Կադրեր

Կադրեր
Ընտրություններն արդեն հետեւում են, եւ այժմ իշխանությունները կադրային վերադասավորումների են պատրաստվում` հուսալով, որ դրանով կլիցքաթափեն իրավիճակը եւ ժողովրդի մեջ կյանքի բարելավման հույս կներշնչեն:



 



Մասնավորապես, տեղեկություններ էին շրջանառվում, թե վարչապետի փոփոխություն է տեղի ունենալու. եթե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ապա ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը կնշանակվի ԱԺ նախագահ: Վարչապետի պաշտոնի համար քննարկվում է նաեւ Սեյրան Օհանյանի թեկնածությունը: Երեկ Գալուստ Գրիգորիչը մեր թղթակցի հետ զրույցում ըստ էության չի բացառել կադրային փոփոխությունների հարցը, բայց կոնկրետ իր մասով զերծ է մնացել մեկնաբանություններից. «Ժամանակից շուտ վերլուծություններ չեմ ուզում անել, պարզապես կասեմ հետեւյալը՝ այն ծրագիրը, որ կմատուցվի հասարակությանը, այդ ծրագրին հատուկ էլ կլինեն նաեւ դերակատարները»:



 



Երեկ խոսվում էր նաեւ, որ փոփոխությունների հաջորդ վեկտորն ուղղվելու է Շիրակի մարզի դեմ, որտեղ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Շրջանառվում էր ոչ միայն մարզպետ Աշոտ Գիզիրյանի, այլեւ ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականների հարցը: Սակայն Գիզիրյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան նախ հետաքրքրվել է՝ պաշտոնա՞նկ են անելու, թե՞ հրաժարական եմ տալու: Երբ լրագրողը հստակեցրել է՝ եւ այն, եւ այն, Գիզիրյանն ասել է՝ ոչ մեկը, ոչ մյուսը: Կապրենք՝ կտեսնենք: