Զորանոցային վիճակ

Զորանոցային վիճակ
«Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ եւ ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետեւ գնալ, քշտել թեւքերը եւ անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է»,- ասուլիսում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:



 



Արդյո՞ք այս հայտարարությունը համատեղելի է իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սովետական անցյալին հրաժեշտ տված, բազմակարծություն որդեգրած երկրի սկզբունքների հետ: Այդպիսի միակարծություն, երբ կարծիքի իրավունք ուներ միայն վերադասը՝ լիներ կոլխոզի նախագահ, ռայկոմի քարտուղար թե պալիտբյուրոյի ղեկավար, մենք արդեն տեսել ենք: Եվ սովետ երկրի քանդվելու պատճառներից մեկն էլ խոսքի ու կարծիքի ազատության բացակայությունն էր: Այն հեղձուցիչ մթնոլորտը, երբ մարդիկ խոհանոցներում դժգոհում էին, իսկ հրապարակներում «ուռռա» բղավում: Մինչդեռ մարդիկ որքան իրար նման են, նույնքան էլ տարբեր են, ուստի չեն կարող միանման մտածել եւ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ չունենալ: Եվ, վերջապես, ինչո՞ւ պետք է իշխանության մեջ գտնվողները վախենան իրենց կարծիքը հայտնելուց եւ վերադասին քննադատելուց:



 



Գուցե հենց այդ զորանոցային «հավսար-զգաստի» վիճակն է այն «գաղջ» մթնոլորտի պատճառը, որի մասին խոսում էր ինքը՝ Սերժ Սարգսյանը, եւ որը, այո, նկատում են բոլորը: Եթե վերադասին քննադատելը մեզանում արգելված է, ինչպե՞ս կարող են առողջ բանավեճեր ընթանալ իշխանության ներսում, սխալ որոշումները կանխվել: Հենց նման մթնոլորտում չի՞ ձեւավորվում անձի պաշտամունքը, քծնանքը, պնակալիզությունը: Եվ այդ մթնոլորտը չէ՞ պատճառը, որ սխալ պատկեր են ներկայացնում երկրի նախագահին, համոզում, որ «պրոբլեմ չկա», որ հասարակությունը գոհ է ու երջանիկ, իսկ երկիրը ծաղկում է ու բարգավաճում: