Մենք այս շանսը բաց թողնելու իրավունք չունենք

Մենք այս շանսը բաց թողնելու իրավունք չունենք
Ինչ են մտածում եւ ինչպիսի ընթացք են պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին Ազատության հրապարակ եկած մարդիկ: Երեկ զրուցեցինք մի քանիսի հետ:



 



Արտաշես Ղազարյան - Ինչ կատարվում է Ազատության հրապարակում, մի թանկ բան է ապացուցում, որ այն թաքուն ու բացահայտ ճիգերը գործադրելով՝ իշխանությունները չկարողացան վերջնականապես կոտրել մեր ժողովրդին: Այսպիսի ժողովուրդը պարտավոր է ապրել իսկապես իրավական երկրում՝ նորմալ, մարդկային կյանքով: Եվ այս շարժումը, ես վստահ եմ, որ այս անգամ, անկախ նրանից, թե ինչպիսի սադրանքներ ու բռնություններ կլինեն, ժողովուրդը հաստատապես հասնելու է հաղթանակի, եւ ռեալ շանսերը կան: Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքական գործիչ, այսօր չէ ասպարեզ եկել, մեր անկախության առաջին պահից ինքը նվիրվեց այս երկրին, անկախությանը, եւ ժողովուրդն այսօր դա է գնահատում: Նախ, Րաֆֆիի մեջ տեսնում են այս երկրի նվիրյալ զավակին, եւ այստեղ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունն ու հաղթանակն է կարեւոր, այլ մեր ժողովրդի այս հզոր պոռթկումը, որ այսքան կորուստներից հետո ոտքի կանգնեց եւ ասաց՝ ես իմ երկրի տերն եմ: Ես վստահ եմ, որ այս անգամվա ընդվզումը՝ փորձված տառապանքով անցած, մարտի մեկերով անցած, այս անգամ ժողովուրդը կլինի միասնական, կուռ ու կհավատա իր երազին, որովհետեւ մենք այս շանսը բաց թողնելու իրավունք չունենք:



 



Հարություն Թումանյան - Ես Երեւանում եմ եղել, ընտրությունները շատ լավ է անցել, Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել: Ուզում եմ հավատալ, որ այսօր այստեղ հավաքվելով՝ վերջապես կհասնենք հաղթանակի: Բոլորն էլ հենց այդ հավատով են եկել: Ժողովուրդը կանգնած է, պիտի համառի, իր իրավունքները պաշտպանի եւ մինչեւ վերջ հասնի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենապարկեշտ, ամենախելացի, զարգացած առաջնորդն է, եւ վստահ եմ, որ կարող է ամենալավ նախագահը լինել:



 



Հայկ Բոյաջյան - Ես լավատես եմ, ուղղակի հուսով էի, որ ավելի ոգեւորված կլիներ մեր ժողովուրդը, ավելի մեծ թվով ներկա կլիներ: Շատ ցավ է պատճառում, որ մեր ժողովուրդը, ըստ երեւույթին, ահավոր հիասթափված է, մարդիկ տխուր են, բայց էլի եկել են: Պետք է հավատալ, Րաֆֆուն պետք է այդ հավատը: Րաֆֆին իսկապես կլինի լավ նախագահ: Ինձ համար երկու բան շատ կարեւոր է նախագահի համար՝ հայրենասիրությունը եւ կուշտ լինելը: Այդ երկու հատկանիշներով, որ ունի Րաֆֆին, լավ նախագահ կլինի: Բայց որ դարձավ նախագահ, շատ մեծ գործ ունի կատարելու, այդ համակարգը փոխելը, այդ օլիգարխների հետ պայքարելը հեշտ գործ չէ: Շատ ամրացած է այդ համակարգը, եւ դժվար է փլուզելը: Այնպես որ, Րաֆֆուն դժվար ճանապարհ է սպասվում:



 



Աշոտ Գեւորգյան - 2003թ. ընտրություններից հետո հայտարարեցին, որ Քոչարյանի ձայները 61 տոկոս են, իսկ Ստեփան Դեմիրճյանինը՝ 30-քանի, հիմա Սերժի ձայները 58 են հայտարարում: Այն ժամանակ ժողովուրդն ընդվզեց, եւ հայտարարեցին երկրորդ փուլ, հիմա էլ այս ամենը երկրորդ փուլի է տանում: Ես այս ընտրություններում տեսա մի գործոն, որ այս 5 տարվա պայքարն արթնացրեց խոհանոցից դուրս չեկող, ընտրությունների երբեք չմասնակցող մարդկանց, եւ նրանք գնացին ընտրության: Մասնակցողների այս մեծ թիվը հենց դրա արդյունքն է: Այս ընտրությունները նրանով են տարբերվում մյուսներից, որ արթնացրին քնածներին:



 



Սահակ Գրիգորյան - Րաֆֆին հավաքել է մինիմում 55 տոկոս ձայն: Այսօր պարտավոր էին հավաքվել, միասին լինել այն բոլոր թեկնածուները, ովքեր դուրս էին եկել ինչ-որ բան փոխելու: Եթե չեն միավորվում, ուրեմն սխալ է, ցանկացած մարդ պարտավոր է այս անօրինության դեմ դուրս գալ: Եթե չեն հավաքվում, միավորվում, ուրեմն դա այն վախի հոգեբանական գործոնի ազդեցությունն է, որը տարիներ շարունակ կիրառվում է, այստեղ իշխանությունները հասան իրենց նպատակին: Մարդկանց 70-80 տոկոսը, վախենալով, որ մարտի 1 է եղել, դուրս չի գալիս, եւ դրանով իշխանությունն իր ազդեցության գործոնի պտուղներն է քաղում այսօր:



 



Պերճուհի Տատուրյան - Պարզապես ընտրություն չի եղել: Ընտրությունները մրցակցային չէին, ընդամենը պոպուլիզմ էր: Միշտ իրական պատկերին լրիվ հակառակ արդյունքներ են ցույց տալիս, ասում են էն, ինչ որ իրենք են ուզում, ի՞նչ կա զարմանալու: Ես ոչինչ չեմ մտածում, ես ամեն օր աղոթում եմ, որ հայ ժողովուրդն սկսի մտածել, ցավոք, պետք եղած չափով չի մտածում: Երբ մենք գալիս էինք Ազատության հրապարակ եւ մտածում, եթե կես միլիոն մարդ կանգնի հաղթած նախագահի շուրջ, նրանք հաղթելու են առանց արյունի, իրենց տներից զանգում էին, հարցնելով, թե ինչ է կատարվում, ասում էինք՝ ինչո՞ւ չեք գալիս, պատասխանում էին՝ դե լավ, կարեւորը գնում եք, մենք ձեզ հետ ենք: Ես չեմ ուզում բոլորին մեղադրել, երեւի Մարտի 1-ն ունեցավ իր վախեցնող ազդեցությունը, բայց բոլոր դեպքերում այսպես չէ, որ կանգնում են: Անգամ կողմնակից չլինելով՝ գնացել եւ ձայն է տվել Րաֆֆիին, միայն թե Սերժը չլինի, բայց հիմա ո՞ւր է այդ ժողովուրդը: Մեր ժողովուրդը, չգիտեմ ինչ-որ թմբիրի մե՞ջ է, թե՞ որակապես փոխվել է:



 



Գայանե Գրիգորյան - Մենք մի ահռելի մեխանիզմ ենք մշակել ընտրությունները կեղծելու եւ գիտեինք, որ այս արդյունքներն են լինելու: Եթե ոչ մի թեկնածու չառաջադրվեր, Սերժը մենակ էր մնալու, եւ դա միջազգային խայտառակություն էր լինելու, իրա լեգիտիմությունը դառնալու էր զրո, եւ ժողովուրդը հաղթելու էր իր չմասնակցելով, իր բոյկոտով: Տեսեք, թե քանի կուսակցություն բոյկոտեց իր չմասնակցելով, այդպես էլ թեկնածուները պիտի անեին:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ