Չերեւակայել, այլ գնալ ու տեսնել. Գրականության եւ արվեստի թանգարան

Չերեւակայել, այլ գնալ ու տեսնել. Գրականության եւ արվեստի թանգարան
Մեր խմբագրությունից քիչ հեռվում, Արամի նեղլիկ,  եւ իհարկե՝ հավերժ շինարարական աղբով լեցուն փողոցի վրա գուցե դեղնավուն մի դռան հանդիպեք, որի ոսկեգույն ցուցատախտակին գրված է. «Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան»:



 



Թանգարանի տնօրեն, արձակագիր Կարո Վարդանյանի հետ ծանոթացել եմ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրությունում, որտեղ նա պատմում էր թանգարանի կյանքի, նրա խնդիրների, թանգարանի ֆոնդերում պահվող մեր գրականության երեւելիների ձեռագրերի, անձնական իրերի, լուսանկարների, հարուստ նմուշների մասին: 4 հազար արկղ, 1 մլն միավոր (ձեռագրի յուրաքանչյուր էջ հաշվվում է որպես 1 միավոր): Գրականության եւ արվեստի թանգարանը միակն է, որտեղ մեր գրականության պատմությունը ներկայանում է ամբողջական համայնապատկերով: Գրական ֆոնդը թանգարանի ամենահարուստ ֆոնդային բաժինն է, որն ընդգրկում է 520 ֆոնդ ու հավաքածու: Հարուստ է հատկապես ձեռագրային ենթաբաժինը կամ ձեռագրատունը, որտեղ, այսօրվա տվյալներով, պահպանվում է 362-536 նյութ: Պետրոս Դուրյանի գանգի բեկորներ: Եղիշե Չարենցի երկար տարիներ հողի տակ թաղված ձեռագրեր, մի մասը՝ անվերադարձ փշրված: Նամակներ, որոնց հեղինակներն են Ա. Դոդենը, Էմիլ Զոլան, Պոլ Էլյուարը, Ստեֆան Մալարմեն, Ժորեսը: Գերմանացի նկարիչ Ֆրիդրիխ Լյուդվիգ ֆոն Մայդելի արած Խաչատուր Աբովյանի դիմանկարը, որը գրողի միակ վավերական դիմապատկերն է: Միսաք Մեծարենցի մատանին, որ նրան նվիրել էր մայրը: Մարկոս Գրիգորյանի հավաքածուն:



 



Երեւակայել հեղինակների կյանքը` ուրիշ է:



 



Տեսնելն ու ուսումնասիրելը այդ կյանքը շրջապատող բաղադրությունը` ուրիշ:



 



Շատ գրողներ հեռավոր երկրներից հասնում են Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, միայն նրա համար, որ տեսնեն Ֆյոդոր Դոստոեւսկու ձեռագրերը, նրա գրելու ձեւը, գրչի գործածությունը, շարժումները, թանաքի ընտրությունը: Որովհետեւ գրականության պատմության մեջ մեծ հետք թողած վարպետների ներքին խոհանոցի ուսումնասիրությունն է, որ մոտեցնում է նրանց ոճի ու խտության բացահայտմանը: Եվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը տալիս է նման հնարավորություն ու սպասում իր գրողներին:



 



Տնօրինությունը, Կարո Վարդանյանի գլխավորությամբ հաղթահարելով վերանորոգման, կազմակերպչական մի շարք լուրջ խնդիրներ, ապագայում այցելուների առջեւ կբացի նոր, հետաքրքիր ոճով պատրաստված ցուցասրահները, որոնցից առաջինը եւ երկրորդը ներկայացնելու են հայ գրականության պատմությունը, երրորդը` թատրոնի, չորրորդը` կինոյի, հինգերորդը` երաժշտության: Կարո Վարդանյանն ասում է, որ թանգարանում եղած ժառանգությունն այնքան մեծ է ու բազմազան, որ նույնիսկ նոր ցուցասրահները չեն կարող ընդգրկել ամբողջը: Եթե նույնիսկ այս օրերին հետաքրքրությունը մեծ չէ դեպի գրականությունը, թատրոնը, կինոն ու երաժշտությունը, գուցե ապագայում խնամքով պահպանված բոլոր իրերը, լուսանկարները, ձեռագրերը, նմուշները, այցեքարտերը, հրավիրատոմսերը, կոնդակները, օրացույցները, ալբոմները, ձայնադարանը, գրադարանը նոր ոգեղենություն, արարման նոր սկզբնադրման շունչ հաղորդեն նրանց, ովքեր կոչվելու են շարունակելու հայ արվեստի պատմությունը:



 



Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում Գրականության եւ արվեստի թանգարանը «Բաց նամակ մտերիմներին» խորագրի ներքո ցուցադրեց 19-20-րդ դարերի հայ արվեստագետների կողմից իրենց սիրելիներին, բարեկամներին, ընկերներին ուղարկված ուշագրավ բացիկները: