Դորոգոմու տովորիշչու Մարգարյանու

Դորոգոմու տովորիշչու Մարգարյանու
Այն օրից, ինչ հայրս Մոսկվա մեկնեց, տատս էլ չխոսեց: Կանգնում էր դարպասի մոտ, նայում երկար, ինչպես այն օրերին, երբ հայրս մեր փողոցի վրա գտնվող գործարանում էր աշխատում ու ընդմիջումներին տուն էր գալիս:



 



- Այ կնիկ, տուն արի,- բորբոքվում էր պապս, որ առաջնորդ էր ուղից ծուծը ու էդպիսին էլ մնաց մինչեւ կյանքի վերջին օրը:



 



«Այ կնիկը» լռում էր ու սպասում:



 



Սկսել էր չարձագանքել: Բան էիր հարցնում, նայում էր քեզ, անհանգիստ մի շարժում անում ու չէր խոսում: Ամբողջ օրը կամ դարպասի մոտ էր, կամ լուսամուտից դուրս էր նայում: Հայրս իր հետ տարավ տատիս խոսելու կարողությունը:



 



Ուրիշ տարբերակ չկար: Աշխատանքից դուրս էր եկել ու պիտի մեկներ, որ երեք երեխաները, կինն ու ծնողները լուսամուտից դուրս նայելով ուտեին իրենց հացը, բայց չքաղցեին:



 



Զարմանալի արարած էր տատս: Քառասուն տարի մանկավարժությամբ էր զբաղվել ու որոշել էր էլ դպրոց չգնալ, երբ դասերից մեկի ժամանակ մոռացել էր Դոստոեւսկու անունը:



 



Էդպես էլ արեց: Ու էդպես էլ կյանքից հեռացավ տատս՝ անխոս, ցավ չպատճառելով, ինչպես ողջ կյանքում աշխատել էր ոչ ոքի չցավեցնել. այնքան չէր խոսել, այնքան էր անշարժ նստել իր բազկաթոռին, որ դադարել էինք նկատել նրան: Ու էդպես էլ հեռացավ՝ աննկատ ու լուռ, մեզ վարժեցնելով իր բացակայությանը:



 



Պապս նկատեց:



 



- Ռայա ջան,- ասում էր, ու արցունքները ողողում էին այտերը: Մեկ շաբաթ հետո տատիկիս «յոթին» եկած հյուրերը մեր դարպասի առաջ երկրորդ դագաղը տեսան:



 



Ես ժամանակին չողբացի տատիս ու պապիս: Հիմա եմ հասկանում, որ լավ կլիներ ողբացած լինեի, որովհետեւ նրանց մասին հուշերը դառնացնում են կյանքս, ամեն անգամ հիշելիս եմ ողբում: Մարմինս ինձ համար աննկատ՝ սուգս մասերի բաժանեց ու կամաց-կամաց է ինձ տալիս... երեւի որ ...պահպանեմ խոսելու կարողությունս:



 



Լիքը գրադարան թողեց տատս: Դիդրո, Ռուսո, Բոմարշե, Դոստոեւսկի, Դյումայի ռուսերեն թարգմանված բոլոր հատորները... Շա՜տ-շատ: Ավելի հրաշալի գիրք, քան Թեքերեյի «Սնափառության շուկան» է, պատկերացնել չեմ կարող. տատիս գրքերի մեջ եմ գտել: Գրական ճաշակի նման հոյակապ դրսեւորման չեմ հանդիպել ու չեմ էլ հանդիպի. կամ էլ իմ ճաշակն է նրանից արյունով անցել, ու հավանում եմ այն ամենը, ինչ ունի: Անդառնալիորեն սիրահարվեցի Դյումային, ու ոչ մի ուրիշ սեր էդ սերը չկարողացավ ճնշել: Ուրիշ սերերն իրենք իրենց ճնշեցին, Դյումայինը հաղթեց ինքն իրեն:



 



Զուր եմ գրադարաններում հուսահատ ձայնով «Դյումայի որեւէ քիչ հայտնի գիրք» փնտրում: Եթե ռուսերեն կամ հայերեն հրատարակված որեւէ Դյումա տատիս գրադարանում չկա, ուրեմն էդպիսին Դյուման չի էլ գրել: Ինչ իմանար անհոգ ֆրանսիացին, որ Հայաստանի հեռավոր մի անկյունում էսպիսի անհագուրդ պահանջարկ կունենա:



 



Ծեծի ու կտտանքի աշակերտական դարում տատս միակ ուսուցիչն է եղել, որ երբեք երեխայի վրա ձեռք չի բարձրացրել: Սիրել է իր աշակերտներին: Բանակ մեկնած տղաներից նամակները պարկերով է ստացել... «Աշակերտն ինձ պատասխան չի տվել»,- ասում էր տատս հպարտությամբ: Ու եթե գրքերի մեջ ինչ-որ անհայտ բան ես գտնում, բացում ես տիտղոսաթերթն ու վրան գտնում. «Դորոգոմու տովորիշչու Մարգարյանու»: Տատիս գրադարանում շատ են «դորոգոմու»-ները: Ես դրանք չեմ կարդում: Տատս երեւի դրանք էլ կարդացել է:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ