Գրական ընթերցումներ մետրոյի կայարաններում

Գրական ընթերցումներ մետրոյի կայարաններում
Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը, միանալով «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը,  մայիսի 23-25-ը Երեւանի տարբեր անկյուններում կազմակերպում է գրական ընթերցումներ, որի ընթացքում միաժամանակ համատեղվելու են հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը եւ ներկայացման արտասովոր վայրը:



 



Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին, ժամը 16:00-ին՝ Հայաստանում ԵՄ կենտրոնում: Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայարաններում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին, ժամը 13:00-14:00-ն մետրոյի «Բարեկամություն» կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15:00-16:00-ն «Մարշալ Բաղրամյան» կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17:00-18:00-ն մետրոյի «Երիտասարդական» կայարանում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ ժամը 19:00-20:00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի եւ Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի եւ Հովհաննես Ղուկասյանի հայերեն թարգմանությամբ: Իսկ մայիսի 25-ին, ժամը 17:00-ին, արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում, Հյուսիսային պողոտայում՝ Բրիտանական խորհրդի վրանում, կկազմակերպվեն թեյախմություն եւ ընթերցանության ժամ: