Արշալույս գյուղում քանդեցին գեներալ Մանվելի «Բեռլինի պատը»

Արշալույս գյուղում քանդեցին գեներալ Մանվելի «Բեռլինի պատը»
Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր՝ քանդվում էր «Բեռլինի պատը»: Գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի: Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսեւորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ: Հիշեցնենք, որ գյուղապետն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ: Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել,  փորձեցինք ճշտել  գյուղապետ եւ պատգամավոր եղբայրներից: Պատգամավորը՝ Հրանտ Գրիգորյանը, խոստացավ 10 րոպեից զանգել ու հարցերին պատասխանել, սակայն հեռախոսն անջատեց ու ողջ օրը դարձավ անհասանելի: