Սա գրողի մտահոգություն է

Սա գրողի մտահոգություն է
Երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առիթով մի խումբ արվեստագետների Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով պարգեւատրելու մասին: Պարգեւի արժանացածների թվում էր նաեւ գրող Լեւոն Խեչոյանը:



 



Արցախյան ազատամարտի մասնակից, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր (1999թ.), մի շարք լեզուներով թարգմանված, գրողների ու ընթերցողների շրջանում միշտ բարձր գնահատված տաղանդաշատ հեղինակը պարգեւատրվելու էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բայց կարծես թե մեդալը հասցեատիրոջը չի հասնելու, քանի որ Լեւոն Խեչոյանը հրաժարվել է ստանալ այն:



 



«Հրաժարվելը ճիշտ չի, որովհետեւ դեռ չեն հանձնել, բայց հայտարարել են: Ուղղակի չընդունեցի, այդպես ավելի ճիշտ կլինի ասել: Այո, ի վերջո հրաժարվել եմ՝ կարելի է ասել: Պատճառն այս ահավոր արտագաղթն է, սոցիալական ծանր պայմաններում գտնվող իմ եղբայր ազատամարտիկներն են, որ նստացույց են անում Ազատության հրապարակում: Այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ մեդալ ստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Խեչոյանը:



 



Բայց մեդալը հայրենիքն է տալիս իր այն զավակներին, նրանց, ում արժանի է համարում այդ պարգեւին, արդյոք ճիշտ չէ՞ր լինի ընդունել՝ անկախ երկրում ստեղծված պայմաններից, հասարակության սոցիալական վիճակից եւ մեդալը հանձնողների անձից: «Այդ մեդալը կոչվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», ես էլ, որպես արվեստագետ, մտածում եմ՝ եթե երկրից այսքան մարդ է արտագաղթում, եթե ազատամարտիկներն այսքան ծանր վիճակում են, նաեւ ժողովուրդն է գտնվում սոցիալապես ծանր պայմաններում, ուրեմն ես նույնպես մեղավոր եմ, ուրեմն որպես արվեստագետ՝ իմ խոսքը լավ չեմ ասել, որ այսպես է: Այսքանից հետո ես ի՞նչ իրավունք ունեմ մատուցած ծառայությունների համար մեդալ ստանալ: Հնարավոր է, որ նաեւ ինձնից է գալիս այս ամենը, ուրեմն ես լավ գիրք չեմ գրել, որպեսզի լավ լիներ երկրի վիճակը. ես այդպես եմ մտածում»,- պատճառաբանեց Լեւոն Խեչոյանը: Իսկ հնարավո՞ր է, որ մեդալից հրաժարվելը պայմանավորված լինի քաղաքական հայացքներով կամ իշխանության նկատմամբ վերաբերմունքով, Խեչոյանը հստակեցրեց. «Կապ չունի, թե ումից են կախված այս պայմանները, եթե սոցիալական վիճակն այսօր այսքան ծանր է, ուրեմն մտավորականը նաեւ այսպես է մտածում: Սա գրողի մտահոգություն է, քաղաքացու մտահոգություն է, խղճի մտահոգություն է, ես չեմ կարող ինձ այլ կերպ պահել. ինչ-որ տեղ նաեւ իմ մեղքը կա»:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ