատական ընդդիմությունից անջատված գործիչներ՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ  Սարգսյանը, Կարապետ Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը,  ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ այլք:  Տպավորիչ էր Փաշինյանի ելույթը, ակնհայտ էր, որ, անցյալում թողնելով «Ժառանգության» նկատմամբ վերաբերմունքը, պատրաստ է կանգնել շարժման կողքին, որը միտված է երկրում ժողովրդավարության հաստատմանը: Նիկոլի ելույթը, Արամ Սարգսյանի ներկայությունը շատերին վստահություն ներշնչեցին, որ «Ժառանգության» առաջնորդը հնարավոր է կամք դրսեւորի ու պայքարի կեսից չփոշմանի:



 



Ավելին, Նիկոլը կոչ արեց, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են երկրում օրինականություն հաստատելու անհրաժեշտությամբ, պետք է առանց նախապայմանների միանան «նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի դե-յուրե ամրագրման» շարժմանը: «Կրկին փետրվար է, եւ կրկին մենք այստեղ ենք: Դա խոսում է այն մասին, որ թեեւ իշխանությունների ջանքերին, ժողովուրդը չի կոտրվել»,-հայտարարեց Փաշինյանը: Ելույթներն  ընդմիջվում էին «Րաֆֆի՝ նախագահ, Սերժիկ, հեռացիր», «Ազատություն» վանկարկումներով: «Ուժեղ ենք, թող ոչ ոք չվախենա ու չնահանջի: Երբ միասին լինենք, հաղթանակը մերն է,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շարունակեց:- Դիտորդները ինչ ուզում են՝ թող գրեն: Մեկը լավ, մեկը վատ, մեկը նորմալ է գրում, մեկը՝ ծախված, բայց առաջին հերթին Հայաստանի ճակատագիրը Հայաստանի ձեռքերում է»:



 



Նա հայտարարեց, որ վաղը, այսինքն՝ այսօր, նորից կհանդիպեն, եւ դա կլինի ոչ թե վախճանը, այլ սկիզբը մեր արժանապատվության: Վերջում էլ կոչ արեց՝ վաղը միմյանց ասենք բարի լույս. «Մենք ձեզ կդիմենք նոր խոսքով, երիտասարդներով, մտավորականներով: Եվ վաղը եթե ժամանի մեր հրապարակ Հայաստանի երրորդ նախագահը, կողջունենք, իր ծառայության համար շնորհակալություն կհայտնենք եւ միասին կհայտարարենք Հայաստանի 4-րդ հանրապետությունը»:  Այս հայտարարությունից հետո Րաֆֆին իջավ հարթակից ու «Սարերի քամի» երգի տակ պարեց ժողովրդի հետ: «Այլեւս ոչ մի ողբ, ոչ մի լաց, գնում ենք դեպի հաղթանակ»: Իսկ մեր հարցին, թե կասկածներ կա՞ն, որ շատ շուտով կնահանջի եւ հուսախաբ կանի ժողովրդին, պատրա՞ստ է գնալ իր քվեի ետեւից մինչեւ վերջ, հայտարարեց. «Ես պատրաստ եմ»: