Կրուազեթում նորից կինոկրքեր են բորբոքվելու

Կրուազեթում նորից կինոկրքեր են բորբոքվելու
Մայիսի 15-ին մեկնարկում է Կաննի հերթական` 66-րդ կինոփառատոնը; Աշխարհի այդ ամենահեղինակավոր կինոստուգատեսն այս անգամ բացվելու է Կաննի բազմակի ուղեգրեր արդեն նվաճած ավստրալացի Բազ Լուրմանի` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» անվանի վեպի էկրանավորմամբ, որում գլխավոր դերում է Լեոնարդո դի Կապրիոն: Ինչպես միշտ, այս անգամ էլ դեռ մինչև մեկնարկը, կինոփառատոնի շուրջ սկանդալային ասեկոսեները շատ էին, իսկ հատկապես մեծ աղմուկ բարձրացավ` կապված ժյուրիի նախագահի ընտրության հետ: Դեռ երկու ամիս առաջ կինոփառատոնի կազմկոմիտեն շատերին շոկի մեջ գցեց, հայտարարելով, որ այդ պատասխանատվությունը ստանձնելու է Հոլիվուդի արքա Սթիվըն Սփիլբերգը, ի դեմս ում ոչ բոլորն են (անգամ նրա երկրպագուներից շատերը) պատրաստ տեսնել հեղինակային կինոյի ներկայացուցչի, առավել ևս` մարդու, ով պետք է տնօրինի հեղինակային կինոստեղծագործությունների և ստեղծագործողների ճակատագրերը:



Ահա նա էլ` իր խիստ սուբյեկտիվ մոտեցմամբ ընտրեց, ոմանց կարծիքով, բավական վիճահարույց մրցութային 19 ֆիլմերը, դրանց կազմից դուրս թողնելով Հոլիվուդի համար վաղուց <կոկորդում ոսկոր> դարձած դանիացի Լարս ֆոն Թրիերի <Նիմֆուհին> ֆիլմը, և մի շարք այլ` շատերի կարծիքով լուրջ ուշադրության արժանի կինոստեղծագործություններ: Դանիացի արվեստագետի հետ «առանձին հաշիվներ կան», եթե հիշենք նախորդ Կաննում նրա արված հակահրեական հայտարարությունը, որի պատճառով նա ստիպված էր վաղաժամ լքել Կրուազեթի առափնյան: Այնպես որ, չի բացառված, որ ազգությամբ հրեա Սփիլբերգն իր անձնական վերաբերմունքն արտահայտեց` չընդգրկելով եվրոպական կինոյի մետրին մրցութային ցուցակում:



Կինոփառատոնը կտևի մինչև մայիսի 26-ը, այդ օրն էլ հայտնի կդառնան հերթական «Ոսկե արմավենու ճյուղի» հաղթողը, ինչպես նաև`մյուս մրցանակակիր ֆիլմերը:



Ֆավորիտ ֆիլմերի մեջ առաջին հերթին առանձնացնում են Ռոման Փոլանսկու <Վեներան մորթեղենի մեջ>-ը, Քոէն եղբայրների <Լյուին Դէվիսի ներսում>-ը, Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի <Միայն աստված կների>-ն, իտալացի Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն»-ը, ինչպես նաև վերջին տարիներին համաշխարհային կինեմատոգրաֆի ուշադրության կիզակետից չհեռացող իրանցի Ասղար Ֆարհադիի «Անցյալը»: Հիշեցնենք, որ Ֆարհադիի <Նասերի և Սիմինի ամուսնալուծությունը> 2011-ին արժանացավ «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակի, իսկ հաջոդ տարի ամերիկյան կինոակադեմիան նրան արժանացրեց <Օսկարի>, որպես տարվա լավագույն արտերկյա ֆիլմ:



Բացման և փակման արարողությունները վարելու է ֆրանսիական կինոյի ամենաանզուգական աստղերից մեկը` «Ամելի»-ով իր համար համաշխարհային հռչակ նվաճած Օդրի Տատուն:



Լևոն Գևորգյան