Նամակիդ կսպասեմ

Նամակիդ կսպասեմ
Երեկվա թիվ մեկ իրադարձությունը Սերժ Սարգսյանի «նամակն» էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչինչ, որ մոտ կես կիլոմետր միմյանցից հեռու գտնվող գործիչները խոսում են նամակի լեզվով՝ նորմալ է ու նախընտրելի, քան սպառնալիքների ու հայհոյանքների, առավել եւս զենքի լեզուն: Բայց արժեր, որ ավելի ազնիվ լինեին ինչպես միմյանց, այնպես էլ հանրության հետ:



 



Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն արտահերթ նախագահական ընտրություններ է պահանջում, թերեւս վստահ է, որ դա չի կատարվելու, եւ այդ անիրատեսական պահանջը ներկայացնելու իմաստը սեփական կամքն ու մարտական տրամադրվածությունը ցուցադրելն է: Նույնը եւ Սերժ Սարգսյանն է անում, երբ խոսում է «արդյունավետ երկխոսություն» սկսելու, «թուղթ ու գրիչով» աշխատելու, «հաստատապես արդյունքի հասնելու» մասին: Թեեւ պատասխանի առավել համոզիչ մասն այն դիտարկումն է, որ իրեն հասցեագրված «գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին» եւ «հում շարադրանք» է: Մի կողմից, փաստորեն, ՀՀ նախագահը հասկացնում է, որ առաջարկներդ բանի նման չեն, մյուս կողմից ուզում է հույս ներշնչել, որ բանակցություններն արդյունք կտան:



 



Երբ պատասխանի միմյանց հակասող այս տրամադրությունները համադրում ես, դժվար է չեզրակացնել, որ այն մի նպատակ ունի՝ ստիպել, որ Րաֆֆին դուրս գա հացադուլից եւ ամեն ինչ անել ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունն անկոնֆլիկտ անցկացնելու համար: Մյուս կողմից, չի հասկացվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կտրուկ մերժումը՝ բանակցություննե՞ր էիր ուզում՝ խնդրեմ: Պաշտոննե՞ր էիր պահանջում՝ պատրաստ են քննարկել փաթեթը: Եթե համաձայն չես, ուրեմն ուզածդ շոու է՝ բախումների հրահրման հեռանկարով: