Ազատ խոսքի իրավունք

Ազատ խոսքի իրավունք

Չգիտես ինչու, ակտիվիստների արարքը՝ Մաշտոցի պուրակից այն հեռուստաընկերություններին հեռացնելը, որոնք օբյեկտիվ չեն եւ ակցիաները պատշաճ չեն լուսաբանում, բավականին բուռն արձագանքների արժանացավ: Թեեւ մեզ նախագահի նստավայրից ու պետական կառույցներից բազմիցս արգելել են մասնակցել ու լուսաբանել, բայց այդ փաստերը ոչ մի արձագանքի չեն արժանացել: Աջ ու ձախից մեղադրանքներ հնչեցին ակտիվիստների հասցեին, որոնք «հակադեմոկրատական» վարք են դրսեւորել: Երեկ մեր թռուցկաժողովի մեծ մասն այս հարցին էր նվիրված, եւ «Հրապարակի» խմբագրակազմը բուռն վիճում էր սրա շուրջ՝ կարծիքները տրամագծորեն հակառակ էին. մի մասը կարծում էր, որ ոչ մի պարագայում լրագրողների աշխատանքին խոչընդոտել չի կարելի, մյուսները պաշտպանում էին ակտիվիստներին, ասելով՝ կողմնակալ ու իշխանական կերակրատաշտի շահերը ներկայացնող լրագրողները պետք է պատժվեն: Նախ, սկսենք նրանից, որ պետական պաշտոնյայի, կառույցի եւ շարքային քաղաքացու, հասարակական շարժման միջեւ զուգահեռներ անցկացնել չի կարելի. այն, ինչ թույլատրելի է մարդուն, անթույլատրելի է հարկատուներիս փողերով սնվող անձանց: Այսինքն, քաղաքացին միշտ իրավունք ունի ասելու՝ չեմ ուզում, թույլ չեմ տալիս, պետպաշտոնյան դրա իրավունքը չունի: Ապա ամենակարեւորը. հեռուստաընկերությունները վաղուց ի վեր լրատվամիջոցներ չեն, եւ լրագրողական աշխատանք ասվածն այստեղ ձեւականացվել է, վերածվել ինչ-որ անձանց շահերն արտահայտելու գործառույթի: Եվ վերջապես. ակտիվիստների այդ քայլը թերեւս հենց ազատ խոսքի, լրագրողի ազատ գործելու պաշտպանությանն ուղղված ակցիա էր: Եթե «տելեի» լրագրողն ի վիճակի չէ պայքարել, ապա երիտասարդ ակտիվիստների արարքը գուցե հասկացնի TV-ների ղեկավարությանը, որ ճշմարտության դեմ մեղանչել չի կարելի:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ