Ուսուցիչները չե՞ն հիվանդանում

Ուսուցիչները չե՞ն հիվանդանում
Առաջին հայացքից ողջունելի է, երբ  կառավարությունը կրթական համակարգի աշխատողների բժշկական ապահովագրության ծախսերը վերցնում է իր վրա: Իսկ խնդրին հիմնովին ծանոթանալուց հետո հայտնաբերում ես, թե ինչքան անփույթ ու չկամ է հայրենի կառավարությունը, երբ այսօր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ուսուցիչներ զրկված են անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:



 



Մի խոսքով, կառավարության կողմից հաստատված անվճար ապահովագրության ցանկում ընդգրկվում են մեկ դրույքով ապահովված մանկավարժները: Մեկ դրույքաչափը 22 ժամ է: Դրանից պակաս ժամաքանակ ունեցողները կապահովագրվեն մասնակի, իսկ ահա կես դրույքից՝ 11 ժամ, անգամ մեկ ժամ պակաս ունեցող ուսուցիչները լիովին զրկվում են հատկացվող «շռայլությունից»: Այդ խմբի մեջ կարող են մտնել 20, 30 եւ ավելի մանկավարժական ստաժ ունեցողները, որոնք ավելի շատ առողջապահական խնդիրներ ունեն եւ գուցե ավելի շատ վաստակ` մատաղ սերնդին կրթելու գործում: Գովելի է, որ անվճար բժշկական ապահովագրությունից օգտվում է նաեւ դպրոցի տեխնիկական անձնակազմը` հավաքարարը, պահակը եւ այլն:



 



Սակայն մի կողմից էլ խնդրահարույց է, երբ այս հաստատության հավաքարարը կամ պահակը կարող են օգտվել անվճար բժշկական ապահովագրությունից, իսկ 10 ժամ ունեցող ուսուցիչը` ոչ: Հատկանշական է, որ սրանից 4-5 տարի առաջ ուսուցչի դրույքաչափը եղել է ոչ թե 22, այլ 18 ժամ, կես դրույքը` ոչ թե 11, այլ` 9 ժամ: Այս փոփոխությունը կատարվել է ներկայիս կառավարության ձեռամբ` 12-ամյա կրթական ծրագրին անցնելու նախաշեմին: Հիշեցնենք, որ 12-ամյա կրթությունը հիմա բաժանված է երկու փուլի` հիմնական եւ ավագ դպրոցների: Լիարժեք` 12-ամյա կրթություն ստանալու համար հիմնական դպրոցի սանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է ուսումը շարունակի: Աշակերտն այդ նույն 12-ամյա կրթությունը կարող է ստանալ նաեւ քոլեջում կամ վարժարանում: Այս հանգամանքը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ հիմնական դպրոցների ուսուցիչների դասաժամերի քանակի վրա:



 



Նշենք նաեւ մեկ այլ հանգամանք. տարբեր պատճառներով դպրոցներում աշակերտների քանակը նվազում է, դրան զուգահեռ, նվազում է դասարանների քանակը: Այս հարցում իր ծանրակշիռ մեղավորությունն ունի կառավարությունը, որն ուղղակիորեն նպաստում է զանգվածային արտագաղթին: Այս պարագայում անխնա փակվում են դասարաններ, եւ դրա արդյունքում ուսուցչի դասաժամերը եւս կրճատվում են: Պարզ է` ցանկացած կոլեկտիվում առաջանում են անլուծելի խնդիրներ: Էլ չենք ասում, որ բազմաթիվ ուսուցիչներ ամեն ուսումնական տարվա հետ համալրում են գործազուրկների բանակը:



 



Հիշենք, որ կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ տարիներ շարունակ թաղված հայտնի ոլորտները թողած` պետական մակարդակով հայտարարվում է, թե կրթական համակարգը կոռումպացված է: Ինչո՞ւ են այդքան խոցելի դպրոցն ու ուսուցիչը: Չէ՞ որ իշխանություններն են իրենց անհեռատես, անսրտացավ ու փուչ որոշումներով դարձրել դրանք այդքան թույլ, երերուն, ուղղակի գոյատեւող: Էլ չենք ասում, որ տեղական իշխանությունները դպրոցը դարձրել են իրենց շահերի համար օգտագործվող կառույց` ստիպելով, ահաբեկելով նրանց՝ ընտրելու իրենց ուզածին կամ լինելու այնտեղ, որտեղ անհրաժեշտ է մարդկանց գլխաքանակ ապահովել:



 



Ե՞րբ է հասկանալու կառավարությունը, որ մի օր հենց նույն մանկավարժների համբերության բաժակը լցվելու է, եւ նրանք եւս դուրս են գալու փողոց:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ