Կինոյի նորարարը` Ռուբեն Մամուլյան

Կինոյի նորարարը` Ռուբեն Մամուլյան
Ռուբեն Մամուլյանը ինքն իր մանկության մասին ասել է. «Ես ծնվել եմ 1897 թվականի հոկտեմբերի 8-ին, Թիֆլիսում: Ծնողներս տանը ռուսերեն էին խոսում: Հայրական կողմից տատս ու պապս եւ շատ ազգականներ խոսում էին վրացերեն, իսկ մայրական կողմից տատս ու պապս հայերեն էին խոսում: Մայրս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանուհի էր: Ես հիմա էլ խոսում եմ թե հայերեն, թե վրացերեն»:



 



«Արյուն եւ ավազ» շարժանկարը կինոյի պատմության մեջ առաջին գունավոր լիամետրաժ ֆիլմն է: Հիշեցման կարգով ասենք, որ այս եւ կինոյում մի շարք այլ կարեւոր նորարարությունների հեղինակը մեր հայրենակից, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանն է: Մի շարք ֆիլմերի ու ներկայացումների բեմադրիչն իր ապրած ժամանակներում արժանի տեղ չգտավ ամերիկյան եւ համաշխարհային կինոյում: Նրա մասին, ցավոք, լույս էին տեսնում միայն քննադատական հոդվածներ: Լույս էին տեսնում կինոյի տեղեկագրեր, որոնցում Մամուլյանի անունը բացակայում էր: Լրագրողներից մեկի հարցին, թե որքան ժամանակ է պահանջվել, որպեսզի Մամուլյանը դառնա կինոռեժիսոր, վերջինս պատասխանել է. «Դժվար է ասել: Ես սովորում էի կինոարվեստն ամեն անգամ, երբ կինոթատրոնում ֆիլմ էի դիտում: Իսկ կինոյի արտադրման տեխնիկային տիրապետեցի հինգ շաբաթների ընթացքում, երբ թափառում էի «Աստորիա» կինոթատրոնում` հետեւելով կինոռեժիսորների աշխատանքին եւ հարցեր ուղղելով նրանց: Ես սովորեցի, եթե կարելի է այդպես ասել՝ «զզվելի»-ից, տեսնում էի, թե ինչ չի կարելի անել: Ինչ վերաբերում է դրական կողմին, ստիպված էի վստահել սեփական բնազդիս եւ գեղարվեստական երեւակայությանս: Ամեն դեպքում,  կինոյում գլխավորը ոչ թե տեխնիկան է, այլ կինեմատոգրաֆիստական աչքը»:



 



Լրագրողի ուղղած հաջորդ հարցին, թե «Դուք կինոյում բազմաթիվ նոր աստղեր եք բացահայտել, ո՞րն է այն հիմնական հատկությունը, որ պետք է ունենա աստղը», Մամուլյանը պատասխանել է. «Դերասանական տաղանդն այստեղ բավարար չէ: Աստղը պետք է ունենա մեկ ուրիշ՝ խորհրդավոր հատկություն, որը կարելի է անվանել անհատականություն, մագնիսական ձգողություն եւ այլն:  Դա հանդիսատեսի երեւակայությունը շարժելու ունակությունն է»: