Կար Կարեն Ղազարյան, որը կարող էր փոխարինել Ռուբեն Ջաղինյանին

Կար Կարեն Ղազարյան, որը կարող էր փոխարինել Ռուբեն Ջաղինյանին
Հարցազրույց «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ



 



-Պարոն Ղազարյան, տեղեկություններ են շրջանառվում, թե առաջիկայում Ձեզ նշանակելու են Հ1-ի գործադիր տնօրեն` Գագիկ Բունիաթյանի փոխարեն:



 



- Լրիվ սուտ է, ընդհանրապես նման բան չկա…



 



- Իսկ եթե առաջարկեն, կհամաձայնե՞ք:



 



- Նախեւառաջ չեն առաջարկի, երկրորդ հերթին, եթե նույնիսկ մտքներով անցնի էլ, ես չեմ համաձայնի, որովհետեւ ես «Շարմի» գլխավոր տնօրենն եմ, իսկ «Շարմն» էնքան գործեր ու ծրագրեր ունի, որ ես չեմ կարա թողնեմ իմ կազմակերպությունը ուրիշ աշխատանքի համար:



 



- Համատեղման կարգո՞վ էլ չեք փորձի:



 



- Համատեղել անհնար ա, որովհետեւ երկուսն էլ շատ լուրջ, պատասխանատու աշխատանքներ են եւ իրար հետ առնչվում են զուտ մի պուճուր մասով` հեռուստատեսային ծրագրերի: Ես բավականին լուրջ ծրագրեր ունեմ շոու-բիզնեսի, գովազդի հետ կապված, որը հեռուստատեսության հետ այդքան էլ չի առնչվում, դրա համար համատեղելն անհնար է:



 



- Ռուբեն Ջաղինյանն էլ ասում էր, որ «Շարմը» չի թողնելու, բայց այնպես ստացվեց, որ նշանակվեց ու գնաց Հ1, գուցե Ձեր դեպքո՞ւմ էլ պատմությունը կրկնվի:



 



- Ռուբեն Ջաղինյանի դեպքում կար Կարեն Ղազարյան, որը կարող էր փոխարինել Ռուբեն Ջաղինյանին, հիմա 3-րդը չկա, որը կարողանա փոխարինել ինձ:



 



- Իսկ եթե Ջաղինյանը խնդրի, որ «Շարմից» բացի իր համար լավ թիկունք լինեք նաեւ Հ1-ո՞ւմ:



 



- Ինքն էլ ինձ չի խնդրի, որովհետեւ «Շարմ» ընկերությունը դա մեր ընդհանուր զավակն է, եւ Ռուբեն Ջաղինյանն ինքն էլ է շատ լավ հասկանում, որ եթե ես այնտեղ չմնամ, կդառնա…. այսինքն՝ մեզնից մեկը գոնե պետք ա մնա «Շարմում»: Ռուբեն Ջաղինյանը գնաց ավելի լուրջ աշխատանքի եւ կոնկրետ խնդիրներ լուծելու…



 



- Ի՞նչ խնդիրներ լուծելու:



 



- Բոլորս էլ գիտեինք, որ Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ բարվոք չէր եւ այս պահին էլ բարվոք չէ… իսկ հետաքրքիր աշխատանքով կարելի է լուրջ բաներ անել ընդհանրապես բոլորի, մեր ժողովրդի համար, որ նորմալ հեռուստատեսություն ունենանք գոնե սփյուռքի համար: Այնպես որ, դա շատ հետաքրքիր եւ բովանդակալից աշխատանք է, դրա համար Ռուբենը համաձայնեց, բայց Ռուբենի գնալով մեկը պիտի մնար «Շարմում», որ «Շարմը» շարունակի գոյատեւել, ապրել:



 



- Ասացիք, որ այնքան էլ բարվոք վիճակ չէ Հ1-ում, մասնավորապես ի՞նչը նկատի ունեք`լրատվական բլո՞կը, ժամանցայի՞նը, սոցիալակա՞նը:



 



- Այսօր չեմ կարա որեւիցե բան ասել դրա վերաբերյալ, այդ թեմայով ճիշտ կլինի Ռուբեն Ջաղինյանի հետ խոսեք, որովհետեւ դա իր ծրագրերն են լինելու, իսկ էն, որ բարվոք վիճակ չի, կարծում եմ՝ դուք էլ եք դրա մասին տեղյակ: Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս, սփյուռքում էլ, եթե հարցնես, թե ինչքանով են գոհացած Հանրային հեռուստատեսության եթերով վերջին տարիներին, որեւէ մեկը շատ լավ գնահատական տա դրան:



 



- Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը. գուցե այն, որ Հ1-ը գտնվում է նախագահականի վերահսկողության տա՞կ, թե՞ պարզապես մարդիկ են թերացել իրենց աշխատանքում:



 



- Խոսքի ազատության առումով մեր հանրապետության նման ազատ երկիր շատ քիչ կա աշխարհում, այնպես որ դրա հետ ես հեչ համաձայն չեմ: Երեւի մարդիկ տարբեր ձեւ են նայում հեռուստատեսությանը, երեւի էն թիմը, որ աշխատում էր հեռուստատեսությունում, եւ էն հեռուստատեսությունը, որ կարող էին իրենք կառուցել, այն էր, ինչ որ իրենք տեսնում էին: Հիմա, որ եկել է Ռուբեն Ջաղինյանը, կարծում եմ՝ ինչ-որ թիմ կհավաքի իր շուրջ, եւ հույս ունեմ, որ նա էդ թիմով կանի էն հեռուստատեսությունը, որը դուր կգա բոլորիս՝ որպես քաղաքացիներ:



 



- Այնուամենայնիվ, կարծիք կա, որ ամիսներ առաջ, երբ դարձաք ՀՀԿ անդամ, դրանով «հող» նախապատրաստվեց առաջիկայում Հ1-ի տնօրենի պաշտոնում Ձեզ նշանակելու համար:



 



- Ես Հանրապետական կուսակցության անդամ դարձա միայն այն բանի պատճառով, որ հավատում եմ հանրապետության նախագահին, եւ ինքն էլ գլխավորում էր հանրապետականների ցուցակը`ԱԺ ընտրություններից առաջ: Ես էլ, լինելով ակտիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատրաստ էի եւ հիմա էլ պատրաստ եմ իմ ուժերը ներդնել մեր երկրի բարելավման մեջ: Հավատալով պարոն Սերժ Սարգսյանին՝ մտա Հանրապետական կուսակցության մեջ: Իսկ էն, որ մտնում եմ Հանրապետական, որ հետո այս կամ այն պաշտոնին գնամ, ոչ մի այդպիսի պլաններ երբեւիցե չեն եղել, եւ չեմ մտածել դրա վերաբերյալ: Համենայնդեպս, որպես կուսակցության անդամ, եթե ինձ հանձնարարվի կամ իմ հետ հույսեր կապվեն, ես իմ հնարավորության շրջանակներում կաշխատեմ լուծել այդ խնդիրները, որ մեր երկրում մի օր ավելի շուտ լավ կյանք սկսվի:



 



- Այդ դեպքում, եթե կուսակցությունից հանձնարարեն Ձեզ գնալ Հ1 եւ աշխատել Ձեր հնարավորությունների շրջանակում, ի՞նչ կանեք:



 



- Ոչ, ես կբացառեմ դա, որովհետեւ «Շարմ» ընկերությունը շատ կարեւոր դեր ունի մեր երկրում, բավականին մեծ գործեր ենք անում եւ այն պաշտոնին, որին ես այսօր գտնվում եմ, այն գործը, որով ես զբաղվում եմ, կարծում եմ՝ շատ կարեւոր է մեր երկրի ու նաեւ իմ համար: Ես չեմ թողնի այդ գործը, հնարավոր է գտնենք ուրիշ մարդ, որը կարողանա Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարի: